Համաձայն վերջերս ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի ստորագրած թիւ 1356 հրամանագրի, «Դրաստամատ Կանայան» մետալով է պարգեւատրուել Կիպրոսի սկաուտական շարժման յայտնի գործիչ, աւագ արիապետ

Յարութիւն Անմահունին՝ «արտերկրում հայանպաստ գործունէութիւն ծաւալելու, ինչպէս նաեւ ՀՀ Զինուած Ուժերին ցուցաբերած աջակցութեան համար խրախուսելու նպատակով»:
Մասնաւորապէս, նախորդ ժամանակահատուածում Յարութիւն Անմահունու կողմից դրամական նուիրատուութիւններ են փոխանցուել Արցախին եւ ՀՀ Զինուած Ուժերին, որոնց մի մասն ուղղուել է Յունաստանի Ցամաքային Զօրքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայում հայ կուրսանտների ուսումնառութեանը: Վերոյիշեալի շնորհիւ, մասնաւորապէս, երկարաձգուել է Աթէնքում «Երեւան» խնամակալ միութեան հայ կուրսանտների համար բնակարանի վարձակալումը:
Յարութիւն (Արթին) Անմահունին՝ ծն. 1927թ., Նիկոսիայում, ցեղասպանութեան հետեւանքով Կիպրոս հաստատուած հաճընցի ծնողներից: Աւարտել է Մելիքեան-Ուզունեան վարժարանը եւ Մելքոնեան կրթական հաստատութիւնը: Դեռ մանուկ հասակից մաս է կազմել սկաուտական շարժմանը՝ դառնալով վեթերան-արիապետ ոչ միայն կիպրահայ, այլեւ համակիպրական շրջանակներում: Մասնակցել է համահայկական եւ միջազգային բազմաթիւ բանակումների եւ այլ միջոցառումների: 1974թ. թուրքական ներխուժման օրերին պատասխանատու է եղել գաղթականների պարենաւորման աշխատանքների համար: Այս եւ այլ ծառայութիւնների համար պարգեւատրուել է ոչ միայն հայութեան, այլեւ կիպրական պետութեան կողմից, այդ թւում՝ Կիպրոսի առաջին նախագահ Մակարիոս արքեպիսկոպոսի ձեռամբ: Մի քանի գրքերի եւ տասնեակ յօդուածների հեղինակ է, վերջերս տօնուել է բարերարի 80-ամեայ արիական յոբելեանը:
Նմանապէս նախորդ ժամանակահատուածում ՀՀ Զինուած Ուժերին տրամադրած խոշոր նուիրատուութիւններին առ ի գնահատանք՝ Յարութիւն Անմահունին պարգեւատրուել է «Անդրանիկ Օզանեան» եւ «Մարշալ Բաղրամեան» մետալներով:
Պարգեւատրման հանդիսաւոր արարողութիւնը վերջերս կայացել է Նիկոսիայի հայոց առաջնորդարանի սրահում, ձեռամբ Յունաստանում եւ Կիպրոսում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գագիկ Ղալաչեանի, ներկայութեամբ ՀՀ սփիւռքի նախարարի, թեմակալ առաջնորդի եւ կիպրական խորհրդարանի պատգամաւոր Վարդգէս Մահտեսեանի, կիպրահայ կառոյցների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների:
Համապատասխան պատիւներով Յարութիւն Անմահունուն է փոխանցուել ՀՀ ՊՆ պարգեւը, կայացել են ելոյթներ: Պատասխան խօսքում պարգեւատրուողը շնորհակալութիւն է յայտնել հերթական գնահատանքի համար, հաւաստիացրել, թէ հետագայում եւս կը շարունակի իր ազգանուէր նախաձեռնութիւնները՝ որպէս կենդանի օրինակ այլ ազգակիցների: Արիապետը կոչ է արել այլոց եւս հետեւել իր օրինակին եւ գործնական նախաձեռնութիւններով սատարել Հայրենիքի սահմանների պաշտպանութիւնը գիշերուզօր ապահովող Հայոց բանակին:
Մասնաւորապէս, բարերարը կրկին դրամական նուիրատուութիւն է փոխանցել 2014թ. Յունուարին հայրենիքի սահմանների պահպանութեան ժամանակ հերոսաբար նահատակուած Արցախի Պաշտպանութեան բանակի կրտսեր սերժանտ Արմէն Յովհաննիսեանի ընտանիքի անուամբ, ինչը փոխանցուել է ՀՀ ՊՆ միջոցով:
Կարեւոր նուիրատուութիւն է յատկացուել ՀՀ պաշտպանութեան նախարարութեանն, ընդհանրապէս, ինչը կրկին ուղղուել է «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայում ուսանող հայ կուրսանտների համար Աթէնքում բնակարանի վարձակալմանը:
Մեր խորին շնորհակալութիւնը բարերարին եւ ձեռնարկի բոլոր կազմակերպիչներին:

 

Յունաստանում եւ Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ,
գնդապետ Սամվէլ Ռամազեան