ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ   

Ս.թ. Սեպտեմբերի 1-ին պաշտօնական այցով Յունաստան է ժամանել ՀՀ Զինուած Ուժերի Գլխաւոր Շտապի պետ, գեներալ-գնդապետ Եուրի Գրիգորի

Խաչատուրովը, ուղեկցութեամբ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան աւագ սպաների:
Այցի սկզբում համապատասխան զինուորական պատիւներով ծաղկեպսակ է զետեղուել կեդրոնական Սինտաղմա հրապարակում՝  Անյայտ զինուորի դամբանին, ապա յունական ԶՈՒ պատուոյ պահակախմբի եւ զինուորական նուագախմբի կողմից կատարուել են երկու երկրների պետական օրհներգները:
Միեւնոյն զինուորական պատիւներով գեն. Խաչատուրովն ընդունուել է Ազգային պաշտպանութեան նախարարութիւնում, ուր կայացել է զինուորական տողանցք, ի պատիւ  բարձրաստիճան հիւրի՝ բարձրացուել է հայկական եռագոյնը:
Այցի ընթացքում առանձնակի հանդիպում է կայացել Ազգային պաշտպանութեան ալտերնատ-նախարար Ֆոթինի Ենիմաթայի հետ (ԱՊ նախարար Աւրամոփուլոսը գտնուել է արտերկրում), քննարկուել են հայ-յունական ռազմական համագործակցութեան ներկայ  ընթացքը եւ զարգացման հեռանկարները:
Հայկական կողմից ամփոփ ներկայացուել է իրադրութիւնը տարածաշրջանում, մանաւանդ, հակառակորդի հետ շփման գծում տեղի ունեցած վերջին դէպքերի կապակցութեամբ, շեշտել ՀՀ ԶՈՒ գերակայ դիրքը դրանցից յետոյ: Տիկին Ենիմաթայի կողմից հաւաստիացուել է, թէ կÿարուի ամենայն հնարաւորը երկկողմ ռազմական համագործակցութեան ծաւալների պահպանման եւ  շարունակական զարգացման համար: Հանդիպման վերջում կայացել է պատուոյ յուշատախտակների փոխանակում:
Առաւել մանրամասն ռազմական համագործակցութեան հարցերը քննարկուել են ԱՊ Գլխաւոր Շտապի պետ, գեներալ Միխայիլ Գոսթարաքոսի հետ կայացած հանդիպումների ընթացքում, ապա նաեւ  ԱՊ ԳՇ-ում յունական ԶՈՒ բարձրագոյն հրամկազմի հետ ընդլայնուած նիստում: Երկու կողմերն էլ ընդգծել են, թէ ռազմական համագործակցութիւնը շարունակում է մնալ հայ-յունական ռազմաքաղաքական համագործակցութեան առանցքային բաղադրիչը: Նշուել է, թէ ընթացիկ տարուայ համագործակցութեան ծրագրով նախատեսուած միջոցառումների 70%-ն արդէն իրականացուել է, մնացեալի համար արդէն նախանշուել են տարեվերջին իրականացման ժամկէտները: Համաձայնեցուել են 2015 թ. ռազմական համագործակցութեան ծրագրով առկայ  երկկողմ առաջարկները, մասնաւորապէս, ռազմական կրթութեան, սպաների պատրաստութեան ու վերապատրաստութեան, ռազմատեխնիկական համագործակցութեան ոլորտներում:
Գեն. Խաչատուրովի կողմից առանձնայատուկ շնորհակալութիւն է յայտնուել յունական կողմին մօտ երկու տասնամեակ ՀՀ Զինուած Ուժերին ցուցաբերած անհատոյց եւ  անշահախնդիր բազմատեսակ օժանդակութեան համար՝ այն որակելով որպէս երկու ժողովուրդների եղբայրակցութեան լաւագոյն օրինակ: Գեն. Գոսթարաքոսն իր հերթին հաւաստիացրել է, թէ հայ-յունական ռազմական համագործակցութիւնը փոխադարձ անհրաժեշտութիւն է ներկայացնում երկու կողմերի համար, ըստ այդմ, իրականացուելու է ամենայն հնարաւորը դրա բարձր մակարդակի պահպանման նպատակով: Մասնաւորապէս, գալիք տարում շարունակուելու է ՀՀ ԶՈՒ սպայակազմի պատրաստութիւնն յունական բոլոր ռազմաուսումնական հաստատութիւններում, համաձայն յունական բանակում գործող չափանիշների:
Հանդիպման արդիւնքում կայացել են մի շարք փոխ շահաւէտ պայմանաւորուածութիւններ, որոնց իրականացումը նախատեսուած է սկսել գալիք 2015թ.-ից: Ընդսմին, նիստի վերջում գեն. Խաչատուրովի կողմից պաշտօնական հրաւէրք է ուղղուել պաշտօնակցին՝ գեն. Գոսթարաքոսին, 2015թ. ընթացքում ՀՀ այցելութեան համար:
Օրուայ վերջում Յունաստանի ԱՊ ԳՇ պետի կողմից տրուել է  յատուկ ընթրիք՝  ի պատիւ  պաշտօնակցի: Կայացել է պատուոյ յուշատախտակների եւ  անձնական նուէրների փոխանակում:
Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պատուիրակութիւնն եղել է Խալքիտայում տեղակայուած Հետեւակի դպրոցում, ուր ընդունուել է Ցամաքային Զօրքերի հրամանատարութեան եւ դպրոցի պետ, գեներալ-մայոր Տիմիթրիոս Միտտասի կողմից: Կայացել է շրջայց դպրոցի տարածքում, պատուիրակութիւնն այցելել է վարժական լսարաններ, գեն. Խաչատուրովը կատարել է գրառում պատուոյ հիւրերի մատեանում: Պատուիրակութիւնը ներկայ է գտնուել մի շարք վարժանքների, այդ թւում՝ նաեւ տեղում ուսումնառութիւն անցնող ՀՀ ԶՈՒ ունկնդիր սպաների մասնակցութեամբ: Կայացած քննարկումների ընթացքում յունական կողմն հաւաստել է առկայ միանշանակ պատրաստակամութիւնը՝ իւրաքանչիւր տարի ՑԶ «Էվելփիտոն» ռազմական ակադեմիայի շրջանաւարտ ՀՀ ԶՈՒ նորընծայ սպաների վերապատրաստութեան կազմակերպման համար:
Առանձնայատուկ հանդիպում է կայացել տեղում ուսումնառութիւն անցնող ՀՀ ԶՈՒ ունկնդիր սպաների 6 հոգանոց խմբի հետ, ապա ՑԶ ԳՇ կողմից ճաշկերոյթ է կազմակերպուել ի պատիւ հիւրերի:
Պատուիրակութիւնն այցելել է նաեւ հնագիտական վայրեր:
Յունական ռազմական լրատուամիջոցներով արդէն իսկ լաւագոյնս լուսաբանուել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի այցն Յունաստան, անդրադարձներ են կատարուել հայ-յունական ռազմական համագործակցութեանը:
04.09.2014թ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պատուիրակութիւնը վերադարձել է հայրենիք:

 

Յունաստանում եւ Կիպրոսում
ՀՀ ռազմական կցորդութիւն