Երեւանի «Ուրբաթ» ակումբին մէջ տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս՝ Լիբանանի «Ազդակ» օրաթերթի հիմնադրութեան 85-ամեակին առիթով: Մամլոյ ասուլիսը ուղղակիօրէն սփռուեցաւ «Երկիր Մետիա» պատկերասփիւռի կայանի եւ «Ազդակ»ի
կայքէջերէն: Ստորեւ կու տանք «Ազդակ»ի երեւանեան աշխատակից Մարինէ Մարտիրոսեանի յօդուածը՝ մամլոյ ասուլիսին մասին: Նշենք, որ Հայաստանի պատկերասփիւռի կայանները, ինչպէս նաեւ տպագիր եւ ելեկտրոնային մամուլը լայնօրէն անդրադարձան մամլոյ ասուլիսին:
Երեւանի «Ուրբաթ» ակումբը լրագրողներով լի էր: Օրուայ գլխաւոր թեման «Ազդակ» օրաթերթի 85-րդ տարեդարձն էր: Օրաթերթի գործունէութեան եւ ամենակարեւորը՝ հայապահպանութեան անվիճարկելի դերի մասին հանդէս եկան «Ազդակ»ի մշակութային բաժնի պատասխանատու Մովսէս Հերկելեանը, թերթի հայաստանեան թղթակից Թաթուլ Յակոբեանը, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:
«Մենք Հայաստանում բնակուող լրագրողներս պէտք է պատշաճ ուշադրութիւն դարձնենք սփիւռքի բոլոր լրատուամիջոցներին՝ նրանց տարեդարձները: Մենք սփիւռքում ունենք թերթեր, որոնք 100 տարուց աւել լոյս են տեսնում», լրագրողներին ասաց Թ. Յակոբեանը, ով 2005 թուականից թղթակցում է թերթին:
Իսկ բանախօսներից Կ. Մանոյեանն իր խօսքն սկսեց «Ազդակ»ի պատմութիւնից: «1927 թուականի Մարտի 5-ին է հիմնադրուել թերթը, որը հիմնադրուել է որպէս մասնաւոր թերթ, սակայն առաջին օրուանից եղել է Դաշնակցութեան տրամադրութեան տակ: Սկսել է հրատարակուել Հայկ Պալեանի կողմից, չնայած մինչեւ 1927 թուական ՀՅԴ-ն ունեցել է թերթեր, որոնք, սակայն, տարբեր պատճառներով հրատարակուելուց դադարել են: Որոշ ժամանակ անց թերթն սկսել է հրատարակուել որպէս երկօրեայ, սկիզբը եռօրեայ էր, եւ արդէն 1965 թուականին ամբողջութեամբ փոխանցուել է ՀՅԴ-ի Լիբանանի կենտրոնական կոմիտէին, եւ լոյս է տեսնում որպէս Լիբանանի կենտրոնական կոմիտէի պաշտօնաթերթ: 1970-ական թուականների վերջին՝ հակառակ Լիբանանի քաղաքացիական կռիւներին, աւելի ծաւալուել է՝ ունենալով 8 էջ, որովհետեւ հիմա արդէն 10 էջով է լոյս տեսնում, եւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ Պէյրութը բաժանուել էր, լոյս էր տեսնում Պէյրութի արեւմտեան մասում, բայց հիմնականում տարածւում էր արեւելեան մասում, որովհետեւ ընթերցողների մեծ մասը, այսպէս կոչուած՝ արեւելեան հատուածում էին: Այդպէս շարունակուել է բաւական երկար ժամանակ: Որոշ ժամանակով թերթի տպագրութիւնը տեղափոխուել է նաեւ արեւելեան շրջան, վերջը ստիպուած վերադարձել է: Ամէն դէպքում 1994 թուականից տպարանն ունի իր նոր սարքաւորումները եւ 2002 թուականից թերթն ունի իր կայքէջը: Թերթը կարեւոր է նաեւ այն հանգամանքով, որ ունի տարբեր յաւելուածներ՝ սկսած մանկականից, եւ արդէն վերջերս նաեւ արաբերէն տարբերակ, որը յատկապէս ուղղուած է արաբ ընթերցողներին», ասաց Կ. Մանոյեանը, ում խօսքով՝ 2011 թուականին «Եռագոյն ֆոնտ»ի եւ նրա նախագահ բարերար Երջօ Սամուէլեանի հովանաւորչութեամբ՝ թերթն սկսել է տպագրուել գունաւոր:
«Ազդակ-ի կարեւորութիւնը ոչ միայն Լիբանանի ողջ հայ համայնքի կեանքը ներկայացնելն է՝ հաշուի առնելով Լիբանանում հայ մամուլի այսօրուայ պատկերը, կարելի է ասել, որ «Ազդակ»ը առնուազն փորձում է ներկայացնել ամբողջ Լիբանանի հայ համայնքի պատկերը, ինչ-որ չափով տեսակէտները, իրադարձութիւնները, եւ որպէս լիբանանահայ համայնքի գլխաւոր օրաթերթ՝ թերթին, յատկապէս կայքէջին հետեւում են նաեւ շատերը, ովքեր Լիբանանից մեկնել են սփիւռքի տարբեր շրջաններ կամ գտնւում են Հայաստանում»:
Կ. Մանոյեանի դիտարկմամբ՝ 85-ամեայ օրաթերթը հետեւում է ոչ միայն լիբանանեան, այլեւ հայաստանեան իրադարձութիւններին՝ խորամուխ լինելով դրանց լուսաբանմանը:
Իսկ Մ. Հերկելեանն էլ, որ 30 տարի է ստանձնել է օրաթերթի մշակութային բաժնի պատասխանատուութիւնը, ընդգծեց թերթի մշակութային դերը: Վերջինիս փոխանցմամբ՝ ամէն Երկուշաբթի լոյս է տեսնում «Ազդակ»ի մշակութային էջը, որտեղ ներկայացնում են մշակոյթի տեսակներից մինչեւ մշակութային դէմքեր: «Բայց հիմնականում այդ էջերի մեծամասնութիւնը նուիրուած է եղել հայ կերպարուեստի, քանդակագործութեան դէմքերին եւ հայ մշակութային երեւոյթներին: Ի հարկէ, հայրենիքի կողքին եղել է սփիւռքը: Այդ էջերում «Ազդակ»ն անդրադարձել է նաեւ արաբական, մասնաւորապէս լիբանանեան կերպարուեստի որոշ երեւոյթների, չի անտեսել նաեւ միջազգային այն բոլոր շարժումները, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում», նշեց Մ. Հերկելեանը՝ նկատելով. «Իսկ վերջին 10 տարիներին «Ազդակ»ն ունեցել է «Փիւնիկ» սրահը՝ շնորհիւ «Փիւնիկ» հիմնադրամի. բարեբախտաբար, հիմնադրամի հիմնադիրը՝ պարոն Գաբրիէլ Չեմպերճեան, մեզ մօտ է, ով իր բարերարութեամբ կառուցեց իր սրահը: Այդ սրահն օրհնութիւն եղաւ ոչ միայն «Ազդակ»ի, այլեւ լիբանանահայ գաղութի համար, որովհետեւ ընդհանրապէս մշակութային գետնի վրայ «Ազդակ»ը ոչ մի զատողութիւն չի դնում քաղաքական ուղղութիւնների միջեւ»:
Մ. Հերկելեանը նաեւ նշեց, որ վերջին տասնամեակում «Փիւնիկը» եղել է այն կենտրոնը, որտեղ ամէն կողմից գալիս են զեկուցումներ կարդում ոչ միայն մշակոյթի, գրականութեան, երբեմն նաեւ քաղաքական-պատմական թեմաներով, այլեւ տեղի են ունենում գրքի շնորհահանդէսներ, գեղարուեստական ձեռնարկներ: «Իսկ ցուցահանդէսներից մի քանիսի ժամանակ նկարիչները նուէր են տուել եւ կամ որոշ ցուցասրահների տէրեր նուէր են տուել, ինչպէս, օրինակ, «Փիւնիկ» հիմնադրամը մի անգամ շուրջ 30 նկար նուիրեց, «Նոազ արք» պատկերասրահը 30 նկար նուիրեց, եւ այդ եկամուտը բոլորովին յատկացւում է «Ազդակ»ի ֆոնտին, մասնաւորապէս, մշակութային ձեռնարկներին: Հայրենիքից յաճախ հրաւիրւում են մտաւորականներ, արուեստագէտներ, պատմաբաններ, վերլուծաբաններ, եւ ինչպէս ասացի՝ այնտեղ քննարկումներ են անկացնում:
«Փիւնիկ» սրահը պատճառ դարձաւ, որ լիբանանահայութեան եւ հայրենիքի միջեւ կապն աւելի ամրանայ, աւելի զօրանայ, եւ մենք՝ լիբանանահայերս, աւելի շատ հնարաւորութիւն ենք ունենում շփուելու հայրենի մտաւորականների եւ արուեստագէտների հետ», նշեց «Ազդակ»ի մշակութային բաժնի պատասխանատուն՝ «Փիւնիկ» սրահը համարելով Պէյրութի մշակութային ոչ միայն կենտրոն, այլեւ այն կամուրջը, որ ստեղծուել է հայրենիքի եւ Լիբանանի միջեւ: «Ազդակ»ը պատերազմի դաժան տարիներին՝ Խորհրդային Միութեան ժամանակ, Հայաստան էր հասնում տարբեր միջոցներով, յատկապէս հասնում էր «Ազդակ» շաբաթօրեակը: Հիմա Ձեզ կարող եմ տալ տասնեակ հայրենի մտաւորականների անուններ՝ փրոֆեսէօրներ, գիտնականներ, գրողներ, նկարիչներ, որոնք Խորհրդային Միութեան ժամանակ, արգելուած պայմաններում կարդում էին «Ազդակ»ը, ձեռքից ձեռք էին անցկացնում նաեւ «Բագին» գրական ամսաթերթի հետ», ասաց Մ. Հերկելեանի, ում վստահեցմամբ՝ դեռեւս այն ժամանակ հայրենի մտաւորականութիւնը սփիւռքի հետ կապը հաստատում էր «Ազդակ»ի շնորհիւ:
Օրաթերթի թղթակից Թաթուլ Յակոբեանն էլ անդրադարձաւ թերթի՝ լիբանանահայութեան կեանքում կարեւոր տեղ զբաղեցնելուն: Թերթի 3000 տպաքանակն արագօրէն սպառւում է 150.000 լիբանանահայերի շրջանակում: Թ. Յակոբեանը խօսեց նաեւ թերթի բացառիկ համարների մասին, որոնցից մէկը լոյս է տեսնում Ամանորին, իսկ միւսը՝ Ապրիլի 24-ին: Թերթի բացառիկ համարները լրագրողը համեմատեց հայագիտական հատորների հետ: «Ես ուզում եմ նշել, ինչպէս ասաց՝ Կիրօ Մանոյեանը, «Ազդակ»ը կուսակցական թերթ է, բայց կարող եմ վստահեցնել, որ սա այն քիչ թերթերից է, որը բաւականաչափ տեղ է յատկացնում ինչպէս հայ աշխարհի միւս կուսակցութիւններին, այնպէս էլ հայ յարանուանութիւններին հայ առաքելական եկեղեցուն, հայ կաթողիկէ եկեղեցու, ինչպէս նաեւ հայ աւետարանական եկեղեցուն: Այս իմաստով «Ազդակ»ը շատ կարեւոր կամուրջ է ոչ այնքան հաշտ յարաբերութիւնների մէջ , որ տարիներ ի վեր եղել է սփիւռքում՝ նկատի ունեմ կուսակցական վէճերը եւ յարանուանութիւնների՝ քրիստոնէական 3 ճիւղերի միջեւ վէճերը: «Ազդակ»ը կարեւոր է նաեւ իր կայքէջով», ասաց «Ազդակ»ի հայաստանեան թղթակիցը՝ նշելով, որ այսօր «Ազդակ»ի մի շարք նիւթեր արտատպւում են հայաստանեան մամուլում, իսկ թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի վերլուծական յօդուածները հայաստանեան ընթերցողը յաճախ է առիթ ունենում կարդալ….
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Ազդակ»