Անդրադարձ՝ կառավարութեան ծրագրի արտաքին քաղաքական մասի վրայ

Հայաստանի Ազգային ժողովն արդէն հաւանութիւն է տուել կառավարութեան հնգամեայ ծրագրին: Պատմէք, խնդրեմ, ծրագրի արտաքին քաղաքական բաղադրիչի մասին:

Առաջիկայ տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը շարունակ

ելու է զարգանալ այն ուղղութեամբ, որի նպատակն է ապահովել պետութեան շահերի պաշտպանութիւնը, երկրի անվտանգութիւնը, տնտեսութեան զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ստեղծումը, Հայաստանի միջազգային հեղինակութեան աճը, տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան ապահովումը:
Ակնյայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն խնդիրներից մէկը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումն է: Այդ առումով առաւել մեծ ջանքեր են գործադրուելու Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ներառելու ուղղութեամբ: Բոլորի համար ակընյայտ է, որ առանց վերջինիս մասնակցութեան բարդ է խօսել գործընթացի արդիւնաւէտութեան մասին: Բնականաբար, մենք ելնում ենք այն դրոյթից, որ հակամարտութեան կարգաւորման հիմքում պէտք է դրուի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Բացի այդ, ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Լեռնային Ղարաբաղի ջանքերը պէտք է ուղղուած լինեն ուժային լուծումների փորձերը բացառելուն: Հայաստանը շարունակելու է աջակցել ԼՂՀ բոլոր քայլերին՝ միտուած նրա տնտեսական զարգացմանը, պաշտպանութեան ամրապնդմանը, եւ, ընդհանուր առմամբ, հայկական երկու պետութիւնները ձեռք ձեռքի տուած շարունակելու են ժողովրդավարական հասարակութեան զարգացման ուղին: Այդ առումով, սակայն, առկայ է հետաքրքիր տարբերութիւն, եթէ Հայաստանն մշտապէս  գտնւում է մոնիտորինգի տակ, մեզ  մատնանշում են խնդիրներն ու սխալները, ապա ԼՂՀ-ն ժողովրդավարական հասարակութիւն է ստեղծում առանց որեւէ արտաքին օգնութեան: Աւելին, Արցախում հերթական ընտրութիւններից յետոյ, որոնք բնութագրւում են միջազ- գային ստանդարտներին իրենց համապատասխանութեամբ, Ատրպէյճանին հաճոյանալու նպատակով երբեմն դատապարտող ձայներ են հնչում:
Հայաստանը շարունակելու է խորացնել դաշնակցային յարաբերութիւններն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, զարգացնել բարեկամական յարաբերութիւնները ԱՄՆ-ի հետ, ընդլայնել համագործակցութիւնը Եւրամիութեան երկրների եւ հէնց ԵՄ-ի հետ: Նաեւ կարեւոր է յարաբերութիւնների հետագայ խորացումը հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ, որոնց ժողովուրդների հետ մեզ կապում են բարի դրացիութեան պատմական կապերը:
Ընդլայնուելու է համագործակցութիւնը Չինաստանի, Հնդկաստանի, Ճափոնիայի, արաբական աշխարհի երկիրների հետ: Առաւել մեծ ուշադրութիւն կը դարձուի ասիական տարածաշրջանի, Ափրիկեան մայրցամաքի եւ Լատինական Ամերիկայի երկիրների հետ յարաբերութիւնների զարգացմանը:
Կառավարութեան ծրագրում յատուկ ուշադրութիւն է դարձուած ռազմա-քաղաքական անվտանգութեան ապահովմանը: Այդ առումով կարեւոր են դաշնակցային յարաբերութիւնները Ռուսաստանի հետ եւ Հայաստանի անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին, որտեղ մենք շարունակելու ենք խորացնել համագործակցութիւնը: Կազմակերպութիւնը համեմատաբար երիտասարդ է, ընթանում է դրա ամրապնդման եւ արդիւնաւէտութեան բարձրացման գործընթացը: Հայաստանն ակտիվօրէն ներգրաւուած է այդ գործընթացում:
Ընդհանուր առմամբ կառավարութեան եւ, մասնաւորապէս, արտաքին քաղաքական գերատեսչութեան ծրագրի կարեւոր բաղադրիչներից են այն ջանքերը, որոնք միտուած են մարդկութեան դէմ այնպիսի յանցագործութեան կանխարգելմանն ու դատապարտմանը, ինչպիսին ցեղասպանութիւնն է: Այդ աշխատանքը առանձնակի կարեւորութիւն է ներկայացնում հայ ժողովրդի վերապրած ողբերգութեան 100-րդ տարելիցի լոյսի ներքոյ: Մեր պետութեան եւ Սփիւռքի կողմից այդ ուղղութեամբ ձեռնարկուող ջանքերը կարեւոր են ոչ միայն հայ ժողովուրդի, այլեւ ողջ միջազգային հանրութեան համար: Քանի որ երբ մարդկութեան դէմ յանցագործութիւնները մնում են անպատիժ, աւելին, երբ հերքւում է յանցագործութեան իրականացման փաստը, դա բարենպաստ պայմաններ է ստեղծում ապագայում նման յանցագործութիւնների կրկնութեան համար:
Մենք նաեւ կը շարունակենք ջանքերն ակտիվօրէն մասնակցելու տարբեր միջազգային կառոյցների գործունէութեանը, լիիրաւ անդամի կամ դիտորդի կարգավիճակով, անկախ այն հանգամանքից, թէ ինչ կազմակերպութիւն է դա եւ  ինչ շահեր են մեզ կապում  դրա հետ:

Նախատեսւո՞ւմ է արդեօք առաջիկայում նոր դեսպանատներ բացել:

Արտասահմանում Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների թիւն աւելացնելու գործընթացը շարունակւում է։ Վերջին երկու տարում Հայաստանի դեսպանատներ են բացուել մի շարք երկրներում: Ջանքեր ենք գործադրելու նոր դեսպանատների բացման ուղղութեամբ:

Մտադի՞ր է արդեօք հայկական կողմը ջանքեր գործադրել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման սեփական դիրքորոշման քարոզչութեան համար:

Հարցն այն է, որ, ըստ էութեան, քարոզչութեամբ զբաղւում է Ատրպէյճանը՝ բանակցութիւններն օգտագործելով որպէս շղարշ։ Մեր խնդիրն է, բացայայտել Ատրպէյճանի կողմից քարոզուող ձեւախեղումները եւ ներկայացնել գործերի իրական ընթացքը։ Չէ որ միջազգային իրաւունքը մե՛նք չենք ձեւախեղում, միջազգային իրաւունքը մեր կողմից է։ Ճշմարտութիւնն այն է, որ հակամարտութիւնն բռնկուել եւ ռազմական գործողութեան է վերածուել Ա- տըրպէյճանի ուժային քաղաքականութեան հետեւանքով։ Պատահական չէ, որ այն, ինչ որ ասում է Հայաստանը, համահունչ է նրան, ինչ ասում են համանախագահ երկրները եւ տարբեր միջազգային ատեանների ներկայացուցիչները: Իսկ Ատրպէյճանի գործողութիւնները եւ  յայտարարութիւնները հակասում են միջազգային կառոյցների եւ միջնորդների կողմից առաջարկուած՝  ժողովուրդների միջեւ վստահութեան  մթնոլորտի ձեւաւորմանն ուղղուած քայլերին, ինչն անհրաժեշտ պայման է համապարփակ խաղաղութեան համաձայնագրին հասնելու համար։ Այսպէս, միջնորդները կոչ են անում դիպուկահարներին դուրս բերել շփման գծից. ԼՂՀ եւ Հայաստանը կողմ են, իսկ Ատրպէյճանը՝ դէմ։ Միջնորդներն առաջարկում են ստեղծել միջադէպերի հետաքննութեան մեխանիզմներ, ինչին կրկին ԼՂՀ եւ Հայաստանը կողմ են, իսկ Ատրպէյճանը՝ դէմ։  Ի պատասխան միջազգային հանրութեան հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղուած կոչերին՝ Ատրպէյճանը դիվերսիաներ է իրականացնում։ Այո, մեր դիրքերը բաւականին ամուր են: Սակայն դա ամէնեւին չի նշանակում, որ պէտք չէ աշխատել, ընդհակառակը, պէտք է աշխատել սեփական դիրքորոշման ճշմարտացիութիւնն աւելի լայնօրէն ներկայացնելու համար։

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի կապակցութեամբ արդեօք սկսուե՞լ են միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքները։

Թէեւ ողբերգական տարելիցն ողջ աշխարհը նշելու է 2015թ.-ին, սակայն, այնուամենայնիւ, իհարկէ, միջոցառումների անցկացման նախապատրաստութիւնն արդէն սկսուել է։ Անհրաժեշտ է հաշուի առնել, որ Թուրքիան շատ է անհանգստացած առաջիկայ տարեթիւի կապակցութեամբ, եւ յամառութեամբ, որն առաւել լաւ կիրառութեան էր արժանի, մոբիլիզացնում է իր ուժերը, այդ թւում՝ արտասահմանեան իր համայնքները, որպէսզի փորձի խոչընդոտել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը: Դա չի կարող օգնել կանգնեցնելու Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, իսկ ժամանակակից Թուրքիայի ղեկավարութիւնը, հերքելով Ցեղասպանութիւնը, միմիայն նմանւում է Ցեղասպանութիւնը կազմակերպած Օսմանեան կայսրութեան ղեկավարութեանը։

Կարող էք աւելի մանրամասն ներկայացնել Հանրապետութեան արտաքին անվտանգութեան բաղադրիչը:

Հայկական երկու պետութիւնն էլ առաջին հերթին ապաւինում են իրենց սեփական ուժերին, եւ ինչպէս Երեւանում, այնպէս էլ Ստեփանակերտում տեղի ունեցած զինուորական տեխնիկայի ռազմական շքերթները ցոյց տուեցին, որ ցանկացած արկածախնդութեան դէպքում պատասխանը կարող է անհամաչափ լինել: Իհարկէ, ժամանակակից աշխարհում անգամ խոշոր երկրների ավտանգութիւնն ենթադրում է համագործակցութիւն, փոխ գործակցութիւն, անդամակցութիւն այս կամ  այն ռազմաքաղաքական դաշինքի: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց միեւնոյն ժամանակ շատ արդիւնաւէտ համագործակցում է նաեւ ՆԱԹՕ-ի հետ: Բացի այդ, Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի դէպքում ՀԱՊԿ պարտաւորուածութիւններից  բացի մենք ունենք երկկողմ համաձայնագիր Ռուսաստանի հետ, եւ ՌԴ նախագահ Տմիտրի Մետվետեւի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ համապատասխան փոփոխութիւն է արուել այդ փաստաթղթում, համաձայն որի ՌԴ-ն պարտաւորւում է հայկական կողմի հետ համատեղ ապահովել Հայաստանի ավտանգութիւնը սահմանի ամբողջ երկայնքով, այլ ոչ թէ նախկին ԽՍՀՄ սահմանի երկայնքով, ինչպէս նախկինում էր: Դրանից բացի, շատ կարեւոր է, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացում ներգրաւուած են երեք պետութիւններ, որոնք ՄԱԿ-ի անվտանգութեան խորհըրդի մշտական անդամ են: Բանակցային գործընթացը, ըստ էութեան, ունի երկու բաղադրիչ՝ նպաստել Համապարփակ խաղաղութեան պայմանագրի ձեռքբերմանը եւ թոյլ չտալ, որ հակամարտութիւնը վերաճի նոր զինուած առճակատման: Պատահական չէ, որ Ատրպէյճանի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի հետ շփման գծում ձեռնարկուած վերջին դիվերսիոն արկածախնդրութիւնները հակահարուած ստացան ինչպէս Մինսկի խումբի համանախագահող երկրների ղեկավարների, այնպէս էլ՝ բանակցային գործընթացում ուղղակիօրէն ներգրաւուած միջնորդների կողմից: ԵԱՀԿ գործող նախագահը՝ Իռլանտայի ԱԳՆ ղեկավարը, եւ ԵԱՀԿ յաջորդ նախագահը՝ Ուքրանիայի արտաքին գերատեսչութեան ղեկավարը, բազմիցս յայտարարել են, որ կազմակերպութեան առաջնահերթութիւններից է հակամարտութեան ուժային լուծումների բացառումը:


ՀՀ արտաքին գործոց նախարարութեան
տեղեկատուութեան գրասենեակ