«ԱԼԻՔ» - Տարիների յորձանուտներից ու ալիքներից ծնունդ առած «Ալիք» օրաթերթի 80-ամեակին նուիրուած ձեռնարկների շարանի մեկնարկը դրուեց՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում՝ թեհրանահայ չորս միութիւնների համատեղ ձեռնարկով:


Ծրագրի սկզբում, յանուն չորս միութիւնների՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան, «Վան-Վասպուրական» պատմական հարցերի ուսումնասիրութեան կեդրոնի, Հայ հասարակական միութեան, Իրանի Հայ արհեստաւորների միութեան, ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Նիկոլ Մուսախանեանը:
Յատկանշական է, որ «Ալիք» օրաթերթի 80-ամեակը մեծարող յանձնախումբը նախաձեռնել է ծրագրերի շարան, որի մեկնարկը դրուեց սոյն ձեռնարկով եւ առաջիկայ երկու ամիսներում ականատեսն ենք լինելու այլ ծրագրերի:
Գեղեցիկ մտայղացմամբ՝ համայնքիս երեք պարախմբեր՝ «Կարապ»-ի, «Կակաչ»-ի եւ «Ակունք»-ի մի քանի սաներ միասնաբար ներկայացրեցին «Ալիքների պար»-ը՝ խորհրդանշելով ծովի լազուր ալիքները: Հայ ժողովրդի պահանջատիրական եւ յեղափոխական ոգով տոգորուած «Ալիք»-ի   80-ամեակի նշման լաւագոյն տարբերակը կարող էր հանդիսանալ յեղափոխական երգերի ներկայացումը այն հոծ բազմութեանը, որը համախմբուած էր սրահում եւ   ի զարմանս վերջին տարիների ոչ շատ լեցուն մեր սրահների՝ նոյնիսկ յոտնկայս հետեւեց ու ոգեշնչուեց շուրջ երկու ժամ մատուցւող երգերով ու ծրագրով:
Ազգային- յեղափոխական երգերի ոգեշունչ ներկայացումը իրականացրեց Նոր Ջուղայից հրաւիրուած Արթին Քեշիշեանը՝ «Անի»  նուագախմբի ընկերակցութեամբ: Նոյն շրջագծում մեներգչուհի Ալիս Յովսէփեանը եւս իր յաջող կատարումներով խանդավառութիւն ստեղծեց ներկաների մօտ:
Այնուհետեւ ելոյթով հանդէս եկաւ թերթիս խմբագիր Դերենիկ Մելիքեանը, որն իր գնահատանքի խօսքը ուղղելով կազմակերպւած միջոցառման համար՝ նշեց, որ 80-ամեայ թերթի ծրագրերի մեկնարկը հէնց դրուել է Նոր Ջուղայում 2011 թուականի Մարտ ամսին կայացած Գարնանային մարզական խաղերի ընթացքում:
Նա «Ալիք»-ի ընտանիքի անունից երախտագիտութեան խօսք ուղղեց ներկաներին, որոնք մասնակցութիւն բերեցին չորս միութիւնների համատեղ ծրագրին: Դ. Մելիքեանը նշեց, որ «Ալիք»-ը իր հիմնադրութեան առաջին իսկ օրուանից միշտ ջատագովն է եղել Հայաստանի վերանկախացման ու ազատութեան եւ արդէն 20 տարի է, ինչ այդ երազն իրականացել է, եւ շնորհաւորեց Հայաստանի անկախութեան 20-ամեակը, որը համընկնում է «Ալիք»-ի 80-ամեակին:
Նա նոյնպէս անդրադարձաւ այն հանգամանքին, որ օրեր է, ինչ հիւրաբար Նոր Ջուղայում է գտնւում Ջաւախքի Հասարակական կազմակերպութիւնների խորհրդի ներկայացուցիչ Արտակ Գաբրիէլեանը եւ բեմ հրաւիրեց նրան՝ հակիրճ բացատրութիւններ տալու Ջաւախքի կարգավիճակի մասին:
Արտակ Գաբրիէլեանը նախ Ջաւախքի հայութեան անունից շնորհաւորեց «Ալիք»-ին՝ որպէս հայապահպանման գործին լծւած 80-ամեայ թերթ, ցանկանալով բարի ընթացք: Նա իր շնորհաւորանքը ուղղեց նաեւ Հայաստանի անկախութեան 20-ամեակի առթիւ, աւելացնելով սակայն, որ պատմական Հայրենիքի մի մասը՝ Ջաւախքը, այսօր մեծ դժուարութիւնների մէջ է եւ հակիրճ արտայայտուեց 200.000 հաշուող հայ բնակչութեամբ Ջաւախքի հայաթափման մասին, որը արդիւնքը համարեց Վրաստանի իշխանութիւնների խտրականութեան քաղաքականութիւնների:
Ծրագրի աւարտին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեան նախագահ Արշաւիր Քեշիշեանը չորս միութիւնների անունից իր ողջոյնի ու գնահատանքի խօսքն ուղղեց թէ՛ ծրագիրն իրականացնողներին, եւ թէ՛ ներկաներին՝ յայտնելով, որ  միջոցառումը կազմակերպած չորս միութիւնների կողմից 80-ամեակի առթիւ նուիրատւութիւն է կատարուել «Ալիք» օրաթերթին:
Ապա բեմ հրաւիրեց Թեհրանի Հայոց  թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին՝ իր օրհնութեան խօսքն ասելու:

«Ալիք» օրաթերթ