«Ապառաժ».- Շուրջ մէկ տարի է, ինչ, հիմնականում հայաստանեան լրատուական դաշտում, ժամանակ առ ժամանակ խօսւում է ԼՂՀ ապագայ նախագահական ընտրութիւնների եւ ապագայ հաւանական նախագահի մասին հարցեր՝ չնայած ԼՂՀ նախագահական hերթական ընտրութիւնները կայանալու են երեք տարի յետոյ:

Հետաքրքրական է այն, որ առջեւում դեռ 2015 թուականի ԼՂՀ խորհրդարանական ընտրութիւններն են, ինչը, սակայն, փորձում են ստուերի տակ գցել՝ 2017-ին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրութիւններին առաւել կարեւորութիւն տալով:

Հարց է առաջանում՝ ո՞ւմ է ձեռնտու այս վիճակը, ովքե՞ր են շահագրգռուած 2017թ. ԼՂՀ նախագահական ընտրութիւնների այստեսակ եւ այսբովանդակ քննարկումներով:
ԼՂՀ առաջիկայ նախագահական ընտրութիւնների վերաբերեալ հայաստանեան ԶԼՄ-ներն յատկապէս քննարկում են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասեանի անունը եւ թւում է՝ յստակ պարբերականութեամբ փորձում են թարմ պահել այս լրատուութիւնը:
Այս եւ այլ հարցերի շուրջ մեր թղթակիցը զրուցել է երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, գործարար Սեւակ Խաչատրեանի հետ:

Պարոն Խաչատրեան, շուրջ երեք տարի յետոյ են կայանալու է ԼՂՀ նախագահական ընտրութիւնները, բայց այսօր քննարկման թեմա է այն, խօսւում է հաւանական թեկնածուների մասին: Հայաստանեան ԶԼՄ-ները հիմնականում շօշափում են նախկին նախագահ Արկադի Ղուկասեանի անունը: Ի՞նչ կþասէք այս մասին. կարծում էք նա իրօ՞ք ցանկալի թեկնածու է, թէ ինչ-որ շրջանակի շահարկման առարկայ:

Նախ ասեմ, որ անհամբեր չեմ սպասում 2017 թուականին կայանալիք նախագահական ընտրութիւններին: Այսօր մենք շատ գործ ունենք անելու եւ բազում խնդիրներ կան լուծելու: Կարծում եմ՝ ճիշդ կը լինէր զբաղուել առօրեայ հարցերով: Իսկ ինչ վերաբերում է նախկին նախագահ Արկադի Ղուկասեանի հաւանական վերադարձի եւ նախագահի թեկանծու առաջադրուելուն, կարծում եմ, ճիշդ կը լինէր փակել անցեալի էջերը եւ նայել ու քայլել առաջ: Իրականում հաւատում եմ նոր փոփոխութիւններին: Վստահ եմ, որ Արցախում արժանի թեկնածուների պակաս չի լինի: Արցախցին նոր մտքի, գաղափարի, ծրագրի կարիք ունի:

Այսինքն՝ բացառու՞մ էք նախկին նախագահի վերադարձը:

Ամէն պարագայում, իւրաքանչիւր արցախցու վերադարձն Արցախ ողջունելի է, լաւ կը լինէր ընդհանրապէս չթողնել Արցախը: Պետական պաշտօններ զբաղեցրած անձինք իրենց հեղինակութիւնն ու ձեռք բերած վաստակը պահելու համար անհրաժեշտ է, որ պաշտօնավարութեան աւարտից յետոյ եւս բնակուեն Արցախում: Արցախի նոր նախագահին ընտրելու է Արցախի նոր սերունդը:
Գիտէք, Արցախում նոր սերունդ է ձեւաւորուել, որոնց համար անցեալի ձեւաւորուած փոխընբռնումներն ու այդ հիման վրայ ստեղծուած կառավարման համակարգերը այլեւս ընդունելի չեն: Նոր ձեւաւորուած սերունդն իր վճռական խօսքը պէտք է ունենայ երկրի ապագան կառուցելու գործում:
Մի քանի օր առաջ այս հարցին անդրադարձել է ԼՂՀ նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանը: Անկեղծօրէն ասեմ՝ կը ցանկանայի, որ մեր երկրում շատերը նրա պէս մտածէին: Ինձ համար ոգեւորիչ էր պարոն Բաբայեանի պատասխանը: Նա նշել էր, որ ԼՂՀ-ն Հայաստանի մարզ չէ, որ ինչ- որ մէկը նշանակի կամ էլ «դաբրո» տայ, ժողովուրդն է որոշում՝ ում կուտայ իր ձայնը:

Իսկ դուք , որպէս Արցախի երիտասարդ քաղաքացի , ո՞ւմ հետ էք կապում ձեր եւ երկրի ապագան:

Միայն Դաշնակցութեան: Ես շուրջ 10 տարի է այս կուսակցութեան հետ եմ, եւ նրա ծրագրերի եւ գաղափարախօսութեան հետ եմ կապում մեր երկրի սպաս- ւած ապագան: