«Մենք Ամէն Ինչ Պէտք Է Անենք, Որ Քեսաբցիները Մնան Քեսաբի Կողքը»
Ապրիլի 7ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը:
Այն ինչ վերջերս տեղի ունեցաւ Քեսաբում եւ յարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցաւօք, երբեմն չճշդուած տեղեկութիւններով, երբեմն էլ՝ ապատեղեկատուութեամբ: Այսօր մենք հնարաւորութիւն ունենք լսելու տեղեկութիւններ առաջին ձեռքից, առաջին, որովհետեւ Հրանդ Մարգարեանը նոր է վերադարձել Սիրիայից:
Պարոն Մարգարեան, որտե՞ղ եղաք, ի՞նչ տեսաք, ո՞ւմ հանդիպեցիք եւ ի՞նչ տպաւորութիւններով վերադարաձաք:
Եղայ Հալէպում եւ Լաթաքիայում: Այնտեղ մենք ունենք բաւական մեծ կազմակերպուածութիւն, բնականաբար, իմ հանդիպակաց կողմը եղել են մեր կազմակերպութեան անդամները, Լաթաքիայում՝ նաեւ գաղթականների հետ: Ինչ առումով ես գնացել եմ ընթացիկ հանդիպման՝ մեր մէջ այդ հարցը քննարկելու, ընդհանրապէս սիրիահայութեան իրավիճակի օրակարգով:
Քեսաբից ի՞նչ նորութիւններ ունէք: Այստեղ ամենատարբեր լուրեր են հասնում:
Իրականութեան մէջ այսօր ինչ է կատարւում, ինչ կայ Քեսաբում, այսօր ոչինչ էլ չկայ: Քեսաբը գրաւուած է այդ ուժերի կողմից, այնտեղ հայութիւն չկայ, մի քանի տարեց անձինք են՝ տեղափոխուել են Թուրքիա: Եւ ժողովուրդ, ժողովրդի մնացորդաց գոյութիւն չունի: 28 հոգի են մնացել Քեսաբում: Հայութիւն չի կարելի դրանց ասել՝ մնացողները ծերեր են, անկարողներ: Քեսաբում այսօր պատերազմ է: Քեսաբը առճակատման գիծ է՝ մի կողմից սիրիական բանակն է, միւս կողմից՝ ընդդիմութիւնը, Թուրքիայի զօրակցութիւնն ունենալով ու անմիջական մասնակցութեամբ:
Իսկ այն մարդիկ, ովքեր արտագաղթից յետոյ մնացել էին ու տեղափոխուել Թուրքիա՝ նրանց ճակատագրի մասին որեւէ տեղեկութիւն կա՞յ:
Քեսաբի շուրջ բարձրացուած արձագանգը այնքան մեծ է եղել, որ Թուրքիան պէտք է ամէն գնով փորձի քարոզչական նպատակով օգտագործել այդ մի քանի ծերերին, ապաստան տալ եւ չեմ կարծում, թէ նրանց վտանգ սպառնայ: Հինականը ժողովուրդն է, որ գաղթական է դարձել, որ տնից տեղից կտրուել է եւ հիմա Լաթաքիայում է:
Ինչպէ՞ս է իրեն զգում Քեսաբի ժողովուրդը Լաթաքիայում: Գիտենք, որ մի մասը եկեղեցում է տեղաւորուել, միւս մասը՝ իրենց կամ հարազատների տներում: Ինչ վիճակ է, ինչի կարիք ունեն:
Սպասողական վիճակ է: Ամենալաւ երեւոյթն այն է, որ քեսաբցին սպասում է, որ վերադառնայ Քեսաբ: Մտածում է՝ ժամանակաւոր կեցութեան մասին է հարցը, ոչ թէ հիմնաւոր: Եւ սա լաւ է, որովհետեւ առանց քեսաբցիների՝ Քեսաբի վերակագնումն անիմաստ է: Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր է այն, որ նրանք աւելի շատ մտահոգ են իրենց պարտէզներով, քան բնակարաններով: Սիրիայի վերջին դէպքերը, ռազմական իրողութիւնը նկատի ունենալով, հաշտուել են այն գաղափարին, որ բնակարանները պէտք է վնասուած լինեն, բայց յոյս ունեն, որ պարտէզները անվնաս կը մնան, որպէսզի իրենց համար կարելի դառնայ Քեսաբ վերադարձը եւ Քեսաբի վերականգնումը: Մեր հայ ժողովրդի առջեւ դրուած է մի խնդիր. մենք ամէն ինչ պէտք է անենք, որ քեսաբցիները մնան Լաթաքիայում՝ Քեսաբի կողքը, որպէսզի իմաստ ունենայ Քեսաբի վերականգնումը: Ինչպէս ամէն մի գաղթական ժողովուրդ, բնականաբար, նրանք եւս ունեն բազում դժուարութիւններ: Նրանք, ովքեր տեղաւորուել են իրենց հարազատների, բարեկամների բնակարաններում, նրանք էլ շատ յարմար վիճակի մէջ չեն ապրում: Դա ժամանակաւոր լուծում է, ոչ թէ հիմնաւոր: Նրանք ովքեր եկեղեցում են, կենցաղային մեծ դժուարութիւններ ունեն, բայց այսօրուայ իրենց մտահոգութիւնը, խնդիրը եւ այն ինչ որ տանելի է դարձնում այդ պայմանները՝ շուտով Քեսաբ վերադարձն է:
Իսկ ինչի՞ կարիք ունեն ամէնից շատ:
Չեմ կարող ասել, թէ մասնաւոր որեւէ բանի կարիք ունեն: Սնունդը, շատ դժուար չէ իրենց համար ձեռք բերել. տարբեր բարեգործական կազմակերպութիւններ են գործում, նաեւ Սիրիայի հայկական շտաբը, որ այս օգնութեան առումով է կազմակերպուել: Այդ առումով լուրջ խնդիր գոյութիւն չունի: Բայց գոյութիւն ունի հիմնական խնդիր՝ ժամանակաւոր կեցութիւնը որքան կ՛երկարի, այդքանով խնդիրները կը մեծանան: Դա վերաբերում է կացարանին եւ կրթութեանը, բնականոն բոլոր խնդիրներին: Այսօրուայ դրութեամբ նրանց թւում է, որ Քեսաբի ազատագրումը 7 սարերի յետեւում չէ, եւ իրենք կը վերադառնան իրենց գիւղը:
Պարոն Մարգարեան, սպասելի՞ էր, որ նման բան տեղի կ՛ունենայ Քեսաբի հետ: Այս հարցը ես յաճախ տալիս եմ, նկատի ունենալով, որ Քեսաբը այս ողջ հակամարտութեան ընթացքում ընդունուած էր համարել ամենաապահով, անվտանգ վայրը:
Անցած մէկուկէս-երկու տարուայ ընթացքում, Քեսաբը նուազագոյն վնասն է կրել: Հիմնական պատճառը եղել է այն, որ համաձայնութիւն է տեղի ունեցել Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ: Եւ այդ սահմանից թափանցումների հարցը, սահմանի ապահովութիւնը ստանձնել է Թուրքիան: Սա եղել է փոխադարձ համաձայնութեամբ, որովհետեւ սիրիական բանակ գոյութիւն չի ունեցել այն նկատառումով, որ սիրիական բանակը կարող է յարձակման թիրախ դառնալ եւ յարձակումներից կարող է վնասուել նաեւ խաղաղ բնակչութիւնը: Սահմանի անվտանգութիւնը ամբողջութեամբ վերապահուած է եղել Թուրքիային: Յարձակումից մի գիշեր առաջ, սահմանապահ զօրքը քաշուել է եւ տեղի է ունեցել յարձակում: Ինչը որ կրկնակիօրէն է ապացուցում, որ այս յարձակումը եղել է թրքական պետականութեան անմիջական մասնակցութեամբ եւ համագործակցութեամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելուն՝ պատերազմի ժամանակ, ամէն բան կանխատեսելի է: Սիրիական պետութիւնը ունի մեծ փորձ Թուրքիային վստահելու եւ յուսախաբ լինելու առումով: Այն մասը, որ վստահում էր, հէնց այդ մասում էր խնդիրը: Սակայն ինձ թւում է, որ այս գործողութիւնը շատ աւելի հեռուն գնացող նպատակ է ունեցել, քան Քեսաբը: Նրանց յարձակման հիմնական նպատակը եղել է շրջափակել Քեսաբը եւ ամբողջ բնակչութեանը վերցնել իբրեւ պատանդ: Պատանդ վերցնելով, իրենք պէտք է ապահովէին իրենց սիրիական զօրքի կոպիտ միջամտութիւններից: Դրան զուգահեռ, նրանք գրաւում էին Քեսաբի կողքին գտնուող բարձունքները, որից յետոյ սկսում էին վտանգել Լաթաքիան: Մի խօսքով իրենք հարուածում էին ալաւիներով բնակեցուած աւաններին, ցոյց տալիս, թէ ալաւիների անվտանգութիւնը որքան խախուտ երեւոյթ է: Այս հարցին կարելի է զանազան մեկնաբանութիւններ տալ, քաղաքական վերլուծութիւններ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես հաւատում եմ նաեւ, որ այստեղ կայ Ղրիմի հարց, այստեղ կայ Ռուսաստանի երկրորդ՝ խորքային ապահով նաւահանգիստը վտանգելու հարցը, Թարթուս-Լաթաքիա նաւահանգստային քաղաքների խնդիրը կար, Ղրիմի դիմաց այս նաւահանգիստը կորցնելու ծրագիրը կար: Ոտքի տակ է գնացել Քեսաբը, Թուրքիան իմիջայլոց լուծել է նաեւ իր հիմնական նպատակներից մէկը՝ էթնիկական զտումի է ենթարկել Սիրիան, տարածքը ազատել հայերից, քրդերից, քրիստոնեաներից: Մէկ այլ կռուի, շատ մեծ կռուի զոհ է գնացել Քեսաբը: Դրա համար մենք պէտք է կարողանանք ճիշդ կողմնորոշուել: Շատ կարեւոր մի հարց, որ ուզում եմ ասել, անցած երկու տարուայ ընթացքում, սիրիահայութիւնը ունեցել է մէկ քաղաքականութիւն: Մի քաղաքականութիւն, որ եղել է Սիրիայի կողքին, եղել է Սիրիայի անկախութեան կողքին, եղել է Սիրիայի զարգացման երաշխիքների կողքին, բայց դէմ է եղել եղբայրասպան կռուին, դէմ է եղել ներքին առճակատմանը, արտաքին միջամտութեանը եւ իրեն այս պատերազմի մէջ կողմ չի համարել եւ ոչ մի ձեւով մասնակից չի դարձել այս պատերազմին, ի նպաստ մէկի՝ ընդդէմ միւսի: Եւ այս քաղաքականութիւնը արդիւնք է տուել, արդիւնք՝ այն առումով, որ վերջապէս այս երկու տարուայ ընթացքում, սիրիահայութիւնը իբրեւ հայութիւն, թիրախ չի դարձել: Ճիշդ է, սիրիահայութիւնը շատ է վնասուել, բայց վնասուել են իբրեւ Սիրիայի քաղաքացիներ, ոչ թէ իբրեւ սիրիահայեր, իբրեւ հայութիւն՝ առանձնաբար: Մենք միշտ պէտք է գիտակցենք, որ այս քաղաքականութիւնը պէտք է կարողանանք շարունակական դարձնել: Այսինքն Սիրիայի մէջ կռիւը մեր կռիւը չէ: Պէտք չէ, որ մենք այդ կռուին կողմ լինենք՝ ոչ այս եւ ոչ էլ այն կողմից: Սա է, որ մենք պէտք է գիտակցենք եւ հասկանանք եւ սիրիահայութիւնից էլ համապատասխան ակնկալիք ունենանք: Որովհետեւ այդքան ասում ենք քեսաբահայութիւն, այն ինչ խօսքը մօտ երեք հարիւր ընտանիքի մասին է, երեք հազար՝ հիմնականում ծերացած հասարակութեան մասին, որովհետեւ երիտասարդութիւնը տարիների ընթացքում միշտ աշխատանքի փնտռտուքով գտնուել է Սիրիայից դուրս: Մենք պէտք չունենք ոգեւորուելու, անիմաստ յայտարարութիւններ անելու, անիմաստ կտրուկ շարժումներ անելու, այլ պէտք է հասկանանք, որ սա մեր կռիւը չէ: Այս կռուից վնասւում է Սիրիան եւ Սիրիայի բնակչութիւնն ընդհանրապէս, որոնց շարքում նաեւ՝ մենք: Սա այն կռիւը չէ, որին մենք իբրեւ համայնք լինենք կողմ եւ մասնակից: Սա մենք բոլորս պէտք է գիտակցենք եւ մեր քայլերի ու յայտարարութիւնների մէջ ունենանք այն զգուշաւորութիւնը, որ աւելորդ անզգուշութիւններ չդրսեւորենք, որի գինը կարող է վճարել սիրիահայութիւնը:
Արդեօք այն, ինչ տեղի է ունեցել Քեսաբում եւ Լաթաքիայում, աւելի շատ եւ աւելի շուտ պայմանաւորուա՞ծ է նրա դիրքով, ռազմավարական նշանակութեամբ եւ ոչ թէ այլ խնդիրներով, ասենք Հայաստանում դոմինանտ (գերիշխող) է այն տեսակէտը, որ սա Թուրքիայի հակահայ քաղաքականութեան հետեւանքով է տեղի ունեցել:
Ինչ որ Թուրքիայի մասին ասում են, ես կողմնակից եմ, եւ մենք պէտք է այդ ուղղութեամբ իսկապէս հիմնաւորուած աշխատանք տանենք: Բայց ինձ թւում է, որ Քեսաբը եղել է Հիւսիսային շրջանի համեմատաբար խաղաղ վիճակի մէջ գտնուող Սիրիայի դարպասը: Այդ դարպասի հետ ինչպէս են վարուել, նաեւ փորձել են էթնիկական զտումի ենթարկել շրջանը: Ճիշդ դրա համար, մենք երկու բանում պէտք է պահանջատէր լինենք՝ մէկ պահանջատէր պէտք է լինենք աշխարհով մէկ Թուրքիայից, որ ապահովի սահմանի անվտանգութիւնը եւ ետ կանչի զօրքերը, պահանջատէր պէտք է լինենք Սիրիայի պետութիւնից, որովհետեւ Սիրիայի պետութիւնը իր քաղաքացիների ան- վտանգութեան պատասախանատուն է: Պէտք է ակնկալել Քեսաբի ազատագրումը Սիրիայի իշխանութիւնից: Եւ անիմաստ է այս հարցով այլ ակնկալիք ունենալ քեսաբցիներից կամ փորձել հերոսի կեցուածք ընդունել: Քեսաբի հարցը այնպիսի հարց էր, որ ունեցաւ մեծ միջազգային արձագանգ:
Միջազգային արձագանգը ի՞նչ ազդեցութիւն ունեցաւ:
Միջազգային մեծ արձագանգը կարող է պատճառ դառնալ, որ շահագրգռուած կողմը, որն այս անգամ կարծեմ Սիրիայի պետութիւնն է, ցանկանայ, որ հայկական գործօնը անընդհատ դերակատար մնայ այդ հակադրութեան մէջ, որովհետեւ իրենք տեսան, որ երբ հարուածեցին Քեսաբին, իբրեւ զուտ հայկական տարածքի, այն ունեցաւ մեծ միջազգային արձագանգ: Ինչ որ անցած մէկ ու կէս տարուայ ընթացքում, ոչ մի շրջանի աւերածութիւնն ու անմարդաբնակ դառնալը չէր ունեցել: Ուրեմն կայ շահագրգռուած կողմ՝ մեզ ներքաշելու մի կռուի մէջ, որը մեր կռիւը չի: Մենք պէտք է կարողանանք սա հասկանալ: Եւ պէտք է հասկանանք, որ մի գործ, որ պէտք է անի սիրիական պետութիւնը, պէտք է անի ինքը:
Սիրիական պետութիւնը պէտք է ազատագրի թէ՛ Քեսաբը, եւ թէ ապահովի քեսաբցիների ժամանակաւոր կեցութիւնը եւ հոգսերի բաւարարումը: Մենք կողքից կ՛օգնենք քեսաբցիներին, մենք կ՛օգնենք, որ այդ ժամանակաւոր կեցութիւնը աւելի հեշտ լինի, աւելի դիւրին լինի, աւելի տանելի լինի, աւելի մարդկային լինի: Այո, կ՛անենք դա: Բայց մենք պէտք է ակնկալիք ունենանք սիրիական պետութիւնից, որ հայութեան համար անվտանգութեան երաշխիք ստեղծի:
Այսինք, հայկական գործօնը բուն իրադարձութեան ժամանակ չունէր կամ այնքան էլ կարեւորութիւն չունէր, որքան իրադարձութիւններից յետոյ այս ամբողջ տեղեկատուական շրջապտոյտի մէջ:
Այո, դա է իրականութիւնը, բոլորը շահագրգռուած են այդ գործօնը օգտագործել: Մենք պէտք է այդ գործօնը ակտիւ պահենք, Թուրքիայի վրայ ճնշում գործադրենք, որ զօրքերը ետ քաշի Քեսաբից, որ սահմանը ապահովի: Այդ գործօնը պէտք է մնայ ակտիւ եւ լինի դերակատար: Սակայն պէտք է զգուշանանք, որ այդ գործօնը չծառայի այլ նպատակի: Մեր հիմնական նպատակը Քեսաբն է, Քեսաբի վերականգնումը եւ ժողովրդի վերադարձը՝ Քեսաբ: Քեսաբցիները պէտք է ապրեն այդ միջավայրում, հարեւանութեամբ՝ մուսուլման՝ թուրքմէն ժողովրդի:
Ինչպէ՞ս էք վերաբերւում այս ողջ միջազգային արձագանգին. պաշտօնական յայտարարութիւններ պաշտօնական Վաշինգտոնից, պաշտօնական Մոսկուայից եւ այլ տեղերից:
Ես կարծում եմ, դա հայկական գործօնի դերակատարութեան արդիւնքն է՝ մեր ուժի ցուցադրումը: Դա վկայում է այն փաստի մասին, որ հայութիւնը կարողանում է ստեղծել միջազգային մթնոլորտ՝ քարոզչական, տեղեկատուական մթնոլորտ, որն անշուշտ դրական է: Բայց անպայման չէ, որ ցանկացած ակտիւութիւն, այլոց ակտիւութիւն՝ ի նպաստ հայ ժողովրդի է: Մենք պէտք է կարողանանք այս մթնոլորտը օգտագործել, հիմնական հարցը լուծելու՝ Թուրքիայի վրայ ճնշում բանեցնելու, որ դադարեցնի օժանդակութիւնը ու ետ քաշի զօրքը եւ սահմանի վրայ ապահովութեան երաշխիք ստեղծի: Որպէսզի հնարաւոր լինի Քեսաբը վերականգնել եւ քեսաբցիներին վերադարձնել իրենց բնօրրանը:
Ինչպէ՞ս էք վերաբերւում միջազգային մամուլի արձագանգներին՝ յաճախ լինում են չճշդուած տեղեկատուութիւն, ապատեղեկատուութիւն:
Ապատեղեկատուութիւնը երկու պատճառ ունի՝ նախ անտեղեակութիւնը, սակայն ապատեղեկատուութեան մէջ մէկ բաժին կայ, որ կազմակերպուած է (նկարների ցուցադրում, բռնաբարուած աղջիկներ, եռագոյն հագած զինեալներ, որ գնում են Քեսաբն ազատագրելու), սա էլ միւս պատճառն է, երբ իրենք ուզում են հայկական գործօնը առճակատման կողմ ցոյց տալ այս պայքարում, սրանով իրենք այլ նպատակ պէտք է յաջողեցնեն: Այստեղ է, որ մենք իրենց ջրաղացին ջուր չպէտք է լցնենք:
Իսկ Հայաստանի արձագանգը, լինի դա պետական մակարդակով՝ կառավարական, խորհրդարանական եւ կամ հանրային:
Կարծում եմ դրական է եւ բնական: Ճիշդ է, այստեղ էլ կար որոշ անտեղեակութիւն, որը պատճառ դարձաւ քայլերի, որոնք եթէ չարուէին եւ կամ չունենանային հրապարակային արձագանգ աւելի ճիշդ կը լինէր, բայց ընդհանուր առմամբ միտումը եղել է դրական, եղել է ազգային եւ համապատասխան:
Հայաստանում նաեւ կոչեր հնչեցին՝ հաւաքուել, զինուորագրուել, գնալ, պայքարել, կռուել:
Դա գալիս է նրանից, որ մարդիկ չգիտեն ինչի մասին են խօսում: Բայց մօտեցումն ազնիւ է, ուզում են մի բան արած լինել, բայց չիմանալով՝ մի քիչ աւելին են ցանկանում, քան կարելի է: Սա միջպետական պատերազմ է Միջերկրական ծովի ափին: Գնալ դրան մասնակցել, կարծում եմ, որ մի քիչ երեւակայութիւնից էլ դուրս է: Թէեւ միտումը կարծում եմ ազնիւ է:
Ի՞նչ է Քեսաբը ոչ միայն սիրիահայութեան, քեսաբահայութեան, այլ ընդհանրապէս հայութեան համար, որն է նրա կարեւոր առանձնայատկութիւնը:
Կիլիկիայի թագաւորութիւնից յետոյ երկու հայաբնակ օջախներ էին մնացել՝ Քեսաբը եւ Մուսա լեռը: Այս առումով խորհրդանշական էին, լինելով սիրիական հող, միաժամանակ մեզ համար հարազատ հայրենի հող էին: Նրանց պատմութիւնը այնքան հին է, այնքան է յետ գնում, որ մի քիչ դժուար է զանազանել կամ նոյնացնել այլ տարածքների, Սփիւռքի այլ գաղթօջախների հետ: Նրանք ինչ որ առումով հայկական էին: Երկար դարերի ընթացքում մշակոյթ է կերտուել, սերունդներ դաստիարակուել, նրանք մարդուժով մատակարարել են Սփիւռքի շատ ու շատ օջախներ, շատ ու շատ հաստատութիւններ: Քեսաբցիների գործօնը հայկական իրականութեան մէջ աննկատ գործօն չէ, մեծ գործօն է: Վեհափառ ենք ունեցել, գիտնականներ, մարդուժ, որ մեր՝ հայ ժողովրդի կապիտալին են մաս կազմում, բաւական մեծ տոկոս են կազմում:
Դուք անցեալ ժամանակով էք արդէն խօսում:
Անցեալը Մուսա լեռին էր վերաբերում, որովհետեւ այնտեղ հիմա մի քանի հայ ընտանիք կայ: Բուն մուսալեռցիք տեղափոխուել են Լիբանանի Այնճար գիւղ:
Ո՞րն է ելքը Քեսաբին այս վիճակից դուրս բերելու:
Առաջին հերթին պէտք է կարելի դարձնել քեսաբցիների ժամանակաւոր կեցութիւնը Քեսաբի մօտ՝ Լաթաքիայում: Դրա համար համահայկական ուժերը պէտք է մոբիլիզացնել (զօրաշարժի ենթարկել): Առանց այդ ժողովրդի Քեսաբի վերականգնումը անի-մաստ է: Սա առաջին ամենակարեւոր հարցն է: Երկրորդը՝ քարոզչութեամբ, ցուցական աշխատանքով: Պէտք է կարողանալ միջազգային ճնշում ապահովել Թուրքիայի վրայ: Թուրքիան այս հարցում ունի բանալի դերակատարութիւն: Եւ երրորդ՝ մեր յարաբերական աշխատանքով պէտք է կարողանանք սիրիական պետութեանը ներկայացնել մեր ակնկալիքները, որ սահմանը ապահով լինի, Քեսաբն ազատագրուած, եւ ժողովուրդն իր յետագայ կեցութիւնը պէտք է կարելի դարձնի Քեսաբում:
Ձեր թուարկած երեք ուղղութիւններով, ներկայ վիճակում ինչ մակարդակի արդիւնաւէտութեան աշխատանք է կատարուել:
Միջազգային առումով, կատար- ւել է մեծ աշխատանք եւ պէտք է շարունակուի ցուցական եւ քարոզչական առումով: Քեսաբի ժամանակաւոր կեցութեան առումով, կարծում եմ, որ անմիջական անհրաժեշտն արուած է: Բայց եթէ այդ ժամանակն աւելի երկարի, լուրջ աշխատանք է պէտք տանել: Իսկ սիրիական պետութեան ուղղութեամբ, կարծում եմ մենք ճանապարհի սկզբում ենք:
Պարոն Մարգարեան, մեր այսօրուայ թեման Քեսաբն էր, բայց հաշուի առնելով այն իրողութիւնները, որ Հայաստանում այսօր կատարւում են, չենք կարող չանդրադառնալ: Վերջին իրադարձութիւնները՝ վարչապետի հրաժարական, խորհրդակցութիւններ, նոր կառավարութեան ձեւաւորում: ՀՅԴն այս ամէնին ինչպէ՞ս է վերաբերւում, ի՞նչ մասնակցութիւն ունի եւ ի՞նչ է տեսնում:
Չեմ ուզում խորանալ այս թեմայի մէջ, բայց ուզում եմ ասել՝ հայկական իրականութեան մէջ, վերջին շրջանում, տիրում էր համատարած յուսահատական մթնոլորտ: Լաւ կեանքի հանդէպ ունեցած յոյսը կարծես վերացել է երկրում: Մարդիկ մտածում են արտագաղթի եւ ծայրայեղ քայլերի մասին: Վարչապետի ուշացած հրաժարականը տալիս է հնարաւորութիւն, ժողովրդի համար յոյսի նշոյլ ստեղծելու: Մենք կարող ենք թունելի վերջում մի լոյս ցոյց տալ: Եթէ կարողանանք, որ այս մասը գործի՝ նոր վարչապետ, նոր կառավարութիւն, կառավարութեան նոր ծրագիր, կը կարողանանք լաւ լուծումների յանգել: Ոչ թէ միայն մարդը փոխենք, այլ փոխենք նաեւ քաղաքականութիւնը, փոխենք մօտեցումը եւ կարողանանք այդ յոյսը ներշնչել մեր ժողովրդին: Ես կարծում եմ կուտակայինի հարցով Սահմանադրական դատարանի որոշումը, վարչապետի ուշացած հրաժարականը կարող են դառնալ այդ յոյսը, եւ այս մասում է պէտք գործը չփչացնել, ամրապնդել այդ յոյսը: Ժողովուրդը պէտք է տեսնի, որ սկսւում է մի գործընթաց, որը դրական ուղղութեամբ է գնում: Շատերը կարող են ինձ երեւակայող համարել, մտածել, որ նման յոյս ունենալը լաւ բանի մասին չի խօսում: Ես այդպէս չեմ մտածում՝ այն ինչ տեղի է ունենում, ինչ կայ այս երկրում կուտակուած, այնքան մեծ է, որ պէտք է սթափեցնի երկրի իշխանութիւններին եւ պատճառ դառնայ լուրջ վերանայումների: