Անցած դարավերջին Վրաստանի մայրաքաղաքին մէջ գործող երկու տասնեակ հայկական դպրոցներէն այսօր մնացած են երկուքը՝ թիւ 104 եւ 95 հայկական միջնակարգ դպրոցները:
Վեց այլ ռուսական դպրոցներու մէջ եւս կը գործեն հայկական բաժանմունքներ, ուր սակայն ուսանող աշակերտներու թիւը չափազանց փոքր է:
«Հետք» հետազօտական կայքէջը կը հրա-պարակէ ուսուցչուհիներու տեսակէտը, թէ «Հայկական դպրոցները փակուել են այն պատճառով, որ աշակերտներ չեն ունեցել: Շատ հայեր մեխանիկաբար, ինչպէս սովետական կարգերի օրոք, ձգտում են իրենց երեխաներին ռուսական դպրոցներ տանել: Ցաւոք, հայերի ռուսիֆիկացումն այսօր էլ շարունակւում է: Թէեւ անցած տարուանից որոշ միտում կայ երեխաներին վրացական դպրոց տանել, բայց նման դէպքերը շատ քիչ, չնչին թիւ են կազմում: Թիֆլիսի ռուսական դպրոց- ներում եւ՛ ուսուցիչների, եւ՛ աշակերտների մեծամասնութիւնը հայեր են»,- կ'ըսէ թիւ 104 դպրոցի հայ տնօրէն Կարինէ Մանուկեանը:
Աշակերտներու թիւը Թիֆլիսի մէջ լաւագոյնը համարուող այս դպրոցին մէջ անգամ սկսած է նուազիլ: Այս տարի դպրոցը ընդունեց 13 առաջին դասարանցի, իսկ աշակերտներու ընդհանուր թիւը 153 է: Մօտ 100 աշակերտ ալ ունի թիւ 95 հայկական դպրոցը: Իսկ Թիֆլիսի մէջ կը բնակի 82.500 հայ:
«Ծնողներն այլեւս նախապատուութիւն չեն տալիս հայկական դպրոցներին, քանի որ Վրաստանում պետական քննութիւններն անցկացւում են միայն վրացերէն լեզուով, եւ բնական է, որ հայկական դպրոց աւարտած երեխայի վրացերէն լեզուի իմացութիւնը բաւարար չէ, իսկ ուսումը Երեւանում շարունակելու համար ֆինանսական մեծ դժուարութիւններ են առաջանում»,-կ'ըսէ թիւ 104 դպրոցի ուսուսցչուհի Կարինէ Յովհաննիսեանը:
2004-ին 104 դպրոցը ունեցած է 5 շրջանաւարտներ, 2005-ին՝ 2, 2006-ին՝ 3, որոնք մեկնեցան Հայաստան՝ բարձրագոյն կրթութիւն ստանալու:
Դպրոցի տնօրէնը, սակայն, վրացերէնով քննութիւնները խոչընդոտ չի համարեր ԲՈՒՀ (համալսարան) ընդունուելու համար. «Ես վստահ կարող եմ ասել, որ հայկական դպրոցների երեխաներն աւելի լաւ են տիրապետում վը- րացերէնին, քան ռուսական դպրոցների աշակերտները: Առաջին դասարանից սկսած վրաց լեզու եւ գրականութիւն ենք ուսուցանում, մնացած առարկաները հայերէն են»: «Մեր աշակերտները վրաց գրող Բարաթաշվիլու թանգարանում վրացերէնով միջոցառումներ են կազմակերպել, ելոյթներ են ունեցել, եւ ոչ մէկը գլխի չի ընկել, որ հայ երեխաներ են»,- նկատել կուտայ 104-րդ դպրոցի գրադարանավարուհի Օֆելիա Ներսեսովան, որ աւարտած է այս նոյն դպրոցը եւ արդէն յիսուն տարի է որ հոս կÿաշխատի:
«Ես գնում եմ, ծնողների հետ խօսում եմ, համոզում եմ, որ երեխաներին բերեն հայկական դպրոց, ասում են՝ ա՛յ տիկին Օֆիկ, քեզ յարգելով որ բերենք, աւարտելուց յետոյ երեխան ո՞ւր պիտի երթայ սովորելու, մի տեղ կար՝ Օրբելիանու անուան մանկավարժական համալսարանի հայ-վրացական բանասիրութեան բաժինը, էն էլ 10 ուսանողից աւելի չեն ընդունում: Տիփլոմում էլ գրում են՝ վրաց լեզուի եւ գրականութեան ուսուցիչ»,- հայ ծնողներու պատճառաբանու- թիւնները կը ներկայացնէ Վրաստանի լաւագոյն գրադարանավարուհի ճանչցուած Օֆելիա Ներսեսովան:
«Լաւ կը լինէր, իհարկէ , որ իմ երեխային վրացական դպրոց տանէի, որովհետեւ Վրաստանում ենք ապրում, բայց բերել եմ ռուսական, որովհետեւ, հնարաւոր է, այստեղից մեկնենք: Բացի այդ, ռուսական ծրագիրը միշտ աւելի ուժեղ է, վրացերէն այսպէս թե այնպէս սովորում են՝ Թբիլիսիում ապրելով, յետոյ այս դպրոցում հումանիտար որոշ առարկաներ՝ պատմութիւնն օրինակ, վրացերէն է»,- իր ընտրութիւնը հիմնաւորելու համար կը բացատրէ երիտասարդ մայր Լիանան, որու տղան այս տարի առաջին դասարան յաճախեց թիւ 98 ռուսական դպրոցին մէջ:
«Ես շատ պայքարեցի, բայց իմ աղջիկն ու փեսան, ի վերջոյ, ռուսական դպրոց տարան թոռնիկիս»,- կÿըսէ 104-րդ դպրոցի նախկին ուսուցիչ Եուրա Ֆահրադեանը:
Թիւ 98 դպրոցը կը գործէ 70-ական թուականներէն. կը գտնուի Հաւլաբար: Հինգ տնօրէններէն 4-ը հայեր են, իսկ 2001 թուականէն դպրոցը կը կրէ Սայաթ-Նովայի անունը (դպրոցի 3-րդ տնօրէն Աւոյանը դիմում ներկայացուցած էր Վրաստանի Կրթության նախարարութեանը անուանակոչման խնդրանքով): Թիւ 98 դպրոցը նորակառոյց, երկու մասնաշէնքով, հրաշալի խաղադաշտով մեծ, գեղեցիկ շինութիւն է: «Միակ տեղը, որտեղ երեխաները հայերէն խօսելու եւ հայկական մշակոյթին ծանօթանալու հնարաւորութիւն ունեն, դպրոցն է: Շրջապատում, աշխատավայրում, անգամ տանը արդէն վրացերէն են խօսում: Դպրոց որ չլինի, ամէն ինչ կը մահանայ, նոյնպէս՝ համայնքը», կ'ըսէ ուսուցիչ Ֆահրադեանը: