ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան «Ազատութիւն» ռատիօկայանի թղթակից Սարգիս Յարութիւնեանին տուած հարցազրոյցին մէջ անդրադարձած է Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններուն:
Ստորեւ՝ սոյն հարցազրոյցին բնագիրը.
Եթէ ժողովրդի կամքը չի դրսեւորուել, եթէ ժողովրդի կամքը չի արձանագրուել, ուրեմն կեղծուել են: Կեղծիքները զանազան են լինում, ուղղակի այս անգամուայ կեղծիքը շատ աւելի պրոֆեսիոնալ ձեւով է ծրագրուել եւ կազմակերպուել: Բայց եթէ ժողովրդի կամքը չի արձանագրուել, դա ի՞նչ է նշանակում եթէ քաղաքական ուժերի ճշգրիտ պատկերը, համամասնութիւնը չի ներկայանում Ազգային ժողով, այդ ընտրութիւններն ո՞ւմ են պէտք: Այս անգամ, կարծում եմ, ընտրատեղամասերում տեղի ունեցած խախտումները, ի յարաբերութիւն նախորդ ընտրութիւնների, նուազ էին, բայց այն, ինչ տեղի ունեցաւ ընտրատեղամասերից դուրս՝ ընտրակաշառքի պատկերով, սարսափելի էր, աննախադէպ էր: Այդ տեսակ երեւոյթ դեռ չէր եղել առհասարակ: Այդ դէպքում ժողովրդի 90 տոկոսը դժգոհ է վիճակից, բայց 85 տոկոսը քուէարկել է իշխանութեան օգտին: Դա նշանակում է, որ կեղծ իրավիճակ գոյութիւն ունի: Սա պայթիւնավտանգ իրավիճակ է:
Դուք կանխատեսո՞ւմ էք սոցիալական կամ քաղաքական պայթիւն:
Ցանկացած պայթիւն չեմ էլ ուզում, որ լինի, դրա մասին չէ խօսքը, դա ցանկութեան հետ կապ չունի: Բայց որ այս կեղծ իրավիճակը գոյութիւն ունի, եւ որ այս վիճակը չի կարող երկար տեւել, ես դրանում վստահ եմ:
Ինչի՞ կարող է յանգեցնել այս իրավիճակը:
Ամենասարսափելին արտագաղթի շարունակութիւնն է: Մարդիկ, որ յուսախաբ են լինում, մարդիկ, որ այլեւս թունելի վերջում լոյս չեն տեսնում, եւ իրենց ճակատագիրը փորձում են այլ ափերում փնտռել: Դա ամենասարսափելին է, բայց ես նաեւ չէի ուզենայ, որ մենք քաղաքական անկայունութեան օրեր ապրէինք: Բայց վստահ եմ, որ ինչ որ կերպ այս կուտակուած էներգիան դրսեւորուելու է:
Դաշնակցութիւնը ի՞նչ է պատրաստւում անել՝ հաշուի առնելով, որ ասում էք՝ ընտրութիւնները կեղծուել են, պայթիւնավըտանգ իրավիճակ է ստեղծուել:
Մենք պայքարը շարունակելու ենք. ամէն օր, ամէն տեղ անարդարութեան դէմ պայքարելու ենք: Մենք շղթայազերծելու ենք մի պայքար բոլոր բնագաւառներում, բոլոր աստիճաններում, մինչեւ կարողանանք հասնել այն արդիւնքին, որ թէ ժողովուրդը իմաստ գտնի իր քուէն ճշգրիտ ձեւով արձանագրելու, թէ իշխանութիւններին հնարաւոր չլինի այս մեթոդով առաջ գալու, որովհետեւ ընտրատեղամասերում տարուող ընտրակեղծիքները ընտրական յանձնախմբերի ճշգրիտ պարտականութիւնները կատարելով են պայմանաւորուած: Ընտրակաշառքի դէմն առնելու գործը իրաւապահ մարմիններինն է, նշանակում է՝ մեր երկրում իրաւապահ մարմիններ չունենք:
Դաշնակցութիւնը դաշնակիցներ փնտռելո՞ւ է իր այդ պայքարում, եւ եթէ այո, ապա ովքե՞ր կարող են լինել այդ դաշնակիցները:
Մենք նոյնիսկ այս պահին զերծ ենք մնալու ինքնանպատակ գործողութիւններից. մեր դաշնակիցը համարում ենք ժողովրդին: Կոնկրետ հարցեր յաղթահարելու համար կարելի է ցանկացած ուժի հետ համագործակցել, բայց ընդհանրապէս համագործակցութիւնը ինքնանպատակ չէ: Վերջապէս մենք մի ծրագիր ունենք, որն ուզում ենք իրագործել այս երկրում:
Միասնական շտաբը այեւս գոյութիւն չունի՞:
Կարծում եմ՝ միասնական շտաբը ընտրութիւնների ընթացքը վերահսկելու համար էր եւ իր ֆունկցիան (գործը-Խմբ.) աւարտել է:
Առջեւում նախագահական ընտրութիւններ են, Դաշնակցութիւնը ի՞նչ է անելու՝ ո՞ւմ թեկնածութիւնն է սատարելու կամ իր թեկնածուին առաջադրելո՞ւ է:
Այդ հարցերի պատասխանը մենք ճշդելու ենք մեր գալիք Հայաստանի գերագոյն ժողովի ընթացքում: Ոչ ոք չի կարող ի սկզբանէ այդ հարցերին պատասխանել, բայց մեր կազմակերպութեան մէջ եղած տրամադրութիւնը փաստում է, որ մենք ընտրութիւններին մասնակցելու ենք սեփական թեկնածուով, որովհետեւ ընտրութիւնները վերջ ի վերջոյ պայքարի հնարաւորութիւն են, ժողովրդին քաղաքականացնելու միջոց են, եւ այս իշխանութիւնները, այսպիսի ընտրութիւն կազմակերպելով, շատ մեծ դժուարութիւն են ունենալու նախագահական ընտրութիւններին: