Սփիւռային ովկիանում ալիքն է ծփում,
Շլացնում է աչք ու սիրտ, երազով գերում,
Ալիքը բիւր բարիքի և առատութեան,
Ապրելու և վայելքի, կենցաղի փարթամ։

Եւրոպան իր պչրանքով ու գեղեցկութեամբ,
Արկածներով սիրային, հարբեցողութեամբ,
Ապահով ու գոհ կեանքի ճշդուած ընթացքով,
Ընկերային բարքերի գունեղ դրուածքով։

Ամերիկան իր յուռթի վատնումով շռայլ,
Դոլարի թանկ արժէքով, պերճանքով զմայլ,
Տարողունակ ու փափուկ, լուքս աւտոներով,
Ու գողութեամբ, ոճիրով, սպանութիւնով։

Միջարեւելքը խախտուած իր խաղաղութեամբ,
Դրամական յորդումով, արնահեղութեամբ,
Համայնքային կազմակերպ կեանքով ու կարգով,
Որ, աւաղ, այժմ փլում է ձիգ հոգեվարքով...

Սփիւռային ովկիանում հոսք է նոր գաղթի,
Էժան արիւն սպիտակ՝ սպիտակ ջարդի,
Որ կարծես չի գիտակցւում, ոչ էլ խնամւում,
Հայրենի թոյլ ձեռքը չի հովանաւորում։

Ու ցրիւ է գալիս այս ցրուած սփիւռքը,
Ինչ ցրիւ էր, վերստին ցրում է բուքը,
Խորտակւում է նաւակը սփիւռքահայի,
Բայց ոչ ինքն է կարեկից, ոչ՝ տէրն հայրենի...

Ով ժողովուրդ իմ հայոց, իմ հին տառապանք,
Սերունդներին ներշնչող հայկեան հաւատամք,
Իմ որբ սիրտը տալիս եմ քո սուրբ պայքարին,
Եւ այն ինչ որ կարող եմ դնել նժարին։

Նպատակդ գերագոյն վեհ է ու սրբեղ,
Մի՛ տատանուիր սփիւռքի ովկիանում ահեղ,
Եւրոպայի պչրանքով դու մի՛ շլացիր,
Ամերիկեան խոստումով մի՛ այլասերուիր։

Անգութ չէ ողջ աշխարհքը, բայց ամէն մէկը
Փոթորկածին այս ժամում կանգնում է տէրը
Ի՛ր ազգային, հայրենի ի՛ր ունեցուածքին...

Մենք էլ մերի՛ն տէր կանգնենք, մե՛ր ժառանգածին։

Մենք էլ մերի՛ն տէ՛ր կանգնենք, հայկեան հրիտակ,
Պայազատը թորգոմեան... աւանդ, ազգուտակ...

Նպատակին ազգային, սուրբ Արարատին,
Ու գալիքը կառուցող Մայր Հայրենիքին։

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ