Հեզութեամբ կամ ըմբոստութեամբ,
Ես չգիտեմ որո՞վ ես դու պճնուած,
Բայց պաճոյճդ գերում է ինձ անկասկած:

Մեղմագոյն եւ մեղրագունակ
Դէմքդ իմ մէջ յարուցում է
Ցանկութիւններ փափկասէր,
Եւ հաւատքի ու սիրոյ
Մաքրամաքուր ցանկութիւններ,
Որ հասնում են ծոցիդ յստակ տաքութեանը
Ու ջերմին,
Ոգուդ առաքինութեանը
Ու կանացի սեթեւեթիդ պերճագին:

Արծարծուն են երկնի կայծուտ աստղունքը,
Ցոլացումը հուր աչքերիդ իմաստի
Եւ հայեացքիդ խոհեմութեան
Ճիշդ պատճէնը դրուագուած...

Նայուածքներդ են
Տարտղնուած մօտ ու հեռու,
Որ այնպէս մերձ են հոգուս,
Եւ ուզածիս
Ու սրտիս:

Խօսուածքդ միշտ ուղղուած է ուղեղիս,
Որ բեռնաւոր խոհերովս է ծանրակիր,
Ինչպէս ծառը մեծասաղարտ
Ամառային տերեւուտի կանաչով.
Եւ բառերդ կրում են
Թեթեւութիւնը հովի,
Կամ բզզոցը մեղրամեղուի,
Հռնդիւնը ծովայոյզ գոռ ալիքի,
Նայած թէ
Սրտիդ ո՞ր լարն է հնչում,
Սիրոյ՞ քնքուշ,
Թէ կարիքի՞ անողոք,
Թէ բողոքի՞, ըմբոստութեա՞ն հուրբորբոք...

Բայց ափը, որ ես եմ ժեռ,
Ծանօթ է խօլ բախումներին ալիքի,
Ու ժիր մեղուն ճանաչում է իր ծաղկին,
Տերեւին էլ հարազատ է հովը զով...

Ընծայումս միշտ լինում է
Ակօսներիդ բերրիութեան հաւատքով,
Յուռթիութեան յուռութքով
Սուրբ, անվարան,
Մատուցումի շքեղագոյն ծէսերով,
Եւ թանկագին,
Որպէս ազնիւ արմաղան:

Ո՞վ է կանչում
Հեռուների տամկութեան բիլ մշուշում.
Ո՞վ է դրել այս կարօտը այսքան խոր
Սրտիս տոչոր արեւկողում
Որպէս յորդոր,
Որ ես ձգտեմ
Առ քո գիրկը սիրաթոր,
Փարուելու քեզ,
Նուիրուելու քաղցրութեանդ փառաւոր...

Ո՜վ հայուհի,
Իմ սէրերի վեհագոյն,
Որ անցեալի մեր բազում
Փորձառութեան և բռնութեան
Ոստայններից ձերբազատ՝
Բեւեռուել ես իմ սրտում.
Օրերը բարկ ու հապշտապ,
Ժամանակը վեհերոտ է ու անկամորթ,
Եւ իղձերս վրնջում են,
Որպէս կամքիս փրփրաբաշ նժոյգը...

Հայրենական տենդերիս հետ
Սիրտս կրում է և՛ քեզ,
Որ յաղթութեան բոսոր ժամին
Ոսկեթասս լինես հզօր մաղթանքիս.
Լինես ոգիս լուսաւորող արեւը
Գոհարական փայլերով.
Լինես արտը իմ բերքաւոր կարօտի,
Ցորենահասկ ոսկեքունով լիառատ.
Ու լինե՜ս,
Լինես կտորն իմ սրտի,
Որ ըմպում է նոյն երակից արիւնը տաք,
Որպէս սիրոյ ու յուզումի,
Ցանկութեան ու նուիրումի թանձր գինի,
Եւ սուրբ սէրը հայրենիքի,
Առհաւատչեան իբր անխախտ
Մեր ապրելու, բազմանալու, պայքարելու
Ու յաղթելու վեհ ուխտի...

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ