Մենք  իրաւունք չունենք յոգնելու  եւ  մեզ պարտուած համարելու

Զրույցը վարեց
Վարդան Գաբրիէլեան

Այսօր առիթ է ընձեռուել մեզ մէկ անգամ եւս խօսելու Հայաստանի եւ հայ ժողովրդի խնդիրների մասին: Ամէն առիթով ասում ենք‘

ճակատագրական է պահը: Բայց միւս կողմից էլ մեզ համար պահը միշտ է ճակատագրական: Ի՞նչն է այսօր մեզ համար նորութիւն, ի՞նչ հանգրուանում ենք գտնւում: Հայաստանում անցեալ եւ այս տարի տեղի ունեցան ընտրութիւններ, եղան ընդվզումներ, այս ամէնին զուգահեռ, ըս- տիպուած էինք նաեւ զբաղուել համազգային ցաւոտ  խնդիրներով, ինչպիսիք են՝ սուրիահայութեան եւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած խնդիրները եւ այլն: Այսօր մեր հիւրն է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը, եւ մենք կը փորձենք մեր ունեցած կարճ ժամանակի մէջ գտնել մեզ բոլորիս յուզող որոշ հարցերի պատասխաններ: Արդէն խօսեցի ընտրութիւնների մասին՝ խորհրդա- րանական, նախագահական եւ քաղաքապետական: Դրանցից երկուսին դուք մասնակցեցիք որպէս Դաշնակցութիւն: Առաջին հարցս կուսակցութեան մասին է: Ինչպէ՞ս պատահեց, որ Դաշնակցութիւնը քաղաքապետական ընտրութիւններում անցման տոկոսներ չստացաւ եւ ինչո՞ւ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ստացաւ տեղերի նուազագոյն քանակ:
Ո՞րն է, ուրեմն, Դաշնակցութեան բերելիք նը-պաստը իշխանափոխութեան գործին, որի մասին դուք, որպէս կուսակցութիւն, խօսում էք Հայաստանում, եթէ այդ ընտրական գործընթացներում կուսակցութիւնը փայլուն յաջողութիւններ չունի:

Շնորհակալ եմ հրաւէրի համար եւ կարծում եմ՝ սա եւս մէկ առիթ է անկեղծ զրոյցի համար: Իսկապէս շատ են հարցումները, թէ ինչո՞ւ են Հայաստանում ընտրութիւններն այսպիսի արդիւնքներ տալիս: Հասկանալու համար հայաստանեան ընտրութիւնների տրամաբանութիւնը՝  հարցին պէտք է առաւել խորքային մօտեցում ցուցաբերել: Տեսէք՝ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրութիւններ: Այդ ընտրութիւններում իշխող ուժը ստացել է 80 տոկոս ձայն: Դրան հետեւել է նախագահական ընտրութիւն, որտեղ նոյն իշխող ուժը ստացել է 57 տոկոս քուէ: Ապա տեղի են ունեցել Երեւան քաղաքի աւագանու ընտրութիւններ, որտեղ իշխող ուժը ստացել է 70 տոկոս քուէ: Հարցն այսպէս է դրւում՝ եթէ այս ընտրութիւններն իսկապէս արտայայտում են ժողովրդի ցանկութիւնը, եթէ այդ ընտրութիւններով արձանագրուել է ժողովըրդի կամքը, ուրեմն մէկ եզրակացութիւն պէտք է անել. Հայաստանում ամէն ինչ լաւ է, ժողովուրդը գոհ է իր իշխանութիւններից եւ հէնց այդ պատճառով էլ իշխանութիւնները ձեռք են բերում 70-80 տոկոս քուէ: Բայց չէ՞ որ փաստ է, որ դա իրականութեանը չի համապատասխանում, որ Հայաստանում վիճակը լաւ չէ եւ ժողովուրդն էլ գոհ չէ իշխանութիւններից: Եւ սա մէկ բան է նշանակում՝  եթէ իրական չէ իշխանութիւնների 70-80 տոկոս քուէն, ապա իրական չէ նաեւ քուէների այն քանակը, որ ամէն ընտրութեան ձեռք է բերում ընդդիմութեան այս կամ այն ուժը:

Մենք սփիւռքում գրեթէ համոզուած ենք, որ արձանագրուող թուերի հետ կապուած ինչ-որ խնդիր այնուամենայնիւ կայ:

Այո՛, ասելիքս էլ այն է, որ մեր ընտրութիւնները  չեն արտայայտում ժողովրդի իրական կամքը: Կուսակցութիւնները հնարաւորութիւն չունեն ընտրու- թիւններով չափել իրենց ժողովրդականութեան իրական մակարդակը: Սա մի իրողութիւն է, որ մենք իրաւունք չունենք անտեսելու, որպէսզի չսխալուենք մեր հետագայ դատողութիւնների մէջ: Եթէ փորձեմ արդարանալ, իսկ ես յետոյ կ՛ասեմ, թէ ինչո՛ւ չեմ ուզում արդարանալ, քանի որ այստեղ մեր թերութիւնն էլ կայ, ապա պէտք է ասեմ, որ Դաշնակցութեան անուան դիմաց արձանագրուած թիւը չի համապատասխանում իրականութեանը, քանի որ իշխանութեան անուան դիմաց արձանագրուող թիւերը չեն համապատասխանում իրականութեանը: Սա, կարծում եմ, կարեւոր մեկնակէտ է մեր խօսակցութեան համար, այլապէս մենք կը սխալուենք մեր դատողութիւններում:
Մտածել, որ ընտրութիւնները Հայաստանում  բռնի ուժով կեղծւում են, նոյնպէս ճիշդ չէ եւ իրականութեան հետ կապ չունի: Եւ խորհրդարանական եւ քաղաքապետական ընտրութիւններն անցան համեմատաբար բնականոն պայմաններում, առանց բռնի միջամտութիւնների ու ճնշումների: Բայց դրա փո- խարէն՝  այդ ընտրութիւններում առկայ էր համընդհանուր ճնշման մթնոլորտ, մէկ ուժի ճնշող ներկայութիւն, որը անխնայ օգտագործում էր թէ՛ իր նիւթա- կան հնարաւորութիւնները, թէ՛ քրէական յանցագործ աշխարհը, թէ՛ պետական կառոյցները, թէ՛ պետական լծակները, թէ՛ դատական համակարգը: Դիմել էին բոլոր հնարաւոր միջոցներին, որ դրսում ստեղծուէր այնպիսի մթնոլորտ, որպէսզի ընտրատեղամասերում ի վերջոյ արձանագրուեն իրենց համար ցանկալի արդիւնքներ: Սա մի իրողութիւն է, որ մենք պէտք է նկատի ունենանք: Կայ նաեւ մէկ այլ իրողութիւն: Ցաւօք, թէեւ անկախութիւնից արդէն 20 տարի է անցել, բայց քաղաքական ուժերը Հայաստանում դասական առումով դեռ եւս կազմաւորուած չեն, չեն աւարտել իրենց կազմաւորման գործընթացը: Նկատի ունենալով երկրի տնտեսական վիճակը, նկատի ունենալով ժողովրդի ծանր ընկերային-տնտեսական վիճակը՝ պէտք է ասել, որ քաղաքական կազմակերպութիւնները դեռ չեն կարողացել հասարակութեանը քաղաքականապէս կազմակերպել իրենց շուրջ: Դա է պատճառը, որ Հայաստանում ժողովուրդը մասնակցում է ընտրութիւնների՝  յաճախ չտեսնելով այդ  ընտրութիւնների իմաստը եւ կամ էլ, ի հարկէ հազուադէպ, առաջնորդւում է ընդդէմի ոգով:
Ընտրութիւնների նախօրեակին յաճախ ժողովուրդը շուարում է: Բոլորը նոյն բաներն են ասում: Երբեմն նոյնիսկ իշխանական ուժերն են նոյն բաներն ասում, ինչ ընդդիմադիրները: Ժողովուրդը յայտնւում է անելանելի վիճակում՝  այս բոլորի մէջ իմաստ ունի՞ արդեօք ընտրութիւն անելը: Իսկ եթէ մէկ անգամ էլ արձանագրւում է բացասական արդիւնք, ընտրութիւն հասկացութիւնն այլեւս կորցնում է իր իմաստը, մասնաւորապէս՝ քաղաքականապէս չկազմակերպուած զանգուածի համար:

Այստեղից ծագում է Դաշնակցութեան գաղափարների՝  ժողովրդին հասանելութեան խնդիրը: Տեղի են ունեցել քարոզարշաւներ, բացի նախագահական ընտրութիւններից, բայց այդ ընտրութիւններից առաջ էլ եղան փորձեր՝ կուսակցութիւններին Դաշնակցութեան առաջարկած 7 կէտերի շուրջ համախմբելու, Դաշնակցութեան կողմից մեծ աշխատանք է տարուել ժողովըրդին գաղափարներ մատուցելու ուղղութեամբ: Կարո՞ղ ենք ասել, որ այդ գաղափարները ընկալուած են ժողովրդի կողմից, ժողովրդի, եթէ չասենք քանի տոկոսը իր քուէն կը տայ Դաշնակցութեանը, ապա ո՞ր մասն է ընդունում Դաշնակցութեան այդ գաղափարները, որոնք կարող են տանել իշխանափոխութեան:

Նախագահական ընտրութիւնների նախօրեակին մենք բաւականին լուրջ քաղաքական աշխատանք կատարեցինք: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ամենաքաղաքականացուած ընտրութիւնը հէնց նախագահական ընտրութիւնն է: Մենք մեծ աշխատանք տարանք, որպէսզի ոչ թէ ընդդէմի, այլ յանունի հասկացողութեամբ համախմբում ստեղծենք: Այդ նպատակով մենք հրապարակ բերեցինք եօթ կէտանոց մեր օրակարգը եւ ասացինք, որ այս կէտերի շուրջ միայն կարող է ձեւաւորուել մեր միասնականութիւնը: Մենք բաւականին ծաւալուն աշխատանք տարանք եւ մեզ թւում էր, որ քաղաքական ուժերի շրջանում յաջողել ենք: Քաղաքական ուժերը, մէկը միւսի յետեւից, ամբողջութեամբ կամ առանձին տարաձայնութիւններով, ընդունում էին մեր ծրագիրը: Նոյնիսկ իշխանական առանձին ուժերի ներկայացուցիչներն էին իրենց համակրանքն արտայայտում այդ ծրագրին: Բայց երբ թեւակոխեցինք նախընտրական փուլ, թէեւ մեզ թւում էր, որ յաջողում ենք, միանգամից փուլ եկաւ այդ ամէնը: Յանկարծ բոլորի համար կարե- ւորուեց, թէ ով պէտք է լինի միասնական թեկնածուն:

Բայց պարզ էր չէ՞, որ այդ հարցը ծագելու էր հէնց սկզբից:

Մենք, ճիշդն ասած,  ասում էինք՝ նախ համաձայնուենք օրակարգի շուրջ: Եթէ համաձայնէինք օրակարգի շուրջ, միասնական թեկնածուի հարցը կը դառնար երկրորդական հարց: Դա շատ դիւրին կը լինէր, եթէ արդէն ունենայինք համախոհութիւն, իմանայինք, որ գալիս ենք յստակ այս բանը փոխելու:

Պարոն Մարգարեան, այստեղից մի շատ կարեւոր խնդիր է ծագում: Դուք ասացիք, որ կուսակցութիւնները դեռ եւս անհրաժեշտ չափով չեն կայացել: Չխօսելով համակիրների եւ ժողովրդի մասին որպէս դաշնակիցներ, մենք դրան կ՛անդրադառնանք, ինչպիսի՞ համախոհներ պէտք է փնտռել ու գտնել կուսակցութիւնների ղեկավարների շրջանում, որպէսզի այսպիսի մի ծրագիր ինչպիսին ձերն էր, յաջողութիւն ունենայ: Մենք տեսանք, որ, օրինակ, «Բարգաւաճ Հայաստան»-ը, որ ընդդիմութիւն էր խաղում, դարձաւ այլընտրանք, յետոյ էլ յայտարարեց, որ ընդդիմութիւն չէ: Ուզում եմ ասել՝  չկայ այն քաղաքական դաշտը, որ դուք  կարողանաք ձեր ծրագրի շուրջը հաւաքել մարդկանց:

Այո՛, բայց նախագահական ընտրութիւններից առաջ կար մի կարեւոր հանգամանք: Խորհրդարանական ընտրութիւնները տեղի էին ունեցել այնպիսի դաժան ու ճնշող մթնոլորտում, որ բոլոր կուսակցութիւնները, գրեթէ առանց բացառութեան, համոզուել էին, որ սեփական  ուժերով չէին կարողանալու յաղթել: Բոլորը հասկանում էին, որ միասնաբար հանդէս գալու անհրաժեշտութիւն կայ: Եթէ որոշ ուժեր ցանկանում էին միասնականութիւնը ստեղծել հէնց իրենց թեկնածուի շուրջ, որի յաղթանակը շատ քիչ հաւանական էր, ապա մենք որոշեցինք խաղը շուռ տալ: Նախ՝ միասնականութիւն ստեղծել ծրագրի հիման վրայ: Եւ իսկապէս դրանից յետոյ երկրորդական հարց կը դառնար, թէ ո՛վ էր լինելու միասնական թեկնածուն: Կարող էր դա լինել նոյնիսկ մէկը, որ այդ պահին սեղանի շուրջ հաւաքուած կուսակցութիւններից որեւէ մէկի անդամ էլ չլինէր: Բայց բանը դրան չհասաւ: Շաբաթը ուրբաթից շուտ եկաւ եւ շտապեցին մէկը միւսի յետեւից իրենց թեկնածութիւնները առաջադրել: Բայց դրանից բոլորովին այլ բան ստացուեց: Երբ ակնյայտ դարձաւ, որ միասնաբար հանդէս գալն արդէն անհնար է լինելու, կարծես, առանց պայմանաւորուելու, առանց գրաւոր պարտաւորութիւններ ստանձնելու, առանց խոստումների, ինքնաբերաբար գնացինք այլ ուղղութեամբ, որ այս իշխանութիւններին, որ ընդունակ է բոլոր լծակների շնորհիւ ու ուժով կորզել ժողովրդի քուէն, թողնել միայնակ՝ մեր չմասնակցելով, թոյլ չտալ, որ երկրում հերթական անգամ ընտրութեան նմանակութիւն տեղի ունենայ:

Դա համաձայնուա՞ծ քայլ էր, թէ՞…

Ո՛չ, ո՛չ, ես արդէն ասացի, որ դա յատուկ համաձայնեցուած քայլ չէր, բայց այն ուժերը, որ չմասնակցեցին, գուցէ եւ ներքին քննարկումների արդիւնքում եկան նմանատիպ որոշման եւ մէկը միւսի յետեւից յայտարարեցին, որ թեկնածու չեն առաջադրելու եւ չեն մասնակցելու ընտրութեանը՝  գործող նախագահին՝  իշխանութեանը, միայնակ թողնելով ընտրապայքարում: Սա կարող էր ինչ-որ առումով արդիւնաւէտ լինել, դաս լինէր իշխանութիւնների համար: Մեր չմասնակցելը նպաստեց, որ իշխանութիւնը աւելորդ ինքնավստահութիւն ձեռք բերի: Եւ նախագահական ընտրութիւնները տեղի ունեցան համեմատաբար աւելի ազատ պայմաններում: Այդ ճնշող մեքենան կարծես մի պահ դադարեց գործել կամ նուազագոյն ա- րագութիւններով սկսեց աշխատել: Հէնց դա էլ թոյլ տուեց ժողովրդին՝  իր տեսակէտը արտայայտել: Հիմա ընդդէմի՞ հասկացողութեամբ, իշխանական ուժին չընդունելո՞ւ պատճառով ժողովուրդը ձայն տուեց այսպէս ասած միակ ընդդիմադիր թեկնածուին, թէ՞ ուղղակի իր կամքը արտայայտեց, փաստ է, որ ըն- տրութիւնների հանդէպ նրա վերաբերմունքի մէջ դրական փոփոխութիւն տեղի ունեցաւ: Դա նպաստեց նաեւ, որ քաղաքական ուժերի մէջ քաղաքական կորովը  բարձրանայ, որովհետեւ ժողովուրդն ի վերջոյ կարողացել էր քաղաքական կազմակերպուածութիւն հանդէս բերել: Բայց, ցաւօք սրտի, այդ դրամագլուխը մսխուեց, եւ մենք երկու ամիս անց, ընդամէնը, քաղաքապետական ընտրութիւնների ժամանակ, կանգնեցինք նոյն կոտրած տաշտակի առաջ:

Այսօր Հայաստանում Դաշնակցութեան հիմնական նպատակը իշխանափոխութիւն իրականացնելն է: Այդ մասին ՀՅԴ-ն խօսում է արդէն քանի տարի: Իշխանափոխութեան երկու ճանապարհ կայ՝ կա՛մ յեղափոխական ճանապարհով եւ կա՛մ օրինական պայքարի՝ քուէի միջոցով իշխանափոխութիւն իրականացնելը: Եթէ ձեր նշած գումարներով, ճնշումներով վարչական աղբիւրներ եւ լծակներ, ինչպէս նաեւ քրէական դաշտը օգտագործելով պէտք է տեղի ունենան նաեւ հետագայ ընտրութիւնները, ուրեմն այդ ընտրութիւններից մեծ սպասելիքներ, երեւի, պէտք չէ ունենալ: Ո՞րն է ելքը, որ ժողովրդին դարձեալ կարողանաք վերահամոզել, որ իր ընտրութիւնն ու իր քուէն ուժ ունեն:

Ես ապրում եմ Հայաստանի ժողովրդի մէջ: Իմ օրը սկսւում եւ աւարտւում է ժողովրդի մէջ: Ունեմ հարեւաններ, ունեմ գործընկերներ, կան մարդիկ, ում հետ յարաբերւում եմ առաւօտից մինչեւ գիշեր: Եւ որովհետեւ յարաբերւում եմ, ես ձեզ պէս միայն սեւ եւ սպիտակ չեմ տեսնում վիճակը: Ես չեմ կարծում, որ իշխանութիւնները այլեւս յաղթած են եւ, ինչպէս ասում են, խաղ չկայ իրենց դէմ, որ մենք, իբր, Հայաստանում դատապարտուած ենք նոյնը անընդհատ ապրելու: Ճիշդ հակառակը: Ճիշդ է, այս ընտրութիւններին իշխանութիւններն անհամեմատ բարձր քուէներ են  ստացել, բայց հոգեբանական առումով այսօր  իշխանութիւնները շատ աւելի ընկճուած են: Եւ դրա հիմնական պատճառն էլ այն է, որ իրենք առնուազն գիտեն, թէ այդ քուէն ինչպէս են ապահովել, գիտեն, որ այդ քուէն իրենց հանդէպ ժողովրդի իրական համակրանքի չափանիշը չէ:

Բայց 20 տարի է այդպէս է եւ 20 տարի էլ այդպէս կարող է շարունակուել:

Ո՛չ, այս 20 տարին նոյնը չէ: Այս 20 տարուայ ընթացքում փոփոխութիւններ կան երկրում, այս 20 տարուայ ընթացքում զարգացում է տեղի ունեցել երկրում: Ճիշդ է, որ այդ զարգացման ընթացքը շատ աւելի թոյլ է եղել, ճիշդ է, որ այդ զարգացման ընթացքը մեզ չի բաւարարում, ընդհակառա՛կը, մեր մէջ ընդվզում է առաջացնում, բայց եւ չենք ուզում ամէն ինչ տանել բացարձակութեան եւ բացարձակութեան սահմաններում գնահատել: Եթէ վատ է, դա դեռ չի նշանակում ամէն ինչ սեւ է: Սա ճիշդ մօտեցում չէ: Այսինքն պայքարելով վատի դէմ, ներկայացնելով վատը՝  մենք պէտք չէ գնանք այնպիսի չափազանցութեան, որ քաղաքական պայքարն այլեւս անիմաստ համարուի, առաջ գան ընդհանուր յուսալքութիւն եւ դասալքութիւն:

Բայց որո՞նք են այս վիճակից դուրս գալու լուծումները:

Լուծումը, ես կարծում եմ, մեր մէջ է: Առաջին հերթին, իբրեւ քաղաքական ուժ, մենք մեր ժողովրդին պէտք է կարողանանք համախմբել եւ կազմակերպել: Մենք պէտք է կարողանանք անել այդ դժուարին աշխատանքը: Ամենավատ բանն այն է, երբ քաղաքական ուժը փորձում է հեշտ ճանապարհով իշխանութեան գալ: Իսկ այդ դէպքում նման քաղաքական ուժերը դիմում են կեղծիքի, ամբոխավարութեան, պատեհապաշտութեան, ուրիշ պետութիւնների, դառնում է հինգերորդ զօրասիւն, գործող իշխանութեանը մաս կազմելով է փորձում դառնալ իշխանութիւն: Այսպիսի բաները ապաբարոյականացնում են ոչ միայն տուեալ քաղաքական ուժը, այլեւ ընդհանուր քաղաքական մթնոլորտը: Մեր ընտրածը դժուար ճանապարհն է, ժողովրդի մէջ աշխատելն է, ժողովըրդին կազմակերպելը, նրա քաղաքականացուածութեան մակարդակը բարձրացնելն է: Աշխատա՛նք, աշխատա՛նք, աշխատա՛նք: Պայքա՛ր: Ամէնօրեա՛յ պայքար: Բայց ոչ այնպիսին, որ ամէն օրը ճակատամարտ դառնայ: Ամէն օր դու չես կարող յաղթել, իսկ ամէն պարտութիւն աւելի է թանձրացնում  յետընտրական յուսահատութեան մթնոլորտը: Մենք իրաւունք չունենք յոգնելու եւ մեզ պարտուած համարելու: Պէտք է հասկանանք, որ կայ դժգոհութիւն, որ կայ պատճառ պայքարելու եւ այդ պայքարը պէտք է կազմակերպել: Պէտք չէ յուսախաբ լինել արձանագրուած արդիւնքներից: Ես ասացի՝ այսօր որքան ընդդիմութիւնն է հոգեբանական տագնապի մէջ, նոյնքան էլ՝  իշխանութիւնը, որովհետեւ ոչ ոք իրականում չի յաղթել այսօր Հայաստանում: Եւ ամենակարեւորը՝ ժողովուրդն է պարտուել, որովհետեւ ժողովրդի վիճակի մէջ դրական փոփոխութիւն տեղի չի ունենում: Ես կարծում եմ՝ մենք լուրջ անելիքներ ունենք ինքնակազմակերպուելու, մեր կազմակերպուածութիւնը ընդլայնելու, ժողովրդին մեր շուրջ համախմբելու եւ պայքարի բոլոր մակարդակներում աշխուժացնելու, հասկացնելու, որ այդ փոքր կռիւներից պէտք է մի օր կազմակերպուի ճակատամարտ (սա զէնքի ճակատամարտ պէտք չէ հասկանալ), որտեղ էլ մենք գիտակցաբար կ՛իրականացնենք իշխանափոխութիւն: Կը փոխենք իշխանութիւնը՝ իմանալով թէ ինչ ենք բերում նրա փոխարէն: Վերջին հաշուով՝  ընդդէմի հասկացողութեամբ իշխանափոխութիւնը շատ աւելի դիւրին է իրականացնելը, քան՝ յանունի համար իշխանափոխութիւնը: Մենք յանուն յստակ ծրագրի եւ գիտակցուած իշխանափոխութեան պէտք է կարողանանք տանել մեր ժողովրդին, որպէսզի նրա կեանքի մէջ իրական փոփոխութիւն տեղի ունենայ: Հասկանալով հանդերձ, որ մենք ժողովուրդ ենք, որ ունենք մեր խնդիրները՝ Ղարաբաղի հարց, արտաքին միջամտութիւնների հարց, Ջաւախքի հարց, հայ-թուրքական յարաբերութիւնների հարց: Մեր խնդիրներն իրօք շատ են, եւ որովհետեւ դրանք շատ են, արտաքին ազդակները կարող են դերակատար լինել: Մենք պէտք է չափի գիտակցութիւն ունենանք: Ես չեմ խուսափի յայտարարել բարձրաձայն, որ եթէ երկրին վտանգ սպառնայ, եթէ Աստուած մի արասցէ, Ատրպէյճանը կռուի դուրս գայ Ղարաբաղի դէմ եւ փորձի ուժով լուծել հարցը, մենք կը կանգնենք մեր չսիրած եւ չընդունած այս իշխանութեան կողքին՝  ընդդէմ այդ պատերազմի: Մենք պէտք է հետամուտ լինենք այն ոսկի միջինին, որ կարող է դրական փոփոխութիւն բերել ժողովրդին, բայց եւ չխախտի մեր ազգային անվտանգութեան հիմքերը:

Շատ յաճախ է հնչել այն միտքը, որ թէկուզ ժողովրդավարութիւնը դեռ կաղ է, թէկուզ մարդու իրաւունքները դեռ եւս բաւարար չափով չեն յարգւում, բայց կարեւորն այս պահին Ղարաբաղի հարցն է ու մեր խնդիրն այդ հարցը մեր օգտին լուծելը: Չի՞ թւում, որ ժողովրդավարութեան պակասն ու մարդու իրաւունքների ոչ լիարժէք պաշտպանութիւնը նպաստել են, որ Հայաստանում ստեղծուի այս վիճակը, երբ կայ մեծ արտագաղթ, երբ մարդիկ հեռանում են իրենց իրաւունքները պաշտպանուած չտեսնելով, երբ տեսնում են, որ թափանցիկութեան պակասից երկրի հարստութիւնները կենտրոնանում են միայն առանձին ընտրեալների  գրպանում:

Արտաքին վտանգները դիմագրաւելու համար անհրաժեշտ է միասնական լինել ներքին ճակատում, երկրի ներսում: Իսկ ներքին միասնականութիւն հնարաւոր է, եթէ մեր ներքին կեանքում արդարութիւն լինի: Իշխանութիւնը ժողովրդին իբրեւ ուժ իր թիկունքին կարող է ունենալ արտաքին թշնամու դէմ պայքարում, կարող է այդ պայքարում որեւէ յաջողութեան ակնկալիք ունենալ, եթէ ինքը ներքին կեանքում արդարութեան նախադրեալներ է ստեղծել, զարգացման հնարաւորութիւն է ստեղծել երկրի ու ժողովրդի համար, եթէ ինքը ունի կենսունակ ժողովուրդ: Բայց երբ արտագաղթող հասարակութիւն ունի, եթէ դըժ- գոհութիւնը համատարած է երկրում, բնականաբար այդ իշխանութիւնը չի կարող ակնկալել, որ այդ ժողովուրդը կը համախմբուի իր շուրջ եւ թիկունք կը լինի իրեն՝ արտաքին վտանգները դիմագրաւելու հարցում: Եզրակացութիւնը ո՞րն է՝ սրանք հարցեր են, որոնցից մէկը չի կարող միւսին սպասել: Դրանք պէտք է համընթաց առաջ գնան: Մենք պէտք է կարողանանք մեր ներքին կեանքը, մեր երկրի տնտեսական վիճակը բարելաւել, ժողովրդավարութիւն ու արդարութիւն ապահովենք երկրում, որպէսզի կարողա- նանք արտաքին վտանգները դիմագրաւել: Եւ այն, ինչ այսօր մեզ ամէնից շատ է մտահոգում, հէնց սրա հետ է կապուած: Ընկերային-տնտեսական ծանր պայմանները, համընդհանուր անարդարութեան մթնոլորտը,  որ գոյութիւն ունի մեր երկրում, արդէն ազգային անվտանգութեան հարց է դարձել: Արտագաղթը ոչ միայն որպէս արտագաղթ է մեզ մտահոգում, այլ՝ որպէս մի երեւոյթ, որ սպառնում է մեր ազգային անվտանգութեանը: Երիտասարդութիւնն է թողնում երկիրը, մեր հասարակութեան այն մասը, որ հիմնական երաշխիքն է մեր անվտանգութեան: Կիսելով ձեր տեսակէտն ու մտահոգութիւնը՝ կրկնեմ եւս մէկ անգամ, դրանք երեւոյթներ են, որ մէկը միւսին սպասել չի կարող ու պէտք է համընթաց տարուեն առաջ, որպէսզի արդիւնք տան:

(Շարունակութիւնը մեր վաղուան թիւով):