Դու միայն բա՜ռ ես եղել մեր լեզուին,
Անու՜ն գոյական,
Այլ չես եղել հող, երկինք ու արեւ...
Ու մենք ինչքան էլ մեծ տառապանքով,
Բայց գիտակցութեամբ մեր պանդխտական,
Քեզ արել ենք հող, երկինք ու ար
Մեր անափ սրտում...
Եւ դրանից է իմաստ ստացել
Բառը մեր լեզուին,
Ու գոյականը՝ ոչ թէ լոկ անուն,
Այլ հո՛ղ է դարձել,
Ի՛սկ գոյ է դարձել մեր անափ սրտում,
Դարձել է երկինք
Ու արեւ անշէջ,
Դարձել ձգտումի անսուտ նպատակ,
Դարձել հայրենիք,
Դարձել Հայաստան...
Սփիւռահայի ա՛յդ գիտակցութեամբ
Ու բնազդական մի վարպետութեամբ
Մենք հող ենք դարձրել մեր անափ սրտում
Այն ինչ լոկ բառ էր մեր թլուատ լեզուին.
Երկինք ենք դարձրել, լազուրել անբիծ
Այն ինչ անուն էր աշխարհգրական.
Արեւը ճերմակ դարձրել ենք կեանքի
Զուարթ ջերմութիւն...
Այդպիսով ենք մենք ապրել հայութեամբ,
Մեր անափ սրտում այդպէս ուզելով,
Ու գիտակցաբար հէնց այդ ընտրելով...
Մենք հա՛յ ենք եղել
Երբ հայաստանցի չենք եղել արդէն
Երկար ժամանակ.
Եւ այդ թիւր դեպքում՝
Ո՛չ մեր ընտրութեամբ...
Ու թէ ինչպէս ենք
Չհայաստանցի մենք հայ մնացել,
Պատմութիւն է դա դաժան ու մաշող.
Պատմութիւն է դա անկարողութեան,
Բայց նաեւ անխախտ, մոլի ձգտումի,
Որ թէեւ որբ ենք եղել տեւաբար,
Սակայն հաւատքով, նաեւ համոզմամբ
Ամուր ենք եղել,
Որ ունենք ազգ ու հայրենիքը մեր,
Որ իրականում,
որ առօրեայում,
Թէեւ կորցրած ու տանուլ տուած,
Բայցեւ պահել ենք մեր անափ սրտում,
Հանց առկայծ կրակ,
Ազգային պայծառ մեր գիտակցութեամբ,
Ազգային անմոռ մեր յիշողութեամբ,
Եւ տառապանքով ու հպարտութեամբ,
Որ արեան հետ է մեզ տրուած եղել...
Ու թէ ինչպէս ենք
Չհայաստանցի մենք հայ մնացել,
Պատմութիւն է դա դժգոյն ու մռայլ,
Գուցէեւ չնչին,
Գուցէ աննշան.
Դա մենք արել ենք ինքնեկ բնազդով,
Դա մենք արել ենք պստիկ գործերով
Եւ մեծ գործերով, որ ըստ մեր կարեաց...
Ի՛նչ էլ որ...
Բայց արդ արդիւնքն ենք ահա
Ե՛ւ մեր արածի,
Ե՛ւ մեր զոհածի...
Ո՛ւր էլ եղել ենք,
Ո՛ր էլ առիթով,
Ասել ենք. «Հայ եմ»:
Ու տեղի-տեղի, պարագայաբար,
Դիմաւորուել ենք պատուով սազական,
Շնորհիւ մուծած մեր այն աւանդի,
Վաստակած վարկի,
Որ ու՛ր էլ եղել,
Մեծամասնաբար անուն ենք շահել
Լաւ ու յարգական:
Ու տեղի-տեղի, պարագայաբար,
Եղել է նաեւ,
Որ քմհաճութեամբ, կանխակալ մտքով,
Կամ ըստ օրէնքի
մի զարհուրական,
«Փոքրամասնութիւն» խարան են դրել
Մեր ճակատներին.
Ու տեղի-տեղի
Կատարել նաեւ իրաւազրկում,
Խտիր են դրել,
Եղել հակառակ...
Եւ նման բաներ...
Բայց հայութեամբ ենք մենք փայլել արդար,
Ու արդար գործով վեհ, մարդկայնական,
Հպարտացել ենք հէնց մեր հայութեամբ,
Ունեցել ենք մեր կեցուածքը ազնիւ,
Համարելով այն՝ կեցուածք հայկական:
Ինչքան սահմանել
Ու գիծ են քաշել «փոքրամասնական»,
Այնքան աւելի
Հպարտացել ենք հէնց մեր հայութեամբ.
Ինչքան խտիր են դրել հակառակ,
Հպարտացել ենք հէնց մեր հայութեամբ:
Բայց մեզ չենք կարծել ցածր ուրիշից,
Մեզ չենք համարել գերցեղ, առաւել,
Այլ հաւատացել, վստահ ենք եղել,
Որ թէեւ պանդուխտ,
Նժդեհական ենք այս երկրներում,
Արդարեւ ազգ ենք,
Հանց ուրիշներն են ազգ ու... հաւասար:
Միաժամանակ եղել իրատես
Ու իմացել ենք յարգը ուժեղի,
Ու իմացել ենք, որ օրէնքից ետ
Կայ քմհաճոյքը նաեւ զօրեղի...
Այդ արանքներում
Կշիռ ենք պահել,
որ ըստ մեր կարեաց,
Պահել ենք վարկը
մեր ու մեր ցեղի...
Եւ դա, արդարեւ,
չի՛ եղել դիւրին...
Հասկացել ենք մեր կարելիութեան
Սահմանն ու գիծը,
Ու թոյլ չենք տուել,
որ մեր ճակատին
Քսուի ժխտութեան սեւաթոյր բիծը...
Եւ դա, արդարեւ,
չի՛ եղել դիւրին...
Եւ աշխատել ենք, կանգնել ենք ոտքի,
Կազմել ենք հայի յարկ ու ընտանիք:
Ու՛ր էլ եղել ենք,
Ո՛ր էլ պետութեան մի քաղաքացի,
Տնում ծաղկել ենք որպէս Հայկի զարմ,
Հնչեցրել ենք մեր լեզուն հայասուն,
Կառուցել ենք եւ հայ դպրոց ու ժամ,
Հիմնել ենք մամուլ
ու գիրք ենք տպել,
Հայրէն ենք երգել,
հայ երգն ենք պահել,
Ազգային կեանք ենք ստեղծել, վարել,
Այսպէս թէ այնպէս, բարւոք թէ համեստ:
Ու տեղի-տեղի, պարագայաբար,
Դիմագրաւել ու կուրծք ենք տուել
Խիստ սեղմումների.
Պատահել էլ է՝ որ նեղն ենք ընկել,
Ունեցել կորուստ,
Սակայն բնաւին չենք յուսահատուել:
Պատահել էլ է՝
Որ մեր դպրոցը բռնագրաւել,
Հայոց լեզուն են իսպառ վերացրել
Դասացուցակից,
Բայց, այդուհանդերձ,
Չեն կարողացել խլել մեր բերնից.
Ջանք ու պայքար ենք մղել ու տարել,
Պատուար ենք բեկել,
Սառոյց ենք հալել
Անխոնջ ու անդուլ հետեւողութեան
Համբերող տաքով:
Թէ մի բաներ էլ տուել ենք ձեռքից,
Մի քանի բան էլ ետ ձեռք ենք բերել:
Ու՛ր էլ եղել ենք,
Ո՛ր էլ պետութեան մի քաղաքացի,
Կատարել ենք մեր պարտքը պետական,
Նաեւ ազգային ու մեր սեփական
Պարտքն ենք կատարել...
Ու դա եղել է երկկենցաղ մի կեանք,
Այո, երկկենցաղ...
Բայց մեր տներում ու միջավայրում
Եզակիօրեն մենք հայ ենք ապրել,
Մեզ պահել ենք հայ.
Մեզ հայ պահելով մենք ազգ ենք պահել,
Սփիւռքեան մի ազգ
Բազմաերկրացի,
Երկկենցաղական,
Որ դիւրին չէ, ոչ...
Ազգապահպանման մաքառումի մէջ
Մենք չենք ունեցել հովանաւորող,
Ու մենք չենք եղել հովանաւորեալ.
Դա ազատութեան կամ իրաւունքի
Օրհնութիւն չէ, ոչ...
Հասարակական և ընկերային ինքնօրինութեան
Օրհնութիւն չէ, ոչ...
Դա լքուածութեան,
Անկարեկցութեան ու անոքութեան,
Դաժան որբութեան անէծք է, նզովք...
Ու թափառել ենք երկրից երկիր,
Ու ցւրուել ենք ցամաքամասեր,
Ու դարձել ենք մենք բազմաերկրացի,
Չհայաստանցի հայեր ենք դարձել.
Եւ դա մաղթելի մի կեանք չէ բնաւ:
Չհայաստանցի հայեր ենք դարձել
Ցի՜ր ու ցի՜ր գալով,
Բայց մնացել ենք,
Չհայաստանցի՝
հայ ենք մնացել
Շնորհիւ մեր իսկ դիմացկանութեան,
Որ բխել է մեր գիտակցութիւնից՝
Որ հայ ենք, ու կանք, ու պիտի մնանք.
Որ ժայթքել է մեր խոր զգացումից՝
Որ հայ ենք, ու կանք, ու պիտի մնանք.
Որ կոփուել է մեր սուրբ նպատակով՝
Որ հայ ենք, ու կանք, ու պիտի մնանք.
Որ պիտ ժառանգենք մեր հրիտակը
Այնպէս, ինչպէս որ թողել է Հայկը
Նահապետական.
Ինչպէս կոփել է
Մեծն Տիգրանը
Արտաշէսական.
Ինչպէս՝ տառերով երկաթագրել
Սրբին Մեսրոպը Հացեկացական,
Լոյս Մաշտոցական...
Պիտի ժառանգենք
մեր հրիտակը
Ինքնահաստատման բնեկ կարիքով,
Որ կուտակուել է
Բռնաբարութեան ու կապտումների
Անտրիտուրով.
Մեր թափած արեան, կորցրած դատի
Չհատուցումով...
Ինքնահաստատման բնեկ կարիքը
Շատ է կուտակուել մեր անեզր սրտում,
Հանգոյց է դառել համսփիւռական,
Որ չի կարելի աչքաթող անել...
Ինքնահաստատման բնեկ կարիքը
Հայոց սփիւռքի
Ծաւալուն է խիստ,
Ահիւ ծաւալուն,
Եւ հայրենական աղերսներ ունի,
Որ չի կարելի աչքաթող անել...
Հայրենիքի՛ էլ յանձնա-ռութիւնը, Հայ՛րե՛նի՛քի՛ էլ յանձնառու-թիւնը հարց է ծաւալուն,
Կարի՛ք է նաեւ,
Որ չի կարելի աչքաթող անել...
Հայոց սփիւռքը առաջին հերթին
Հայրենիքից է այդ ակնկալում
Յանձնառութիւնը...
Այլապէս
Էլ ի՞նչ Հայրենիք եւ Սփիւռք,
Այլապէս
Միայն ու միակտուր սփիւռք է, էլի...
Պիտի ժառանգենք մեր հրիտակը,
Որ կտակ է սուրբ
Եւ արիւնական,
Որ այդպիսով է հէնց նուիրական,
Ու կտակ է սուրբ,
Այլ ո՛չ խնդրագիր.
Խնդրագրերը էլ չեն ընթերցւում
Կապկպուկներում համաշխարհային,
Ու միջազգային,
Ու միջպետական,
Անբարոյական...
Թէ խնդրագիր է՝
Սփիւռքն է տալիս,
Բողոքագիր էլ վրան յաւելած...
Բայց ի՛նչ է տալիս հայրենին հայոց,
Դա՛ է ծաւալուն հարցը հիմնական,
Որ սփիւռական հանգոյցի կապն է
Ինքնահաստատման պատմական խորքով...
Արդ, ի՛նչ պիտի տայ հայրենին հայոց,
Երբ խնդրագիրը սփիւռքն է տալիս,
Բողոքագիրն էլ վրան յաւելած
Եւ արդէն նաեւ արիւնով ներկած...
Հայրենին թող տայ
Բնօրինակը
Հայկեան Կտակի...
Հայրենին թող տայ
Բնօրինակը Հայկեան Կտակի...
Այլապէս
Էլ ի՞նչ Հայրենիք եւ Սփիւռք,
Այլապէս
Միայն ու միակտուր սփիւռք է, էլի...
Երբ էլ եղել է,
Ի՛նչ էլ առիթով,
Երբ հարցարան ենք լցրել դիմումի անձնագրային,
Դիցուկ՝ խնդրագիր յանձնելու համար,
Հարցին. «Պետական պատկանելութիւն»,
Ի՛նչ էլ գրել ենք օրէնքին պատշաճ,
Աւելացրել ենք (փակագծի մէջ).
«Հայ եմ ազգութեամբ»:
Մեր արեան կանչը,
Որ հէնց քո՛ արեան կանչն է եղել
Մեր մէջ անթեղուած,
(Փակագծուա՜ծ էլ),
իմա՝ շղթայուած,
Հնչել է հպարտ հայկականութեամբ...
Ու՛ր էլ եղել է,
Ո՛ր էլ առիթով,
Երբ հարցարան ենք լցրել դիմումի,
Դիցուկ՝ մտնելու համալսարան,
Հարցին «Պետական պատկանելութիւն»
Ի՛նչ էլ գրել ենք օրէնքին պատշաճ,
Աւելացրել ենք (փակագծի մէջ)
«Հայ եմ ազգութեամբ»:
Նոյն արեան կանչը,
Որ հէնց քո՛ արեան կանչն է եղել
Մեր մէջ անթեղուած
(Փակագծուած էլ),
իմա՝ շղթայուած,
Հնչել է հպարտ հայկականութեամբ...
(Փակագծուա՜ծ է՜լ)...
Բայց (փակագիծը)՝
Ո՛չ մեր ընտրութեամբ...
Բայց ու՞մ տուչութեամբ,
Մեր հէգ որբութեա՞ն,
Քո անզօրութեա՞ն,
Շահ Աբբասի, կամ թուրքի բռնութեա՞ն...
Ցեղասպանութեա՞ն...
Ցարի քծնութեան...
(Փակագծի մէջ) եւ օրէնքից դու՜րս...
Ինչպե՞ս սահմանենք,
Ի՞նչ պատասխան տանք...
Բայց այ՛ն ինչ որ ե՛նք՝
Իրականութիւն,
Վեր է օրէնքից:
Օրէնքը էշ է
հլու, հնազանդ,
Որ ճիպոտի տակ թեքում է ճամբայ,
Ու թեքուած ճամբան դառնում է օրէնք.
Օրէնքը էշ է
հլու, հպատակ,
Որ վերծանումով փոխում է փալան...
Մեր իրականը
Չունի սահմանում ապօրինական...
Մենք հայ ենք եղել
Մեր գիտակցական ամուր ընտրութեամբ,
Զգացումների վճիտ խորութեամբ,
Նպատակների վսեմ բարձրութեամբ...
Մենք հայ ենք եղել
Երբ հայաստանցի չենք եղել արդէն
Երկա՜ր ժամանակ...
Տասնեւչորս սերունդ...
Երեք հարիւր եւ
Եօթանասուն եւ
Իննը տարիներ...
Ըստ իմ տոհմական ծննդաբանութեան
Իմ նախապապը
Երեւանից է դուրս ելել մի օր,
Հազար վեց հարիւր վեց թուականի
Գարնային մի օր,
Իր նշանածին գտնելու համար,
Որ շուն Շահ Աբբասն էր գաղթեցրած եղել
Ժողովրդի հետ...
Եկել, գտել է Իրանի խորքում,
Նոր Ջուղային մերձ՝
Փերիոյ գաւառի Բոլորան գիւղում,
Ամուսնացել է իր գտածի հետ,
Իր սիրածի հետ...
Ու թէեւ դարեր ու տարիներ են
Գլորուել խառնակ...
Սակայն... ծնուել եմ ես Նոր Ջուղայում,
Տասնչորսերորդ սփիւռքցի սերունդ:
Բայց միշտ ասել ենք
Ու զգացել ենք.
«Հայ եմ ազգութեամբ»...
Եւ գրելու մէջ, հարցարաններում,
Եթէ գրել ենք (փակագծի մէջ),
Օրէնքի ճխտած բռնադատութեամբ,
Բայց յայտարարել ու ծանուցել ենք
Առանց փակագիծ.
Զի գիտակցական մեր ընտրութիւնը,
Եւ զգացական մեր խորութիւնը,
Եւ նպատակի մեր վեհութիւնը
Ա՛նփակագիծ է,
Ու յարկատու չէ ո՛չ մի օրէնքի...
Մեր իրականը
Չունի սահմանում ապօրինական...
Եւ այս բոլորից յետո,
էլ հիմա
Ի՞նչ առհաւատչեայ կարող ենք տալ քեզ...
Այս քանի՜ սերունդ անցել է արդէն...
Երկար ժամանակ...
Խառնիխուռն դարեր...
Այս քանի՜ սերունդ...
Որ պահել ենք մեզ...
Որ պահել ենք քեզ,
Մեր սրտում պահել...
Բայց... մի պահանջ է կուտակուել մեր մէջ,
Մեր գիտակցութեան,
Մեր զգացումի,
Մեր նպատակի
Դարաւոր բերքով...
Ջնջի՛ր մեր դրած փակագծերը
Հարցարաններում,
Եւ ամենայն տեղ, ուր որ դրել ենք
Բռնադատութեամբ,
Ու... նոյնիսկ... նոյնիսկ
Համակերպութեամբ...
Որպէսզի այն ինչ ասում ենք ու ենք,
Գրուածքով էլ ճիշդ նոյնը ծանուցի
Առանց փակագիծ,
Յստակ ու անբիծ:
Եւ այն ինչ բա՜ռ է եղել մեր լեզուին,
Այսքան ժամանակ,
Ու մենք ինչքան էլ մեծ տառապանքով,
Բայց գիտակցութեամբ մեր պանդխտական
Դարձրել ենք հող,
երկիր ու արեւ
Մեր անափ սրտում,
Արա՛,
Որ յորդի, տապալի պատուար,
Ու անցնի սահման,
Մեր անափ սրտից շատրուանի դուրս,
Եւ որպէս անձրեւ գարնան բարիքի
Ողողի մեզ քո սուրբ հայրենութեամբ,
Որ այն ինչ բառ է եղել մեր լեզուին,
Իմաստ ստանայ
Արդէն կենդանի առարկայութեամբ,
Առօրեայ կեանքի վճիտ բերկրութեամբ,
Ու մեզ առնչուի արդէն քո հողով,
Սրբազան հողով,
Եւ քո երկնքի կամարով լազուր,
Ու ծիածանիդ եօթներփ նարօտով
Մեր վրայ դառնայ պաշտպան հայրենի.
Ու արեգակը ջերմացնի սիրտը
Մեր պանդխտական
Արդէն պետական պատկանելութեամբ,
Որպէսզի դառնաս մե՛ր եւս համար
Իրաւ հայրենիք,
Այլ ո՛չ լոկ անու՜ն...
Դառնաս Հայաստան...
Եւ նշանակի՝
Հայը աստ է տանն:
* * *
Գրիշ Դաւթեան
Թէհրան 1985-04-02
Աթէնք 1986-12-19
Գլենդել, Կալիֆորնիա 2012-10-24