Սերժը Երեւանում էր: Ցանկութիւն առաջացաւ հանդիպել-զրուցել իր նոր, բայց արդէն իսկ բուռն քննարկումների թեմա դարձած նախագծից՝ նուիրուած Սերգէյ Փարաջանովին:
Առաջին անգամ Աւետիքեանը նախագծի մասին խօսեց Երեւանում՝ անցած տարուայ ամռանը՝ Ոսկէ Ծիրան կինոփառատօնի ժամանակ… Այժմ էլ Երեւանում էր՝ նոյն նախագծի առիթով՝ արդէն կոնկրետ պայմանաւորուածութիւններ ձեռք բերելու՝ Ազգային կինոկենտրոնի եւ Մշակոյթի նախարարութեան հետ:
Պայմանաւորուեցինք հանդիպել քաղաքի կենտրոնում: Հանդիպման վայրում… ուրիշ Սերժ էր՝ կերպարանափոխուած. թիկունքով դէպի մեզ կանգնած սեւազգեստ տղամարդը անասելի տպաւորութիւն գործեց, երբ թեքուեց մեր կողմը: Ճերմակ մազ-մորուսով, կնճիռների ճիշդ չափաքանակով, նոյն չարաճճի ու ծանօթ աչքերով Սերժ-Սերգէյն էր:
Փարաջանովակերպ Սերժի հետ Փարաջանովից խօսելը մի այլ հաճոյք պէտք է ներկայացնէր… Բայց քաղաքում այդպէս էլ հանգիստ անկիւն չգտնուեց: Սերժն առաջարկեց գնալ իր կացարան՝ կիսագաղտնի մի հիւրանոց, որի գոյութեան մասին շատ քչերը գիտեն: Աւելի ճիշդ՝ շէնքը շատերը գիտեն, բայց քչերը գիտեն, որ դա իրականում հիւրանոց է, եւ որ այնտեղ հանգրուանում են շատ յայտնի մարդիկ:
Հիւրանոցը տպաւորեց իր ընդարձակութեամբ, ինտերիերով, կահ-կարասիով. նոյնիսկ դժուար էր հաւա- տալ, որ նման բան կայ Երեւանում:
Այդ մասին չգիտէր նաեւ մեզ տեղ հասցնող տաքսու վարորդը. Փոխարէնը նա մեզնից, մենք էլ իրենից բան իմացանք: Ամբողջ ճանապարհին տաքսիստը մեզ պատմեց Տուպայից բերուող մեքենաների մասին, ապա, որ աշխարհը կառավարում են մի 5 մարդ, բայց որ մենք նոյնիսկ չենք էլ պատկերացնում, թէ ովքեր են դրանք: Վարորդն ասաց, որ այդ մասին իրեն յայտնել են 2 երիտասարդ ուղեւորներ, որոնք, «երեւում էր՝ քաղաքականութիւնից լաւ հասկանում են»: Երբ մեքենայից իջանք ու մի քիչ հեռացանք, Սերժը յանկարծակի ետ դարձաւ ու մօտեցաւ մեքենային, թակեց ապակին, ժեստերի լեզուով եւ կիսաձայն ասաց՝ մէկն էլ ես եմ…
(«Թերթ», Երեւան)