Արցախեան հակամարտութիւնը կարգաւորելու համար գոյութիւն ունի չորս ճանապարհ. առաջին՝ նոր պատերազմ, երկրորդ՝ ներկայ սթաթիւս քուոյի պահպանում եւս տասնամեակներ, երրորդ՝ բանակցուած լուծում եւ չորրորդ՝ խաղաղութեան կամ լուծման պարտադրում:
Ընդհանրապէս, երբ միջազգային ընկերակցութիւնը կամ Արցախի հարցում մասնագիտացած եւ հիմնական միջնորդ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի եռանախագահութիւնը (Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Ֆրանսա) խօսում են լուծման  կամ կարգաւորման մասին, նկատի են ունենում մի փաստաթուղթ, որը ընդունելի կը լինի հակամարտութեան մէջ ներգրաւուած բոլոր կողմերի համար, եւ որի  տակ կը լինի բոլոր կողմերի ստորագրութիւնը: 1994 թուականի մայիսեան անժամկէտ հրադադարի մասին փաստաթղթի տակ կայ երեք ստորագրութիւն՝  Հայաստան (Սերժ Սարգսեան), Լեռնային Ղարաբաղ (Սամուէլ Բաբայեան) եւ Ատրպէյճան (Մամետռաֆի Մամետով):
Քննենք վերոնշեալ բոլոր չորս տարբերակները:
Առաջինը նոր պատերազմի տարբերակն է: Մարդու իրաւունքների, մարդասիրութեան եւ բազմաթիւ այլ տեսանկիւններից նոր պատերազմը, որը հետեւողականօրէն քարոզում է Ատրպէյճանը, լուծում չէ: Սակայն դա չի նշանակում, որ պատերազմով հարցեր չեն լուծում: Աւելի՛ն. շատ հարցեր լուծւում են հէնց պատերազմով: Երբ հակամարտութեան մէջ ներքաշուած կողմերը, առաջին  հերթին՝ Ատրպէյճանը, խօսում են նոր պատերազմի մասին, ապա պէտք է գիտակցեն, որ նոր պատերազմը կարող է բերել նոր սթաթիւս-քուոյի: Այստեղ մի կողմ թողնենք, թէ ինչ աւէր ու տառապանք կը բերի պատերազմը հայ եւ ատրպէյճանցի ժողովուրդներին: Բայց երբ խօսք է բացւում նոր պատերազմի մասին, ապա պէտք է գիտակցել, որ նոր սթաթիւս-քուոն կարող է լինել անկանխատեսելի: Ներկայացընենք երեք հաւանական տարբերակ: Առաջին, Ատրպէյճանը սկսում է նոր պատերազմ, սակայն դրանից որեւէ փոփոխութեան չեն ենթարկւում ո՛չ Հայաստան-Ատրպէյճան սահմանները եւ ո՛չ էլ Արցախ-Ատրպէյճան սահմանները կամ, ինչպէս ընդունուած է ասել միջազգային բառապաշարով, շփման գիծը: Այսինքն նոր պատերազմը չի փոխում ներկայ սթաթիւս-քուոն եւ միայն կողմերը կրում են աւերածութիւններ, տալիս հազարաւոր զոհեր ու վիրաւորներ:
Երկրորդ, նոր պատերազմում Ատրպէյճանը պարտւում է, կորցնում նորանոր տարածքներ: Օրինակ, արցախեան զինուժը գրոհով վերցնում է Կուր-Արաքսեան միջագետքը, այսպիսով՝ կիսում Ատրպէյճանը: Եթէ 1994-ի Մայիսին Ռուսաստանը պատերազմող կողմերին հրադադար չպարտադրէր, ապա մեծ էր հաւանականութիւնը, որ արցախեան ուժերը գրոհներով կը վերցնէին նոր շրջաններ եւ որպէս շփման գիծ՝ Արցախի ու Ատրպէյճանի միջեւ կը լինէին Կուր եւ Արաքս գետերը: Բայց կայ նաեւ նոր պատերազմի երրորդ տարբերակը՝ Ա- տըրպէյճանը պատերազմում գրաւում է ոչ միայն Արցախը, այլ նաեւ՝  Զանգեզուրը, այսպիսով, փանթուրքական երազանքը դառնում է իրականութիւն: Ահա այս անկանխատեսելիութիւնն  է նաեւ, որ հակամարտութեան կողմերին, առաջին հերթին՝ Ատրպէյճանին, յետ է պահում եւ պէտք է յետ պահի նոր պատերազմի գայթակղութիւնից:
Արցախեան հակամարտութեան լուծման երկրորդ ճանապարհը ներկայ սթաթիւս քուոյի պահպանումն է եւս տասնամեակներ: Մի կողմ թողնելով, թէ ում համար է աշխատում ժամանակը, պէտք է նկատենք, որ եթէ ներկայ սթաթիւս քուոն բացարձակապէս անընդունելի է Ատրպէյճանի համար, ապա լայն հաշուով այն ընդունելի է Հայաստանի եւ յատկապէս՝ Արցախի համար: Ի հարկէ, պէտք է հաշուի առնել, որ այս սթաթիւս քուոյի պայմաններում Հայաստանը եւ Արցախը  շարունակում են մնալ շրջափակման պայմաններում, դուրս մնում տարածաշրջանային տնտեսական խոշոր ծրագրերից, աւելի մեծ կախուածութեան մէջ ընկնում Ռուսաստանից, հայ-ատրպէյճանական սահմանների վրայ դիպուկահարների կրակոցներից սպանւում են երիտասարդ տղաներ, սահմանամերձ գիւղի հայ հողագործը չի կարողանում հող մշակել, քանի որ կրակում են, նաեւ այդ պատճառով մարդիկ արտագաղթում են եւ այլն:
Եթէ արդէն աւելի քան 20 տարի սթաթիւս քուոն պահպանուել է, ապա պէտք չէ բացառել, որ այն կարող է պահպանուել եւս 20 կամ 50 տարի: Ի վերջոյ, սակայն, ներկայ սթաթիւս քուոն անընդունելի է լինելու Ատրպէյճանի համար եւ պաշտօնական Պաքուն շարունակելու է սպառազինուել, կրակել ու գուցէ նաեւ՝ նոր պատերազմ սկսել, որի հաւանական երեք տարբերակների մասին խօսեցինք վերեւում:
Արցախեան հակամարտութեան լուծման երրորդ ճանապարհը բանակցուած լուծումն է, այն է՝ ներգրաւուած կողմերը սեղանի շուրջ գալիս են ընդհանուր յայտարարի, ստորագրում փաստաթուղթ եւ դրանում ամրագրուած կէտերը կեանքի կոչում: Սա  լինելու է ցաւալի լուծում, քանի որ եթէ Պաքուն համաձայնուի ճանաչել Արցախի անկախութիւնը կամ նրա ինքնորոշման իրաւունքը, ապա դրա դիմաց պահանջելու է, որպէսզի Երեւանն ու Ստեփանակերտը զօրքերը դուրս բերեն այն շրջաններից (բացառութեամբ՝  Հայաստանն ու Արցախը միմեանց կապող միջանցքը), որոնք միջազգայնօրէն անուանւում են գրաւեալ, իսկ հայութեան բառապաշարով՝ ազատագրուած: Ի դէպ, Հայաստանի բոլոր երեք նախագահների եւ նրանց արտաքին գործերի նախարարների ժամանակ բանակցուել է հէնց նման տարբերակ, այն է՝ կարգավիճակի դիմաց տարածքներ: Բացէք 1997-ի փաթեթային եւ փուլային, 1998-ի ընդհանուր պետութիւն, 2001-ի Քի Ուսթի եւ վերջին՝ Մատրիտեան կամ Նորացուած Մատրիտեան կոչուող փաստաթղթերը եւ կը համոզուէք դրանում:
Կայ նաեւ կարգաւորման չորրորդ ճանապարհը, որը մօտ է երրորդին: Դա այն տարբերակն է, երբ միջազգային հանրութիւնը՝ ի դէմս Ռուսաստանի, Միացեալ Նահանգների ու Ֆրանսայի, ներգրաւուած կողմերին նստեցնում է բանակցային սեղանի շուրջ եւ պարտադրում փոխզիջումային որեւէ տարբերակ: Խաղաղութեան պարտադրման օրինակներ հա- մաշխարհային պատմութեան մէջ բազմաթիւ են: Այսօր, անկասկած, դժուար է պատկերացնել, որ Մոսկուան, Փարիզը եւ Ուաշինկթընը խաղաղութիւն կը պարտադրեն Արցախի հարցում՝ հաշուի առնելով բազմաթիւ իրողութիւններ, առաջին հերթին՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առկայ լարուածութիւնն ու փոխադարձ անվստահութիւնը: Բայց եթէ պատկերացնենք, որ այնուամենայնիւ           միջազգային հանրութիւնը լուծում է պարտադրում, ապա այդ լուծումը հաւանաբար կը լինի այն տարբերակներից մէկը, որոնց շուրջ բանակցել են հայերն ու ա-տըրպէյճանցիները՝ սկսած 1994-ի հրադադարից:
Այսօր ստեղծուել է մի իրադրութիւն, երբ վերոնշեալ չորս ճանապարհներից երեքը, բացի սթաթիւս քուոյի պահպանումը, իրատեսական չեն: Խաղաղութեան համար անհրաժեշտ առաջին պայմանը միջավայրն է: Քանի դեռ շարունակւում է պատերազմի հռետորաբանութիւնն ու ատելութեան քարոզչութիւնը, կարգաւորման որեւէ տարբերակ ընդունելի չի լինելու: Եթէ հակամարտութեան կողմերը իրականում ուզում են յարատեւ խաղաղութիւն, լարուածութեան թուլացում, սպառազինութիւնների մրցավազքի դադարեցում, ապա նախ պէտք է վերջ տան պատերազմական հռետորաբանութեանը: Այն ժամանակ, երբ կողմերը կը սկսեն խօսել խաղաղութեան անհրաժեշտութիւնից եւ խաղաղութիւն քարոզեն, ահա դրանից յետոյ միայն հաւանական է ակնկալել փոխզիջումային լուծում: Բայց դրա համար պէտք է տարիների քրտնաջան աշխատանք, ինչը չկայ ու չի եղել:
Արցախեան հակամարտութեան փոխզիջումային լուծման համար անհրաժեշտ են երեք գործօնների միաժամանակեայ ներկայութիւն: Առաջին՝  հասարակութիւնները պէտք է պատրաստ լինեն խաղաղութեան, երկրորդ. Հայաստանի, Արցախի եւ Ատրպէյճանի իշխող վերնախաւերը պէտք է պատրաստ լինեն խաղաղութեան, ինչն առաջին հերթին նշանակում է քաղաքական խիզախութիւն, որովհետեւ փոխզիջում նշանակում է ցաւ եւ իշխանութիւնը կորցնելու լրջագոյն վտանգ. երրորդ՝ միջազգային հանրութիւնը, ներգրաւուելուց բացի, պէտք է պատրաստ լինի օժանդակելու խաղաղութեան պահպանմանն ու յարատեւմանը, ներդրումներ կատարի տարածաշրջանում:
Ինչպէս տեսնում ենք, արցախեան հակամարտութիւնը կարգաւորելու այսօրուայ հնարաւորութիւնները սահմանափակ են: Հետեւաբար Միացեալ Նահանգների կամ արեւմտեան այլ տէրութիւնների նախազգուշացումները, թէ այսօրուայ սթաթիւս քուոն խիստ վտանգաւոր է, որ հայերը պէտք է տարածքներ զիջեն, հիմնաւորուած չեն: Հակառակը, այսօրուայ միջազգային ստեղծուած պայմաններում եթէ հայերը հող զիջեն, ապա դա կարող է ոչ թէ մօտեցնել խաղաղութեանը, այլ պատերազմին:
Հող զիջելը եւս պէտք է լինի տրամաբանուած ու արդարացուած: Հող ե՞նք զիջում մի երկրի ու մի նախագահի, ով ամէն օր սպառնում է նոր պատերազմով, ատրպէյճանական դրօշի ծածանում Շուշիի եւ Ստեփանակերտի վրայ: Հող ե՞նք զիջում մի երկրի, որը այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւնը համարում է Արեւմտեան Ատրպէյճան, իսկ Երեւանը՝ ատրպէյճանական քաղաք:
Այսօր հող զիջելու վատագոյն ժամանակն է:

«Ազդակ»
ԹԱԹՈՒԼ  ՅԱԿՈԲԵԱՆ