Հայաստանի Հանրապետութեան զինկոմիսարիատներու մօտ աշխատանքային եռուն մթնոլորտ կը տիրէ: Արաբկիրի զինկոմիսարիատը տարածքով եւ բնակչութեան թիւով ամենամեծն է մայրաքաղաքին մէջ եւ կը ներառնէ նաեւ Քանաքեռ-Զէյթուն համայնքը:
Զօրակոչի ընթացքի շուրջ կը ծաւալի մեր զրոյցը Արաբկիրի զօրակոչային բաժանմունքի պետ, փոխ գնդապետ Արմէն Յակոբեանի հետ:
Պարոն Յակոբեան, սովորաբար զինկոմիսարիատների հիմնական գործունէութիւնը կապում են բուն զօրակոչի հետ, մինչդեռ դա աշխատանքի մի մասն է ընդամէնը: Մեծ եւ լայնածաւալ աշխատանքներ են կատարւում նաեւ նախապատրաստական շրջանում:
Ճիշդ նկատեցիք, զօրակոչի յաջողութիւնը մեծապէս պայմանաւորուած է նախապատրաստական շրջանի արդիւնաւէտ աշխատանքով: Մեր զինկոմիսարիատը՝ զինկոմ, գնդապետ Ալպերթ Քարամեանի գլխաւորութեամբ, ամենայն պատասխանատուութեամբ է մօտենում զօրակոչին: Անչափ կարեւորում ենք, որ բանակը համալրուի առողջ երիտասարդներով: Ամենափոքր կասկածի դէպքում կրկին մասնագիտական բուժհետազօտութեան ենք ուղարկում: Ուսումնասիրում ենք նորակոչիկի ընտանեկան պայմանները, պարզում, թէ ով ինչ կրթութիւն ունի, առանձնազրոյցներ ենք անցկացնում տղաների հետ, պարզաբանում, թէ ինչպիսի արտօնութիւններ ունեն, ինչ պարտականութիւններ. մի խօսքով՝ ամէն ինչ յստակ եւ մանրամասն ներկայացւում է: Այնպէս որ՝ մեր երիտասարդները լիովին իրազեկուած են մեկնում ծառայութեան:
Բացի վերոնշեալից, մեր տարածքի կրթական հաստատութիւնների հետ համատեղ ռազմահայրենասիրական բնոյթի տարբեր միջոցառումներ ենք իրականացնում: Բոլոր դպրոցները կցուած են զօրամասերին, դպրոցականները պարտադիր այցելում են զօրամասեր, ծանօթանում, թէ ինչպէս է ծառայում զինուորը, ինչպիսի պայմաննե- րում: Նման այցերի շնորհիւ դպրոցականները իրենց աչքով են տեսնում, ներսից ճանաչում են բանակը եւ թօթափում են բոլոր ներքին տագնապները, անհանգստութիւններն ու անորոշութիւնը: Աշակերտներին ծանօթացնում ենք նաեւ զէնքին: Միայն վերջերս աւագ դասարանի շուրջ 500 աշակերտի կրակային պարապմունքի համար տարել էինք Արմաւիրի հրաձգարան:
Պարոն Յակոբեան, ինչպէ՞ս կը գնահատէք անոնց ֆիզիկական պատրաստուածութիւնը:
Անզէն աչքով էլ նկատելի է՝ հիմնականում ձիգ չեն, կեցուածքից, մարմնի կառուցուածքից միանգամից պարզ երեւում է: Քչերն են ֆիզիկապէս կոփւած:
Ու՞մ մեղադրել:
Բոլորս էլ մեղաւորութեան մեր բաժինն ունենք: Ծնողը պէտք է անպայ- ման զաւակին որեւէ սպորտաձեւով պարապելու ուղարկի, դպրոցում «Ֆիզկուլտուրա» առարկան պէտք է նպատակային դասաւանդուի: Մարզադպրոցներում պարապմունքները պէտք է մատչելի լինեն բոլորին: Ցանկացած եւրոպական երկրում ամէն շէնքի յարակից տարածքում մարզադաշտ կայ, վազքուղի, հազարումի մարզական գոյքով ապահովուած խաղահրապարակներ, իսկ մեզ մօտ վիճակը, մեղմ ասած, հեռու է բաւարար լինելուց:
Բայց կարծես թէ վերջին շրջանում մեզ մօտ շատացել են մարզասարքերով համալրուած բակերը: Ինչեւէ, իսկ ի՞նչ կþասէք կրթուածութեան, մտաւոր զարգացածութեան մասին:
Այս պարագայում բոլորովին ուրիշ պատկեր է, կարող ենք հպարտանալ՝ մեր Արաբկիրը առանձնանում է ուսանողների թիւով՝ ասպիրանտուրաներում, մագիստրատուրաներում սովորողների թիւը բաւականին մեծ է: Կիրթ ու զարգացած են մեր նորակոչիկները:
Ասում են՝ ամէն տարածք իրեն բնորոշ առանձնայատկութիւններն ունի: Ի՞նչ բնորոշ խնդիրներ ունեն Արաբկիրի նորակոչիկները:
Տեսողութեան խնդիրներ ունեցողներն են շատ: Դա էլ վերը նշուած առաւելութեան տխուր հետեւանքն է՝ ուսանողների անընդհատ համակարգի- չով աշխատելը բնականաբար իր բացասական ազդեցութիւնն է ունենում տեսողութեան վրայ:
Պարոն փոխ գնդապետ, ձեր կարծիքով՝ նորակոչիկները հոգեբանօրէն պատրա՞ստ են ծառայութեան:
Որպէս կանոն, դժուար է միայնակ մայրերի մինուճար զաւակների համար: Բայց, խօսում ենք, բացատրում, ոգեւորում ու քաջալերում: Ընդհանուր առմամբ՝ մեր տղերքը հոգեպէս ամուր են, եւ ակնյայտ է հայրենիքին ծառայելու նրանց պատրաստակամութիւնը:
Վերջերս զրուցեցի զօրակոչուող կարատեի չեմպիոն մի տղայի հետ: Իսկապէս, զինուորական գործին պատրաստ մարդու գիտակցումով էր բանակ մեկնում: Սակայն ինձ ուրիշ մի հարց է հետաքրքրում. տարբեր ասպարէզներում յաջողութեան հասած երիտասարդների տուեալները արդեօք գրանցըւո՞ւմ են, նշւո՞ւմ ինչ-որ տեղ:
Անշուշտ, նայէ՛ք՝ սեղանիս դրուած են նորակոչիկների անհատական գրքոյկները, որոնցում մանրակրկիտ գրանցուած է ամէն մի մանրուք, կան անգամ զօրակոչուողի գովասանագրերի, պարգեւների, պատուոյ գրերի պատճէնները, դպրոցից տրուած բնութագրերը: Ամէն ինչ մանրամասնօրէն նշւում է, գրի առնւում, որպէսզի կեդրոնական զօրահաւաքակայանում հնարաւորինս դիւրին լինի նրանց համապատասխան տեղաբաշխումը:
Պրն Յակոբեան, նորակոչիկների ծնողները որքանո՞վ են տեղեակ, թէ ի՞նչ արտօնութիւններ ունեն:
Զինուորների ծնողներն ազատ, առանց աւելորդ խոչընդոտների այցելում են մեզ՝ իրենց յուզող, անհանգստացնող հարցերի պատասխաններն ստանալու: Զինկոմիսարիատն անում է հնարաւոր ամէն բան՝ բանակ-հասարակութիւն կապն աւելի ամրացնելու, բանակի նկատմամբ մեր քաղաքացիների վըստահութիւնը է՛լ աւելի ամրապնդելու համար:
Յունիսի 11-ին նորակոչիկ տղաների առաջին խումբը կը գնայ բանակ:
Զօրակոչի մեկնարկը տօնական հանդիսութեամբ է տրուելու: Անխախտելի կարգ է՝ ուրախ ճանապարհում ենք, որ ուրախ էլ դիմաւորենք: Հանդիսաւոր այս արարողութեանը մասնակցում են նաեւ Արցախեան պատերազմի վեթերանները, որոնք իրենց ջերմ եւ սրտառուչ խօսքով էլ աւելի են ոգեւորում-ոգեշնչում մեր տղաներին: Այնուհետեւ ուղեւորւում ենք Դաւթաշէնի Սրբոց Նահատակաց եկեղեցի, որտեղ Խորէն քահանան օրհնութեան խօսք է ասում նորակոչիկներին:
Մեր բոլոր զինուորներին խաղաղ եւ անփորձանք ծառայութիւն ենք մաղթում:
Ա. ԱԼԱՎԵՐԴԵԱՆ
մայոր