Հայկական ներուժը հնարաւոր է համախմբել
Դուք, իբրեւ «Ռուս-հայկական համագործակցութեան» նախագահ, բազմաթիւ ոլորտներում նպատակներ էք դրել ձեր առաջ, խնդրում եմ մի փոքր մանրամասնէք:
Մենք հասարակական դիւանագիտութեան միջոցով նպաստում ենք ռուսաստանեան քաղաքական, վերլուծական շրջանակներին հայկական խնդիրների ներկայացմանը, հայկական պետականութեան շուրջ համայնքային ներուժի համախմբման եւ հայ-ռուսական տարբեր ծրագրերի իրականացման: Արցախի հարցն ու Հայոց ցեղասպանութեան թեման նոյնպէս կարեւոր տեղ են գրաւում մեր աշխատանքներում: Մեր բոլոր միջոցառումները տեղի են ունենում բացառապէս ռուսաստանեան քաղաքական ու տեղեկատուական հարթակներում, քաղաքական կուսակցութիւնների, վերլուծական կեդրոնների եւ խոշոր հասարակական միաւորումների հետ համագործակցաբար: Միւս առանձնայատկութիւնը ծրագրերի՝ մասնագիտական հէնքի վրայ մշակումն ու իրականացումն է: Օրինակ, «Զգոյշ, պատմական փաստեր» են ծրագիրը ուղղուած է պատմական կեղծարարութեան դէմ, «Ռուս-հայկական համագործակցութեան գրադարան» մատենաշարը կոչուած է ռուսաստանեան լայն շրջանակներին ներկայացնելու հայկական քաղաքական խնդիրների վերաբերեալ աշխատութիւններ: Այսպէս, դրա շրջանակներում մոսկովեան ճանաչուած տարբեր հրատարակչութիւններում լոյս են տեսել Արցախին, Հայերի ցեղասպանութեան, Հայաստանի եւ Ռուսաստանի պատմութեան տարբեր էջերին վերաբերող ուսումնասիրութիւններ: Մեր մատենաշարի հեղինակների թւում են Կիմ Բակշին, Ստանիսլաւ Տարասովը, Անտոնիա Արսլանը, Ռաֆայիլ Զինուրովը, Ալեքսանդր Կռիլովը, Լեոնիդ Ռեշետնիկովը: «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի միջոցառումները նոյնպէս ուղղուած են Հայաստանի շուրջ բարեկամական դաշտի ապահովման: Քաղաքական բանավէճի «Երկխօսութիւն» ակումբը հիւրընկալում է քաղաքական գործիչների ու քաղաքագէտների, քննարկուող թեմաները հրատապ խնդիրների շուրջ են: Քաղաքագիտական կեդրոնների հետ համագործակցութիւնը, տարբեր հարթակներում քննարկուող թեմաների նկատմամբ հայկական տեսակէտի ապահովումը մեր ամենօրեայ աշխատանքի մասն են կազմում: Անցեալ տարում կարելի է առանձնացնել յատկապէս Ռազմավարական հետազօտութիւնների ռուսաստանեան ինստիտուտի եւ Կովկասագէտների գիտական ընկերութեան հետ համագործակցութիւնն ու համատեղ միջոցառումները, ՀԱՊԿ Վերլուծական ընկերակցութեան շրջանակներում գործունէութիւնը, որի անդամ է մեր կազմակերպութիւնը: Մոսկուայի տնտեսական ֆորումի շրջանակում նախորդ տարուայ Մարտին մեր նախաձեռնութեամբ կազմակերպուել է Հայաստանին նուիրուած առանձին կլոր սեղան՝ «Եւրասիական ինտեգրացիայի հեռանկարները եւ Հայաստանը» խորագրով, ուր քննարկուել են ԵՏՄ-ին Հայաստանի միանալու առաւելութիւններն ու մարտահրաւէրները: Իսկ Նոյեմբերին կազմակերպել ենք Արցախի տնտեսական զարգացման նուիրուած ֆորում՝ ԼՂՀ կառավարութեան մասնակցութեամբ: Նախորդ տարի յաջողուեց յարաբերութիւններ հաստատել նաեւ գիւղմեքենաշինութեան ռուսաստանեան առաջատար ձեռնարկութիւններից մէկի եւ ԼՂՀ կառավարութեան միջեւ, շուտով այն կþունենայ իր գործնական արդիւնքները՝ ի նպաստ ԼՂՀ տնտեսութեան: Մեր աշխատանքների առանձնայատուկ մաս է հանդիսանում ՌԴ Պետական Դումայում խմբակցութիւն ունեցող կուսակցութիւնների հետ յարաբերութիւնները: Շարունակական բնոյթ է կրում ռուսաստանեան պատգամաւորներից, հասարակական գործիչներից եւ լրագրողներից բաղկացած խմբերի այցերի կազմակերպումը ԼՂՀ: Մեր հնարաւորութիւնների սահմաններում ըստ ամենայնի նպաստում ենք հայկական գործօնի ներկայացման, համագործակցութեան ծրագրերի զարգացման, հայկական համախմբուածութեան ամրապնդման: Համոզուած եմ, որ հայկական ներուժը հնարաւոր է համախմբել հայոց պետականութեան գաղափարի եւ հայկական մշակութային ժառանգութեան հիման վրայ:
Ի՞նչ աշխատանքներ էք նախատեսում Հայերի ցեղասպանութեան 100-տարելիցի ուղղութեամբ:
Մոսկուայում աւանդաբար անցկացուող փոքրաթիւ պիկետի կողքին մենք նախաձեռնել ենք Ցեղասպանութիւնը դատապարտող ամենամեայ միթինքի անցկացում՝ Մոսկուայի հրապարակներից մէկում: Ցեղասպանութեան դատապարտման եւ Թուրքիայի կողմից ճանաչման պահանջով հինգ միթինք ենք անցկացրել, մէկն էլ՝ ատրպէյճանա-հունգարական գործարքի դէմ: Դրանցում ներգրաւում ենք ռուսաստանեան քաղաքական առաջատար ուժերի պատգամաւորներին, ազգային համայնքների ներկայացուցիչներին, խոշոր հասարակական միաւորումներին: Զուգահեռաբար, իւրաքանչիւր տարի անց ենք կացնում Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած երեկոներ՝ դարձեալ քաղաքական ուժերի մասնակցութեամբ: Դրանից բացի, քաղաքագիտական կլոր սեղանի կամ գիտաժողովի կազմակերպման միջոցով էլ քննարկւում են Ցեղասպանութեան տարբեր դիտանկիւնները: Ահա, ամէն տարի այս համադրութեամբ միջոցառումների անցկացումը հնարաւորութիւն է տուել ձեւաւորելու մէկ համակարգ, որը ընդլայնել է թեմայի տարածման սահմանները եւ տարբեր լսարանների ընդգրկումը: 2013 թ. Մայիսին ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ ձեւաւորվել է Հայերի ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգման ռուսաստանեան յանձնաժողովը՝ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի տրամաբանութեամբ: Արդէն հաստատուել է հանձնաժողովի ծրագիրը, ընթացքի մեջ է դրա գործնականացումը:
Վերջին ամիսներին ակտիւացրել էք աշխատանքները Սիպիրի տարածաշրջանների հետ: Մասնաւորապէս, եղել էք Նովոսիբիրսկում եւ Տոմսկում, աշխատում էք Երեւանի եւ Տոմսկի պետական համալսարանների միջեւ համագործակցութեան ուղղութեամբ: Ի՞նչ արդիւնքներ կարելի է ակնկալել այդ բուհերի համագործակցութիւնից:
Մեզ Սիպիր է հասցրել հայկական քաղաքական գործը, բայց այս անգամ՝ կամաւոր կերպով: Այսպէս, նախորդ տարուայ Նոյեմբերի 8-9ին Նովոսիբիրսկում տեղի ունեցաւ հայկական երիտասարդական կազմակերպութիւնների համառուսաստանեան ֆորումը, որը հրաւիրուած էր Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների երիտասարդական միասնական ծրագրի մշակման օրակարգով: Երկօրեայ բովանդակային քննարկումների արդիւնքում, այս թեմայով վերջին տարիներին Մոսկուայում ձեւաւորուած համակարգը օրինակ ընդունելով, մշակուել է գործողութիւնների միասնական ծրագիր, որը իրականացուելու է ֆորումին մասնակից երիտասարդական միութիւնների կողմից ՌԴ տարբեր սուպյեկտներում՝ Մոսկուայից մինչեւ Ուֆա, Պերմից մինչեւ Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկից մինչեւ Ալթայսկ, Ուլյանովսկից մինչեւ Եկատերինբուրգ եւ ուրիշ խոշոր քաղաքներում: Դեկտեմբերի 16-ին էլ այցելել եմ Տոմսկի պետական համալսարան, որտեղ դասախօսութիւն եմ կարդացել «Հայաստանն ու հայկական գործօնը միջազգային քաղաքականութիւնում» թեմայով եւ համալսարանի ղեկավարութեան հետ քննարկել ինչպէս մեր կազմակերպութեան հետ հետագայ համագործակցութեան զարգացման, այնպէս էլ ԵՊՀ հետ յարաբերութիւնների հաստատման հարցերը: Ի դէպ, Տոմսկի պետական համալսարանը Ռուսաստանի հնագոյն ուսումնական հաստատութիւններից է, հիմնադրուել է 1878 թ.: Այն միջազգային համագործակցութեան հարուստ աւանդոյթներ եւ ազգային-հետազօտական հաստատութեան կարգավիճակ ունի: Ռեկտոր Էդուարդ Գալաժինսկու հետ հանդիպման ժամանակ պայմանաւորուել ենք, որ Տոմսկի եւ Երեւանի պետական համալսարանները գարնան համագործակցութեան համաձայնագիր ստորագրեն, դա համաձայնեցրել ենք նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանի հետ: Տոմսկի պետհամալսարանի ռեկտորը ընդառաջել է Մարտին իրենց մօտ Հայերի ցեղասպանութեան 100-րդ տարելիցի թեմայով միջազգային գիտաժողովի կազմակերպման մեր առաջարկութեան: Առաջարկել ենք նաեւ Տոմսկի համալսարանում հայկական կեդրոն ստեղծել: Ռեկտոր Էդուարդ Գալաժինսկին առաջարկել է ԵՊՀ հետ բնագիտական մասնագիտութիւններից մէկի ուղղութեամբ համատեղ լաբորատորիա ստեղծել, նկատի ունենալով երկու համալսարաններում առկայ ուժեղ դպրոցները եւ աւանդոյթները: Նաեւ նախատեսում ենք Փետրուարին ԵՊՀ-ում համատեղ ձմեռային դպրոց կազմակերպել միջազգային յարաբերութիւնների թեմայով: Ռուսական կողմից ծրագրում կþընդգրկուեն երիտասարդ միջազգայնագէտ-հետազօտողներ, որոնք միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրներով արդէն հրապարակումներով հանդէս են գալիս ռուսաստանեան ճանաչուած հանդէսներում: Միջոցառումը տեղի կþունենայ դրանցից մէկի՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականութիւնում» ամսագրի տեղեկատուական հովանաւորութեամբ եւ կþաւարտի մասնակիցների՝ Արցախ այցելութեամբ:
Հայաստանը յաւակնութիւններ ունի Եւրոպական կրթական տարածքում իր տեղը զբաղեցնելու առումով, արդեօք Ռուսիոյ բուհերի հետ կապուելը չի՞ հեռացնում մեր կրթական համակարգն այդ նպատակից:
Հայաստանի ու Ռուսաստանի բարձրագոյն կրթական համակարգերը նոյն կառուցուածքն ունեն, երկու երկրներն էլ Բոլոնիայի գործընթացի մասնակից են, իհարկէ՝ տարբեր խորութեամբ: Եւրոպական կրթական գործընթացի հիմնական խնդրի՝ կրթութեան որակի ապահովման ուղղութեամբ իր ձեռքբերումները Հայաստանը կարող է ի գործ դնել միւս հարեւանների հետ համագործակցութիւնում: Աւելին, բարձրագոյն կրթութեան եւրոպական մի շարք հետազօտական ծրագրերի դրամաշնորհները տրամադրում են տարածաշրջանի երկրների համալսարանների հետ համագործակցութեան առկայութեան դէպքում: Շատ հայկական համալսարաններ նման ծրագրերի դիմելու համար յաճախ են ռուսաստանեան գործընկերներ փնտրում եւ հակառակը: Բացի դա, ԵՏՄ-ում առկայ է ընդհանուր աշխատաշուկայ, որը սպասարկելու են մեր երկրների կրթական համակարգերը: Եւ վերջապէս, միջհամալսարանական համագործակցութեան միջոցով ռուսաստանեան խոշոր ուսումնական հաստատութիւններում հայկական ներկայութեան ապահովումը նոյնպէս բխում է Հայաստանի շահերից:
Զրուցեց ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ
«Առաւօտ» օրաթերթ 13.01.2015