ԼՂՀում կազմակեպուած ազգային վիճակախաղի շուրջ 120.000 տոմս արդէն իրացուել է, որից 70.000ը միայն Սփիւռքում:
Այս մասին Panorama.am-ի հետ զրոյցում ասել է գաղափարի համահեղինակ ու իրականացնող ԼՂՀ փոխ վարչապետ Արթուր
Աղաբեկեանը:
«Ուսումնասիրելով այն պետութիւնների փորձը, որտեղ լոթօ-ները, շահումով խաղերը պետութեան գործառոյթների մէջ են, կայացրինք որոշում՝ ԼՂՀում կազմակերպել եւ անցկացնել ազգային վիճակախաղ: Մինչ օրս երբեք եւ ոչ մի գործարար Արցախում նման նախաձեռնութեամբ հանդէս չէր եկել եւ այդ իմաստով դաշտը նպաստաւոր էր, այն կարծրատիպը, որ լոթօ-ները միայն գերշահոյթ բերող բիզնես են, մեզ չի առնչւում, քանի որ սա պետութեան կողմից նախաձեռնուած վիճակախաղ է նպատակը՝ ազգային», նշում է Արթուր Աղաբեկեանը՝ յորդորելով մեզնից իւրաքանչիւրին մասնակցել Արցախի համար նուիրական ծրագրին:
ԼՂՀ կառավարութիւնը 2013 թուականին նախաձեռնել է Ազգային վիճակախաղ, որից առաջացած ողջ շահոյթը ուղղուելու է վերաբնակեցման ծրագրերին: Մայիսի 9ին շրջանառութեան մէջ դրուած վիճակախաղի խաղարկութեան արդիւնքները կ՛ամփոփուեն 2013ի Դեկտեմբերի 28ին:
Նախաձեռնութեան իրականացման հնարաւորութիւնների եւ գործիքների մասին է Panorama.am-ի հարցազրոյցը՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանի հետ:
Ինչո՞ւ բաւարար չափով ագիտացիա (քարոզչութիւն) չի արւում վիճակախաղի մասին: Որքանո՞վ է Հայաստանի պետական ստրուկտուրան (կառոյցը) ներգրաւուած այդ գործում:
ԼՂՀում օրը ոչ պակաս քան 7-8 անգամ տեսահոլովակի միջոցով ներկայացւում է վիճակախաղի նպատակը, Սփիւռքում եւս ակտիւ քարոզւում է եւ այդ գործում մեզ մեծապէս օգնում է ՀՄՀ՝ ի դէմս գործադիր տնօրէն Արա Վարդանեանի: Օրերս մեզ միացաւ նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերութիւնը՝ ՀՀ տարածքում այդ առաքելութիւնն իրականացնելու համար: Պետական եւ մասնաւոր միւս հեռուստաընկերութիւները, ԶԼՄերն իրենց նախաձեռնութեամբ հանդէս չեն եկել, բայց ժամանակ դեռ կայ, կարծում եմ կը լինեն նաեւ համագործակցութիւններ: Հայաստանում մամուլի 320 վաճառակէտերում կան վիճակախաղի տոմսեր: ՀՀում մեր գործընկերներին՝ կառավարութեան անդամներին խընդրել ենք, որպէսզի իրենք էլ իրենց օղակներով աջակցութիւն ցուցաբերեն եւ կան արդէն արձագանգներ: Մենք ի հարկէ գիտակցում ենք, որ ոչ աւանդական ճանապարհով ենք իրացնում վիճակախաղի տոմսերը, բայց երբ յիշում ես, թէ ինչ շնորհակալ գործի է այն ծառայում, քայ- լերդ մի տեսակ արդարացւում են:
Մեզ քաջածանօթ վիճակախաղերի, լոթօ- ների սինտրոմը (ախտանիշը) չի՞ խանգարում ձեզ, պարոն Աղաբեկեան:
Ես այնքան կ՛ուզէի, որ մեր հայրենակիցներն իսկապէս հետաքրքրուած լինէին այս վիճակախաղով, տեղեկանային մեր ծրագրին, նպատակներին, վերջապէս գիտակցէին, թէ որքան կարեւոր է մեզ համար նրանցից իւրաքանչիւրի մասնակցութիւնը՝ մեր ժողովրդի համար կարեւորագոյն հիմնախնդիրների լուծմանը: Եթէ ինչ որ տեղ էլ հաւատի բացակայութիւն կայ, թող իմ խօսքերը դեր խաղան, որպէսզի մարդկաց մօտ վերականգնուի հաւատը: Մենք մեր նախանձախնդրութեամբ եւ մեր պահուածքով կ՛ապացուցենք, որ այս վիճակախաղի կազմակերպումն ունի այն հիմնական 2 նպատակը, որոնք կարեւոր են Արցախում մեր բնակչութեան դեմոգրաֆիական (ժողովրդագրական) աճի համար: Մի գուցէ այս վիճակախաղն իր տեսակի մէջ խիստ տարբերւում է այն բոլորից, որոնց մեր հասարակութիւնը ծանօթ է 15-20 տարիներ, բայց իմ սերնդակիցները լաւ կը յիշեն, թէ ինչ նշանակութիւն ունէր մեզ համար այդ խաղար- կութիւններին մասնակցելն ամէն անգամ, որովհե- տեւ շրջանառութեան մէջ դրուող վիճակախաղի վրայ կար յստակ ձեւակերպուած նպատակ եւ դրան ծառայում էինք իւրաքանչիւրս՝ մեր մասնակցութեամբ:
Ո՞րն է այս պարագայում յստակ ձեւակերպուած ձեր նպատակը կամ ծրագիրը:
Ծրագիրը մեծ հաշուով ունի երկու հիմնական նպատակ՝ տեղական արտադրանքի խրախուսում եւ վերաբնակեցման ծրագրի իրականացում: Ահա այս երկու հիմնախնդիրների լուծմանը կ՛ուղղուեն ազգային վիճակախաղից ստացուող շահոյթն ու հարկերը: Ի դէպ, տեղական արտադրանքի խրախուսման նպատակով էլ այս անգամ վիճակախաղում բնակարաններից, ուղեգրերից ու աւտոմեքենայից զատ կը խաղարկուեն գորգեր:
Խնդիրները գլոբալ են եւ դրանք ենթադրում են համալիր ծրագրեր, շարունակական աշխատանք: Արդեօ՞ք սահմանափակ քանակով տպագրուած վիճակախաղի տոմսերի իրացումով հնարաւոր է նման մասշտաբային հիմնախնդիրներ լուծել:
Այս անգամ տպագրուել է 300.000 տոմս եւ սա մեզ համար կարելի է ասել փորձութեան շրջան է: Յաջորդ անգամ արդէն կը տպագրուի 1 մլն. ու գուցէ աւելի մեծ քանակով տոմսեր: Ազգային վիճակախաղի ծրագիրը միտում կայ շարունակական դարձնել: Եռատօնի խորհրդանշական օրը՝ Մայիսի 9ին առաջին անգամ շրջանառութեան մէջ դրուեց վիճակախաղը, այս պահի դրութեամբ իրացուել է շուրջ 120.000 տոմս, այսինքն երկու ամսուայ ընթացքում իրացուել է տոմսերի՝ շուրջ 32 տոկոսը: Սա լուրջ հանգամանք է եւ մեզ յոյս է տալիս, որ վիճակախաղը բարեյաջող ընթացք կ՛ունենայ եւ իսկապէս կը լինի շարունակական, մանաւանդ, որ ԼՂՀ իշխանութիւնները ունեն բաւարար քաղաքական վստահութիւն ոչ միայն Արցախում, այլ նաեւ Հայաստանում ու Սփիւռքում:
Վիճակախաղի տոմսն արժէ 2.000 դրամ, ԼՂՀ կառավարութեան հաստատած 2014թ. վերաբնակեցման ծրագիրը հիմնականում կ՛իրականացուի այս վիճակախաղից ստացուող շահոյթից եւ հարկերից գոյացած լրացուցիչ ռեսուրսների (միջոցների) հաշուին: Այս համեստ միջոցները կը ծառայեն ենթակառուցուածքների ստեղծման, ինչպէս նաեւ բնակարանաշինութեան ծրագրին: Այսօր մեր թիւ 1 խնդիրը Քաշաթաղի շրջանի եւ Հադրութի հարաւային մասի վերաբնակեցումն է: Կայ նաեւ կառավարութեան հաստատած «Արաքս»ի ծրագիրը, նպատակ ունենք Արաքսի ափով ձգուող հողատարածքները դարձնել հացահատիկային մշակաբոյսերի ստեղծման գօտի: Իսկ մինչ այդ այս տարածքում անհրաժեշտ է կառուցել բնակարաններ՝ 1ին հերթին այդ տարածքներն օպտիմալ (նպատակայարմար) ձեւով իրացնելու, վերաբնակեցման խնդիրը լուծելու համար: Եւ այս հարցում ակնկալում ենք նաեւ գործարար խաւի աջակցութիւնը: Այդ գօտին նպաստաւոր է նռան այգիներ հիմնելու համար: Մենք յաւակնութիւններ ունենք ԼՂՀն դառնայ տարածաշրջանում նուռ արտադրող եւ արտահանող հիմնական երկըրներից մէկը եւ դրա համար ունենք բաւարար ռեսուրսներ: Ի վերջոյ դա մենք տեսել ենք 25-30 տարիներ առաջ, յիշենք՝ նռենիների ինչ փարթամ ու բերրի այգիներ ենք ունեցել այս տարածաշրջանում: Շատ այգեգործներ այսօր էլ հասել են այն մակարդակին, որ իրենց նռով ու նռան օշարակով ծածկել են ողջ հայաստանեան շուկան: Աւելին, նրանք իրենց հիմնած այգիներից միասին վերցրած՝ տարին ստանում են մի քանի հարիւր տոննա նուռ: Իհարկէ այս ցուցանիշը նռան գինու արտադրութեան համար բաւարար ցուցանիշ չէ, բայց կը հասնենք նրան, որ մօտ ապագայում ծրագիրն ամբողջ ծաւալով կեանքի կը կոչուի:
Իսկ ի՞նչ բիւջէ է նախատեսուած վիճակախաղի իրականացման համար՝ ծախսային մասով:
Օրէնքի պահանջը շատ աւելի բարձր գումար է նախատեսում՝ թոյլ է տալիս ակնկալուող շահոյթից մինչեւ 20 տոկոսի չափով իրականացնել: Բայց մենք մեր խաղարկուող անշարժ եւ շարժական գոյքով, տուրիստական տոմսերի ու տեղական արտադրութեան ապրանքների համար նախատեսուող ծախսով տեղաւորուեցինք մինչեւ 10 տոկոսի սահմաններում:
Զրոյցը վարեց՝
ՍԻՒԶԻ ԲԱԴՈՅԵԱՆ