Սեպտեմբերի 27-28ը Բուխարեստի «Դուդեան» մշակութային կենտրոնում տեղի ունեցաւ «Առաջին համաշխարհային պատերազմի ազդեցութիւնը Հայոց Սփիւռքի ձեւաւորման գործում» գիտաժողովը, որը կազմակերպել էր Ռումինիայի Հայոց թեմը:
Յունաստանէն սոյն ժողովին հրաւիրուած էր ընկ. Յովսէփ Պարազեանը
Գիտաժողովին ներկայ էին տասներեք երկրներից ժամանած փորձագէտներ, ինչպէս նաեւ հոգեւոր ներկայացուցիչներ, այդ թւում Մայր աթոռ Ս. Էջմիածնից, Թեհրանի եւ Դամասկոսի թեմերից: Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Յակոբեանի բացման խօսքից յետոյ, Շահէ վրդ. Անանեանն ընթերցեց Ամենայն հայոց կաթողիկոսի խօսքը: Այնուհետեւ ներկաներին ողջունեց Ռումինիայի պատրիարքական փոխանորդ Վարլամ Պլոյեշտանուն՝ փոխանցելով Ռումին պատրիարքի խօսքը: ՀՀ ԱԺ պատգամաւոր Վահրամ Բաղդասարեանը խօսեց Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովրդի կրած տառապանքների եւ թուրքերի իրականացրած բնաջնջման ծրագրի մասին: Նոյն թեմայի շուրջ խօսեցին նաեւ Ռումինիայի Հայոց միութեան նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանեանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամաւոր Վարուժան Փամբուկչեանը, Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը, իսկ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանի խօսքը փոխանցեց Սոֆիայի ՀԲԸՄ ատենապետ Սոնեա Աւագեան-Պետրոսեանը:
Այնուհետեւ գիտաժողովը շարունակեց իր աշխատանքները՝ անդրադառնալով ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդրին եւ տարբեր երկրներում Հայկական Հարցի հետապնդման եւ լուսաբանման փորձառութեանը: Զեկուցողները ներկայացրին հայկական Սփիւռքի ձեւաւորման գործընթացը 20րդ դարասկզբից մինչեւ մեր օրերը: Բուխարեստի համալսարանի իրաւաբանութեան ֆակուլտետի դահլիճում ելոյթներ ունեցան Յարութ Սասունեանը (ԱՄՆ), Նիկոլա Դաւիթեանը (Բելգիա), Սեպուհ արք. Սարգսեանը (Իրան), Կիրօ Մանոյեանը (Հայաստան), Յակոբ Կարապետեանը (Բուլղարիա), Արմաշ եպս. Նալբանդեանը (Սիրիա), Միհրան Դաբաղը (Գերմանիա), Շահէ վրդ. Անանեանը (Մայր աթոռ Ս. Էջմիածին), Յակոբ Տէր Խաչատուրեանը (Կանադա), Էլիզաբեթ Չուլճեանը (ԱՄՆ), Ժիրայր Չօլաքեանը (Ֆրանսիա), Յակոբ Ասատրեանը (Չեխիա), Տաթեւ եպս. Յակոբեանը, Վարդան Առաքէլեանը, (Ռումինիա), Վերա Եագուբեանը (Լիբանան), Յովսէփ Պարազեանը (Յունաստան) եւ Աննիկա Թէորնէն (Գերմանիա):
Գիտաժողովի աւարտին ներկայացուեցին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանի «Զամկա» տպագրատան կողմից թարգմանաբար հրատարակուած Յարութ Սասունեանի «100 Յօդուած Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի Առթիւ» ռումիներէն ժողովածուն, ինչպէս նաեւ Եւրոպայի Հայ Դատի կողմից պատրաստուած ցեղասպանութեանը, Ղարաբաղեան հիմնախնդրին եւ Խոջալուին նուիրուած գրքոյկները: Ռումիներէն թարգմանութեամբ նաեւ ներկայացուեց «Նուվել դ՛Արմէնի» ամսագրի պատրաստած «Պոգրոմ» փաստավաւերագրական հետազօտութիւնը՝ նուիրուած Սումգայիթի, Բաքուի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերին:
Գիտաժողովի յաջորդ օրը Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց առաջնորդանիստ եկեղեցում Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդեանը մատուցեց սուրբ եւ անմահ պատարագ, որի աւարտին Սեպուհ սրբազանը քարոզեց, Արմաշ սրբազանը խօսեց սիրիահայութեան ներկայ տագնապալի վիճակի մասին, իսկ առընթերական Շահէ վրդ. Անանեանը փոխանցեց Վեհափառ հայրապետի օրհնութեան խօսքը:
Պատարագից անմիջապէս յետոյ առաջնորդարանին կից տարածքում բացուեց «Լոյս» մանկապարտէզը, ուր այսուհետ կը յաճախեն քսանից աւելի հայ մանուկներ:
«Օրեր»