Անուանի դերասանի յուշերը՝ Սումկայիթի դէպքերէն ետք
Երբ հիմնուեց «Ղարաբաղ» կոմիտէն, դրան կից ստեղծուեց «Աւագների խորհուրդ», որին անդամակցող մտաւորականների թւում էին Սօս Սարգսեանն ու Սիլվա Կապուտիկեանը:
Երբ Սումկայիթից Երեւան եկան առաջին փախըստականները, Սօս Սարգսեանն աշխուժ գործողութիւնների անցաւ: Նա իր բնակարանը վերածեց կեդրոնի, որտեղ ամէն օր հաւաքւում էին բազմաթիւ փախստականներ, կիսւում իրենց խնդիրներով, օգնութիւն ստանում: Ան պատմում է.-
Երբ փախստականները եկան Երեւան, պետութիւնը իմ, Սարգիս Մուրադեանի եւ Զօրի Բալայեանի վրայ նրանց օգնելու «պարտաւորութիւն» դրեց: Շուրջ 6 միլիոն ռուբլի գումար հաւաքեցինք, 25.000 փախստական տեղաւորեցինք Ղարաբաղում՝ նրանց դրամական աջակցութիւն ցուցաբերելով: Մի ոտքս այնտեղ էր, միւսն այստեղ, օրերով, շաբաթներով մնում էինք Ղարաբաղում, փախստականներին հաստատուելու համար օգնութիւն էր պէտք, ոմանց համար անգամ ընտանի անասուններ գնեցինք, որ կարողանային տնտեսութիւն հիմնել:
Դրանք ինձ համար շատ դժուար տարիներ էին, կարելի է ասել, որ իմ կեանքի ամենամռայլ ժամանակահատուածն էր: Այդ ժամանակ մենակ էի ապրում: Գիշեր-ցերեկ դուռս բաց էր, իմ տուն էին գալիս ծայրայեղ ծանր վիճակում գտնուող մարդիկ, կիսւում իրենց խնդիրներով ու հոգսերով:
Մենք խնդիր ունէինք կառավարութեանը տեղեակ պահել մարդկանց ցանկութիւնների, առաջացած տարատեսակ հարցերի մասին, դրանց վերաբերեալ յայտնել մեր կարծիքը, թոյլ չտալ, որ մարդկանց ցրեն: Մեր խնդիրը կառավարութեան հետ համագործակցելն էր: Շատ պարզ ու անկեղծ քննարկումներ էինք ունենում Կարէն Դեմիրճեանի հետ: Ամէն մի հանդիպումից յետոյ խօսում էինք տղաների հետ, փորձում այս կամ այն հարցի վերաբերեալ ճիշդ լուծումներ գտնել:
Կարելի է ասել, որ Աւագների խորհուրդը շատ մեծ նշանակութիւն ունեցաւ շարժման համար, հեղինակաւոր մարդիկ էին խորհրդի կազմում ընդգրկուել: Կարծում եմ՝ Գորբաչովը գիտէր դրա մասին, թէ չէ այստեղ էլ կոշտ գործողութիւնների կը դիմէր:
Երբ գործադուլի կոչեր էին արւում, ես սկզբունքօրէն դէմ էի, ինձ հետ համամիտ էին նաեւ Սիլվա Կապուտիկեանն ու Զօրի Բալայեանը: Կոչեր եղան նաեւ Արցախում, մենք փորձեցինք խօսել ժողովրդի հետ: Գիւղացուն բացատրեցինք, որ գարնան սկզբին գործադուլ անելն այնքան էլ խոհեմ քայլ չի լինի. գիւղացու գործադուլը ո՞րն է:
1988 թուականի Փետրուարի 22-ին Երեւանում տեղի ունեցաւ համընդհանուր գործադուլը:
Մինչեւ հիմա համարում եմ, որ գործադուլը սխալ էր: Սխալ էր նաեւ «Նաիրիտ» գործարանի ու հիւլէական կայանի փակուելը: Երբ փակում էին «Նաիրիտ»-ը, ինձ մօտ մի խումբ մարդիկ եկան, ովքեր 15 տարի աշխատել էին գործարանի ամենաթունաւոր բաժնում՝ բնակարան ստանալու ակնկալիքով: Գործարանի փակուելուց յետոյ նրանց ընտանիքները բազմաթիւ խնդիրների առջեւ կանգնեցին:
Դէմ էի նաեւ հիւլէական կայանի փակմանը՝ պարզ հասկանում էի, որ դա կործանարար է լինելու մեզ համար:
Յաճախ ցուցարարների զայրոյթի առարկայ էին հանդիսանում մոսկովեան պաշտօնաթերթերը:
«Իզվեստիա»-ն, «Փրաւտա»-ն շատ կեղծ հրապարակումներով էին հանդէս գալիս: Խնդիրները շատ էին, հիմնական թեման՝ Ղարաբաղը, ողջ Խորհրդային Միութեան ուշադրութիւնն ուղղուած էր Ղարաբաղի վրայ: Զայրոյթ կար, ցասում, մարդիկ ճիշդ, երբեմն նաեւ սխալ ելոյթներ էին ունենում:
Սօս Սարգսեանի եւ այլ անուանի մտաւորականների ասածները յաճախ քննադատւում էին, այդ մասին անգամ հրապարակումներ էին լինում, բայց դերասանը յիշում է, որ իր հասցէին հնչող քննադատութիւնը համեմատաբար զուսպ էր:
Ղարաբաղ յաճախ էինք գնում, մեզ հետ գալիս էր նաեւ Սիլվա Կապուտիկեանը, այնտեղ շատ հարցեր կային լուծելու, երբեմն խճճւում էինք՝ ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք: Յիշում եմ, շատ լաւ քարտուղար ունէին՝ Հենրիկ Պօղոսեանը (ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարը), ով չենթարկուեց Մոսկուայից եկող հրամաններին:
Մի անգամ ես, Զօրի Բալայեանը եւ Ստեփան Պօղոսեանը կրկին Ղարաբաղում էինք: Երեւան վերադառնալու համար եկանք օդակայան: Արդէն սկսուել էր «Կոլցոյ» (օղակ) գործողութիւնը, խորհրդային բանակն ատրպէյճանական ՕՄՕՆ-ի (ոստիկանական յատուկ ջոկատներ) հետ այնտեղ էր: Ռուս կապիտաններից մէկը մեզ տարաւ օդակայանի առանձին մի սենեակ ու ասաց, որ այնտեղից դուրս չգանք, վտանգաւոր է: Մէկ էլ տեսնենք, որ սենեակի մուտքի մօտ ատրպէյճանական ՕՄՕՆ-ի անդամներից մէկն է կանգնած՝ ինքնաձիգը ձեռքին: Մեզ չնկատելու տեղ դրեց: Կարող էր զէնքը գործի դնել եւ իր ազգի հերոսը դառնալ, բայց չարեց:
Այս ամէնից յետոյ դերասանը երկար ժամանակ ստեղծագործական գործունէութիւն չծաւալեց, հեռացել էր Սունդուկեան թատրոնից, սիրելի գործին վերադարձաւ միայն Համազգային թատրոնը հիմնելուց յետոյ, բայց սրտի վէրքերը դեռ չեն սպիացել:
Իմ սրտում միշտ էլ ապրում է իմ ժողովրդի ցաւը: Ես այդ դարդով եմ ապրում, չեմ մոռանում մեր կորուստները, չեմ կարող ներել թուրքերին՝ մեր մէջքը կոտրելու համար:
Ես այս կեանքից գնում եմ դառնացած, չբաւարարուած, չհատուցուած… Ազգը իր դէմ կատարած ամէն մի չարութիւնից յետոյ հատուցում պիտի պահանջի, որպէսզի շարունակի ապրել, մենք չունեցանք այդ հատուցման պահը:
Զրոյցը վարեց՝ Սիրանուշ Եղազարեան