Յուլիսի 19ին Ղարաբաղում սպասուող նախագահական ընտրութիւնների նախաշեմին, քաղաքական դաշտում բաւականին ակտիւ պրոցեսներ են ընթանում: Յայտնի է դարձել, որ ԼՂՀ գործող նախագահ Բակօ  Սահակեանի նախընտրական շտաբը ղեկավարելու է երկրի վարչապետ Ա. Յարութիւնեանը:

«ՓԱՆՈՐԱՄԱ».- Պարոն վարչապետ, ինչպէս յայտնի է, դուք ղեկավարելու էք ԼՂՀ գործող նախագահի նախընտրական շտաբը: Ի՞նչ աշխատանքներ եւ ծրագրեր է ենթադրում այս որոշումը:

Դեռ եւս Դեկտեմբերին կայացած իմ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով առաջիկայ նախագահական ընտրութիւնների վերաբերեալ հարցին՝ մեր կուսակցութեան դիրքորոշման առումով, ես յայտարարել եմ, որ նախագահ Բակօ Սահակեանի՝ առաջիկայ նախագահական ընտրութիւններում առաջադրուելու դէպքում, մեր կուսակցութիւնը կը պաշտպանի նրա թեկնածութիւնը: Ինձ շտաբի պետ նշանակելու Բակօ Սահակեանի որոշումը, իմ համար անակնկալ չէր: Նախ՝ այն պատճառով, որ Ազատ Հայրենիք կուսակցութիւնը սատարում է Բակօ Սահակեանի թեկնածութեանը: Բացի դրանից, այդ աշխատանքներին չներգրաւուելու պարագայում եւս, իմ ղեկավարած կուսակցութեան համակիրներն ու անդամները միանշանակ նախընտրական ժամանակահատուածում կը ծաւալէին այս նոյն գործունէութիւնը, ինչ որ ներկայումս իրականացնում են:

Պարոն վարչապետ, Բակօ Սահակեանը առաջադրուել է քաղաքացիական նախաձեռնութեամբ: Ինչո՞ւ նման որոշում կայացուեց:

Անկախ 5 տարիների ընթացքում նախագահը բազմիցս եղել է հանրապետութեան գրեթէ բոլոր համայնքներում, հետեւել կատարուող աշխատանքների ընթացքին, մէկ անգամ եւս ծանօթացել գիւղաշխարհի մարդկանց, մեր լեզուով ասած՝ դարդ ու ցաւին: Տիրող իրավիճակի վերաբերեալ ընդահանուր պատկերացում կազմելուց յետոյ, ձեռնակրուել են համապատասխան աշխատանքներ: Բնական է, որ այդ ամէնը պէտք է ունենար իր տրամաբանական շարունակութիւնը: Տուեալ պարագայում, Բակօ Սահակեանը լաւագոյն թեկնածուն է, ով լաւագոյնս տեղեակ է մեր հանրապետութեան համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու եւ ծրագրերն իրականացնելու եղանակներին, եւ տարբերակում է դրանց անհրաժեշտութեան մակարդակը:
Հերթական հանդիպումներից մէկի ժամանակ, Մարտակերտում, Բակօ Սահակեանը քաղաքացիական նախաձեռնութեամբ առաջադրուելու վերաբերեալ արել էր յայտարարութիւն, որն ընդունուել է հասարակութեան կողմից ամենայն լաւատեսութեամբ եւ ոգեւորութեամբ: Արցախի խորհրդարանում ներկայացուած «Ազատ Հայրենիք»ը, Արցախի Ժողովրդավարական կուսակցութիւնը եւ ՀՅԴն, ինչպէս նաեւ արտախորհրդարանական Արցախի Կոմկուսը (Կոմունիստ կուսակցութիւն) գտնում են Բակօ Սահակեանը լաւագոյն թեկնածուն է՝ առաջիկայ հինգ տարիներին եւս Արցախի հանրապետութեանը ղեկավարելու համար:
Նշուած բոլոր կուսակցութիւնների հերթական համագումարների ժամանակ, ի շարս կուսակցական բնոյթի հարցերի օրակարգում ընդգրկուած էր նաեւ առաջիկայ նախագահական ընտրութիւնների վերաբերեալ տուեալ կուսակցութիւնների դիրքորոշումը: Բոլոր չորս քաղաքական ուժերն յանգել էին նոյն որոշմանը՝ սատարել Բակօ Սահակեանի թեկնածութեանը:

Զարմանալի չէ՞ Կոմկուսի որոշումը՝ սատարել գործող նախագահին:

Դա ոչ այնքան զարմանալի, որքան ուրախալի փաստ է: Յայտնի է, որ վերջիններս իւրաքանչիւր նախագահական ընտրութիւնների ժամանակ իրենց կուսակիցի թեկնածութիւնն են առաջադրել: Առաջիկայ նախագահական ընտրութիւններում, Բակօ Սահակեանի թեկնածութիւնը սատարելու հանգամանքը արցախցիների շրջանում, վերջինիս անձի եւ ներկայացած ծրագրի հանդէպ վստահութեան ու հաւատի կրկնակի աճի երաշխիքն է: Կայ կատարուած գործ, որը պէտք է ունենայ իր տրամաբանական շարունակութիւնը եւ հասցուի Արցախի ազգաբնակչութեան համար ցանկալի աւարտի: Դա քաջ գիտակցում ենք ոչ միայն մենք, այլ նաեւ Կոմկուսն ու այն առանձին անհատները, ովքեր Յուլիսի 19ին կայանալիք ընտրութիւններում իրենց վստահութեան քուէն տալու են Բակօ Սահակեանին՝ համոզուած լինելով, որ, ներկայ պարագայում դա ամենաճիշդ որոշումն է:

Ըստ ձեզ՝ առաջիկայ նախագահական ընտրութիւնները որակական առումով կը տարբերուե՞ն նախորդներից:

Ես համոզուած եմ, որ 21րդ դարում գերտէրութիւնները հաշուի են  նստելու այն չճանաչուած երկրների հետ, որտեղ առկայ են ժողովրդավարական կայացած ինստիտուտներ (հիմնարկներ): Մեր երկրում անցկացւած ցանկացած ընտրական գործընթաց՝ լինի դա նախագահական, խորհրդարանական, թէ ՏԻՄ ընտրութիւններ, միշտ էլ դրականօրէն տարբերուել է նախկինում անցկացուած ընտրութիւններից: Դա Արցախի հանրապետութեան՝ որպէս կայացած կառավարման ինստիտուտներով եւ միջազգային ժովրդավարական չափանիշերին համապատասխան երկրի՝ ձեռքբերումն է: Այնուամենայնիւ, ամենայն պատասխանատուութեամբ ցանկանում եմ նշել, որ գործող նախագահի յանձնարարութեամբ, առաջիկայ նախագահական ընտրութիւնները դասական առումով պէտք է առաձնանան նախորդներից:

Ըստ ձեզ՝ Բակօ Սահակեանին նախորդ նախընտրական ծրագրի մեծ մասը արդէն իրականութի՞ւն է:

5 տարին բաւական կարճ ժամանակահատուած է մի ամբողջ նախընտրական ծրագիրն իրականացնելու համար: Սակայն կարեւորը այն է, որ նշուած բոլոր դրոյթների ուղղութեամբ աշխատանքների մեծ մասը կատարուած է, իսկ որոշները արդէն մեկնարկել են: Բոլոր ոլորտներում ընթանում են բարեփոխման աշխատանքներ: Մի մասը արդէն իսկ հասցուել է իր տրամաբանական աւարտին: Նման ոլորտներում մշակւում են նոր ծրագրեր, արդիւնաւէտ աշխատանքի նոր եզրեր են երեւակւում: Եւ յետոյ քաջ յայտնի է, որ 21րդ դարը նորարարութեան դար է: Այդ իսկ պատճառով, մենք հետամուտ ենք նորի փորձարկմանը՝ հանրապետութեան տնտեսութեան տարբեր ճիւղերում:

Անդրադառնանք Բակօ Սահակեանի նախընտրական ծրագրին: Ընտրութիւնների յաջողութեան պարագայում ինչպիսի՞ նոր անելիքներ են նախանշւում:

Մենք գտնում ենք, որ առաջիկայ նախագահական ընտրութիւնները ծրագրերի ընտրութիւններ են: Նախագահի ծրագիրը ամբողջացուած է արցախահայութեան համար սոցիալական տնտեսական ու անվտանգութեան համար բարւոք պայմաններ ապահովելու սկզբունքով: Բակօ Սահակեանի՝ ընտրութիւններում յաղթելու դէպքում, նրա նախընտրական ծրագրի կեանքի կոչումը մեր բոլորի պատուի հարցն է: Այդպէս եղել է նաեւ նախորդ նախագահական ընտրութիւններից յետոյ: Երկրում իրականացուող բարեփոխումները թոյլ են տալիս հաստատակամօրէն ասելու, որ նախագահը հետամուտ է իր նախընտրական բոլոր խոստումներին: Խորապէս համոզուած եմ, որ դրանցից ցանկացածի աչքաթող արուելու դէպքում, Բակօ Սահակեանը երկրորդ անգամ չէր առաջադրուի այդ պատասխանատու պաշտօնում:

Ի դէպ նախորդ նախագահական ընտրութիւնների թոհուբոհ մտնելուց առաջ Բակօ Սահակեանը, կարծես թէ, հէնց այդ կարգախօսով էլ առաջնորդւում էր:

Այո՛: Պարոն Սահակեանը բազմիցս նկատել է, որ նախագահի պաշտօնը ո՛չ այնքան քաղաքական առաւելութիւն է, որքան հսկայական պատասխանատուութիւն՝ մարդկանց եւ պետութեան ճակատագրի հանդէպ: Ժամանակն է լաւագոյն գնահատական տուողը: Նոյն այդ ժամանակը ապացուցեց, որ դրանք լոկ նախընտրական խօսքեր չէին, այլ իրեն վերապահուող գործի հանդէպ խստապահանջութեան ու նուիրուածութեան դասական օրինակ:

Ի՞նչ կ՛ասէք միւս թեկնածուների ծրագրերի մասին:

Իւրաքանչիւր ոք նախագահի պատասխանատու պաշտօնում առաջադրուելու դէպքում, պէտք է քաջ գիտակցի հարցի ամենայն պատասխանատուութեանն ու լըրջութեանը, առաւել եւս, երբ խօսքը գնում է յետպատերազմեան երկրի մասին: Ուստի՝ իմ կարծիքով՝ առաջադրուած բոլոր թեկնածուների ծրագրերի վերջնական նպատակը հզօր ու բարեկեցիկ Արցախի տեսլականն է: Այլ հարց է, թէ ո՛ր ծրագրում է այն աւելի իրականանալի: Ցանկանում եմ միւս թեկնածուների համակիրներին վստահեցնել, որ առաջիկայ նախագահական ընտրութիւններում չի լինելու յաղթող, այլ լինելու է մի անձ, ով հասել է յաջողութեան եւ ում վերապահուած են ոչ այնքան իրաւունքներ, որքան պատասխանատուութիւն եւ պարտականութիւն: Մեր թեկնածուի յաջողութեան դէպքում, մենք ի վիճակի ենք պատիւով կրել այդ պատասխանատուութիւնը՝ ի շահ Արցախի հերոս ժողովրդի:

Ո՞րն է ընտրութիւններից առաջ Արցախի քաղաքացիներին ուղղուած կոչը:

Մենք երկար ենք պայքարել խաղաղ պայմաններում ազատ արդար եւ թափանցիկ ընտրութիւններ անցկացնելու համար: Պետականաշինութեան, տնտեսապէս եւ քաղաքականապէս հզօրանալու ճանապարհը դիւրին չէ: Իւրքանչիւր գիտակից մարդ դա պէտք է ընդունի ու իր, թէկուզ չնչին, բայց կարեւոր ներդրումն ունենայ այդ գործընթացում: Ցանկացած ընտրութիւնների մասնակցելով՝ մենք իւրովի քար ենք դնում Արցախի պետականաշինութեան հիմքին: Ուրեմն՝ պատրաստակամօրէն դնենք այդ քարը՝ գիտակցելով, որ փոքրիկ քարերից է կերտւում անառիկ ամրոց: