«Մինչեւ Հայաստանի մէջ լողի մասնագիտացած մարզադպրոցներ՝ իրենց լողաւազաններով չստեղծուին, մարզաձեւի զարգացման մասին խօսիլը աւելորդ է»
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակիցին հետ զրոյցին ընթացքին ըսաւ 1993 թուականէն Հայաստանի լողի ֆետերասիոնի նախագահող՝ փրոֆ. Իկոր Սաֆարեանը։


 
Պարոն Սաֆարեան, ի՞նչ յաջողութիւններ է ունեցել հայկական լողն անցեալում։

Շատ յաջողութիւններ ենք ունեցել: 1953 թուականին լողորդ Անատոլի Սակրիւկովը, որը հայ էր, դարձաւ Սոչիում կայացած մարաթոնեան լողի Խորհրդային Միութեան ախոյեան: Լողի պատմութեան մէջ մենք ունեցել ենք Եւրոպայի պրոնզէ մետալակիր Հռիփսիմէ Ջիլաւեան, Եւրոպայի արծաթէ մետալակիր Արմէն Կաբինին։ 1960 թուականին Հայաստանում բացուեց լողի կեդրոնը։ Դա Երեւանի ներկայիս Չարբախ համայնքում էր: Շատ լաւ բազա էր, երկու լողաւազանով՝ 50 եւ 25 մեթրանոց: Լողի զարգացման մէջ մեծ լումա են ունեցել մարզիչներ Ալեքսանդր Գրաբովսին, Միսակ Գաբրիէլեանը, Ճէյմս Սարգսեանը:  Իսկ արդէն անկախ Հայաստանում լողը զարգացրել են Արման Վահանեանը, Կարէն Ղուկասեան, Արմինէ Աւետիսեանը, այլ նուիրեալներ։
 
Ե՞րբ է  ֆետերացիան ձեւաւորուել եւ ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել:

Ֆետերացիան ձեւաւորուել է դեռ եւս Սովետական Միութեան ժամա- նակաշրջանում՝ 1970-ական թուականներից: Բայց միջազգային լողի ֆետերացիայի՝ ՖԻՆԱ-ի կողմից ճանաչուել ենք 1990 թուականից: ՖԻՆԱ-ում ընգրկուելուց յետոյ միայն, որպէս անկախ պետութեան լողորդները հնարաւորութիւն ունեցան մասնակցել միջազգային մրցաշարերի՝ Եւրոպայի, աշխարհի եւ մի շարք այլ առաջնութիւնների: Որքան մեզ պետութեան կողմից յատկացուած գումարը բաւականացրել է, այդքան էլ մասնակցել ենք մրցաշարերին:
 
Իսկ որքա՞ն է պետութեան կողմից յատկացուած գումարը:

Տարեկան ընդամէնը 8 միլիոն դրամ է: Սա շատ փորք գումար է: Այս պահին մեր 9  լողորդներ երկու մարզիչների հետ Ծաղկաձորում ուսումնամարզական հաւաքի են: Այս ուսումնամարզական հաւաքի վրայ մենք կը ծախսենք 2 միլիոն դրամ: Սա նշանակում է պիւտճէի 25  տոկոսը վատնել մի հաւաքի վրայ: Մնացած գումարով կ'անցկացնենք Հայաստանի 2 առաջնութիւն եւ 1-2 մարզիկի կþուղարկենք Եւրոպայի եւ աշխարհի առաջնութիւններին: Մեզ յատկացուած գումարը ծախսւում է միայն մրցումների վրայ: 8 միլիոն դրամը  բաւարար չէ մարզաձեւի զարգացման համար: Հայաստանի բոլոր լողաւազանները սեփականաշնորհուած են: Բոլոր մարզադպրոցները փակուեցին: Հայաստանում ժամանակին ունէինք 10 մարզադպրոց: Հիմա ոչ մի հատ չունենք: Պետական լողաւազան չկայ: Միայն Դաւիթ Համբարձումեանի լողաւազանն է, որն ինքնաֆինանսաւորւում է: Միայն 25 մեթրանոց՝ հինգ լողուղեակով լողաւազանը պարունակում է 1500 խորանարդ մեթր ջուր:
 
Ստացւում է՝ Հայաստանում լողի զարգացման չսպասենք, քանի դեռ լողաւազանները սեփականաշնորհուած են եւ մարզուելու համար 50 մեթրանոց լողաւազան չկայ:

Լող մարզաձեւով զբաղուելու համար նախ երեխան պէտք է սկսի սկզբնական ուսուցումից՝ երբ երեխան գալիս է, սովորում է լողալ: Սովորում է բոլոր լողաոճերը: Երբ սկսում է լողալ բոլոր լողաոճերը, անցնում է  ուսումնամարզական խումբերի: Հայաստանում սկզբնական ուսումնամարզական  բոլոր խումբերը վճարովի են: Ամսական մասնակցութեան գինը տատանւում է միջինում 14.000-30.000 դրամի սահմաններում: Դրա համար ծնողները գումար գտնում են: Արդէն սպորտային՝ փրոֆեսիոնալ խումբերում ընդգրկուելու համար երեխան պէտք է անցնի ամենօրեայ մարզումների: Այդ մարզումները տեւում են 2-3  ժամ: Այս մարզումների մասնակցութեան գինը սկսւում է 100.000 - 150.000 դրամից:

Ազգային հաւաքական ունե՞նք: 

Ունենք: Այժմ հաւաքական թիմում 23 լողորդ է ընգրկուած: Նրանցից տասը մեծահասակ են, 13-ը՝ պատանիներ: Հաւաքականի անդամները ապահովուած չեն ոչնչով: Կարճ ասած, այս առումով լողը գտնւում է շատ վատ վիճակում:  Լողորդներից 14-ը սպորտի վարպետներ են: Դա  նշանակում է նրանց պէտք է առնուազն մէկ լողաւազան 50 մեթրանոց ունենան մարզումների համար։ Ունենք մէկը՝ Gold’s Gym-ում, որը սակայն մասնաւոր սեփականութիւն է: Երբեմն կարեւոր մրցումներից առաջ այնտեղ անվճար մարզւում ենք, բայց ամէն անգամ չենք կարող մարզուել:
 
Որտե՞ղ է այժմ մարզւում հաւաքականը

Մարզւում են փոքր լողաւազաններում: Բայց այդ փոքր լողաւազանները ձմռանը փակւում են: Միակ պետական լողաւազանը «Դաւիթ Համբարձումեանն» է, որը դեռ  եւս չեն սեփականաշնորհել: Այդ լողաւազանները 25 մեթրանոց են: Իսկ 25-ով մարզուելով չես կարող լաւ արդիւնք ցոյց տալ 50 մեթրանոցում: Բացի լողաւազանի պայմաններից չունենք նաեւ ֆիզպատրաստութեան դահլիճ:

Զրուցեց Լուսինէ Շահբազեանը