Ընկերուհիս իր աղջկան դաստիարակելիս պահանջում էր, որ նա միայն հայերէն բառեր օգտագործի, ուստի բոլոր օտար բառերին, նոյնիսկ եթէ բառերը ռուսերէնով էին, ասում էր «սա թրքերէն բառ է, հայերէ՛ն խօսի»։ Վերջապէս փոքրիկ աղջիկը զարմացաւ. «Մայրի՛կ, ես ո՞րտեղից թրքերէն գիտեմ»։

1. Երեւանը 29 տարով Հռոմից աւելի հին է, այս տարի լրանալու է Երեւանի 2796 տարին, սակայն այսօր քաղաքում չէք գտնի գրեթէ մի շէնք, որը վկայի նրա գոնէ 100 տարուայ գոյութեան մասին. բոլոր հին շէնքերի քարերը համարակալում են եւ տանում անյայտ ուղղութեամբ, հանրութեանը հանդարտեցնելով, թէ իբր «Հին Երեւան» թաղամաս պիտի կառուցեն, բայց եթէ սովետական ժամանակուայ սերունդը ստրկական հոգեբանութիւն ունի եւ չի ընդվզում պետութեան կողմից իրականացուող ինքնավանտալիզմին, ապա այսօր-ւայ երիտասարդութիւնը իրեն ստրուկ չի զգում իր երկրում եւ տէր է կանգնում Երեւանի պատմամշակութային արժէք ունեցող շէնքերին։ Հերթը հասել է քաղաքի կեդրոնում գտնուող Աֆրիկեանների շէնքին։ Քարերը համարակալուած են։ Ո՞ւր են դրանք տանելու... ի՞նչպէս կարող է երկրի կառավարութիւնը այսքան ապազգային լինել։ Աւելի ճիշդ կը լինի ապազգային որոշումներ կայացնող կառավարութեան անդամներին համարակալել եւ ուղարկել անյայտ ուղղութեամբ այս քարերի փոխարէն...։

2. Օրերս ներկայ գտնուեցի Պապաճանեանի անուան երաժշտական քոլէժի (նախկինում՝ ուսումնարանի) երգեցողութեան աւարտական քննութեանը։ Աստուա՛ծ իմ, ի՛նչ ձայներ, ինչպիսի վայելք, մի շրջանաւարտ հէնց հիմա կարող է երգել համաշխարհային բեմերում, սակայն... մենք չունենք արուեստի բիզնեսով զբաղ- ւող մասնագէտներ, իմփրեսարիոներ, օփերային ժանրի գործակալներ, եւ այս շրջանաւարտներից շատերը չեն կարող նոյնիսկ երաժշտանոց ընդունուել եւ շարունակել ուսումը նիւթական խնդիրների պատճառներով։ Ուստի տիպլոմները պարզապէս օժիտի մէջ կը դնեն, լաւագոյն դէպքում ռեստորանում կþերգեն։ «Ես արդէն ինձ աշխատանք եմ գտել, մարքեթոլոգ եմ լինելու սուփերմարքեթում», ասաց ամենագործիմացներից մէկը։ Հազա՛ր ափսոս, եթէ այս ձայները մի քիչ էլ մշակուէին եւ օփերան խաղացանկ ունենար, ապա սովետական աւանդոյթներով կարելի էր վերականգնել օփերային արուեստի նախկին կարգավիճակը։ Բայց...

3. Ես աւելի սարսափելի բան իմացայ. երաժշտական դպրոցներում, որ տեղ ուսումը վճարովի է սովետական շրջանի համեմատ, ծնողները յատուկ վճար են տալիս, որպէսզի զաւակը ազատուի... սոլֆէժի, երգչախմբային եւ երաժշտական գրականութեան դասերից, եւ անցնի միայն մասնագիտութիւն, այսինքն միայն նուագարանի վրայ նուագել սովորի՝ դաշնամուր, ջութակ եւայլն, ուստի այսօր հրաժեշտ ենք տալիս դասական կրթութեանը։

4. «Նոյնիսկ եթէ դու ոչինչ չես անում, դա պիտի լաւ անես», ասում էր ապրելու տաղանդ ունեցող Երեւանի երբեմնի գլխաւոր նկարիչ Պոդպոմոգովը։ Ի՞նչ է նշանակում ոչինչ չանել. ըստ իս հէնց այդ պահերին է ուղեղում արտակարգ մտքեր ծագում։ Ոմանց համար «ոչինչ չանելը» դա ընթերցումն է, ոմանց համար դա տիւանի վրայ պառկել եւ մտածելն է, իսկ ինձ համար, օրինակ, դա կինօդիտումն է, սակայն ուղեղս մի տարօրինակ յատկութիւն ունի, եթէ կինօն վատն է, ապա ուղեղս հրաժարւում է գործելուց եւ արթնանում է միայն լաւ կինոյի դէպքում։

5. Վատ կինօն եւ սերիալները կերակրում են դերասաններին, բայց ոչ հանդիսատեսին։

6. Ընկերուհուս տուն հիւր է գալիս եւ տեսնում է երախային հեռատեսիլի առջեւ նստած անիմացիոն ֆիլմ դիտելիս։ «Լաւութիւն եմ անում», բացատրում է երախան, քանզի մայրը կարգադրել էր չարութիւն չանել, բարի լինել եւ հանգիստ նստել հեռատեսիլի առջեւ։ (Հայաստանում չարաճճի երախային ասում են չար, չարութիւն անող)

7. Ընկերուհիս իր աղջկան դաստիարակելիս պահանջում էր, որ նա միայն հայերէն բառեր օգտագործի, ուստի բոլոր օտար բառերին, նոյնիսկ եթէ բառերը ռուսերէնով էին, ասում էր «սա թրքերէն բառ է, հայերէ՛ն խօսի»։ Վերջապէս փոքրիկ աղջիկը զարմացաւ. «Մայրի՛կ, ես ո՞րտեղից թրքերէն գիտեմ»։

Ծովինար Լոքմակէօզեան