Դու խրոխտ զինուոր
Հայոց բանակի,
Խաչակիր ասպետ
Նայիրեան հողի,
Հզօր ես, հպարտ,
Արդար ու արի,
Անպարտ մարտերով
Լեգենդ կենդանի...
Մարտիրոսացար
Սուրբ Աւարայրում,
Դու հերոսացար
Սարդարապատում,
Անյաղթ մնացիր
Արցախեան հողում...
Ու դեռ պիտ կռուես,
Դեռ պիտի յաղթես,
Մեր երազները
Նուիրագործես:
Վաղուայ հաւատը
Սիրտս վիրաւոր է,
մռայլ, մթագնած,
Բաց ծով է ելել
նաւն իմ մոլորուած,
Հողմը փոթորկւում,
յախուռն մոլեգնում,
Խենթ ալիքները
երկինք են հասնում:
Յոգնել եմ արդէն,
ընկճուել, վհատուել,
Յուսաբէկ նաւս
իր ուղին կորցրել,
Փարոս է փնտռում,
աւա՜ղ, չի գտնում,
Փրփուրներից է
սոսկ անզօր կառչում:
Որքան էլ, սակայն,
խաւարն ինձ ճնշի,
Ծովն ալեկոծուի,
շանթը շառաչի,
Գիտեմ գիշերը
պիտի վերջանայ
Ու նոր օր բացուի,
արեւը՝ ցոլայ:
Հաւատում եմ ես
երազ-հրաշքին,
Վաղուան, գալիքին...
Աւիկ Տէյրմէնճեան
Պոսթըն