Վերջերս «Հայերն այսօրը» տեղեկացաւ, որ Յարութիւն եւ Երեմ Յովսէփեան եղբայրները գնել են Պուլկարիոյ Վառնա քաղաքում գտնուող այն տունը, որտեղ ապրել է Զօրավար Անդրանիկը: Փորձեցինք ճշդել այդ տեղեկութիւնը՝ զրուցելով Պուլկարիայի հայերի միութեան հայաստանեան ներկայացուցիչ Երեմ Յովսէփեանի հետ:
Նպատակ ունենք տունը թանգարանի վերածել
Պարո՛ն Յովսէփեան, կը խնդրէի, որ մի փոքր պատմէք Անդրանիկի տան մասին եւ թէ ինչպէ՞ս այն գնեցիք:
Երբ Անդրանիկը 1907 թուականին տեղափոխւում է Պուլկարիա, Պուլկարիոյ կայսրը Զօրավարին 5 հա հողատարածք է նուիրում: Անդրանիկը հողակըտորի մեծ մասը բաժանում է որբերին, անօթեւաններին, իսկ մի փոքրիկ հատուածում իր իսկ ձեռքով տուն է կառուցում: Անդրանիկը Պուլկարիայում ապրում է մի կնոջ հետ, ով մինչեւ Անդրանիկի հետ ծանօթանալը, աղջիկ է ունենում: Մինչեւ վերջերս տան սեփականատէրերն այդ աղջկայ թոռներ էին, ովքեր այսօր ապրում են Ամերիկայում: Մի քանի տարի առաջ, երբ նրանք ցանկանում են տունը վաճառել, գնման առաջարկով դիմում են Պուլկարիայում ՀՀ դեսպանատուն: Երբ ՀՀ դեսպանատնից դրական պատասխան չեն ստանում, պայմանագիր են կնքում թրքական մի ընկերութեան հետ, որը ցանկանում է տունը քանդել եւ փոխարէնը բազմաբնակարանային շէնք կառուցել:
Երբ ես եւ եղբայրս՝ Յարութիւնը, (Յարութիւն Յովսէփեանը Պուլկարիայի հայերի միութեան նախագահն է) իմացանք, որ Անդրանիկի տունը քանդելու են, անմիջապէս գործի անցանք: Մեզ միշտ հետաքրքրել է Անդրանիկի տան ճակատագիրը, որովհետեւ այն մեզ՝ հայերիս համար սոսկ տուն չէ: Այն Զօրավարից մնացած յիշողութիւն է, որի ամէն մի անկիւնը պատմութիւն ունի: Երկար բանակցութիւններից, քաշքշուկից յետոյ հնարաւոր եղաւ սեփականատէրերի հետ համաձայնութեան գալ ու տունը գնել: Տան սեփականատէրերը պարտաւորուեցին նաեւ մեզ տրամադրել Գեներալի ուսադիրները, ծխամորճը, թանաքամանը, պատմական նկարները եւ Անդրանիկի մազերը, սակայն, վերջինս այդպէս էլ չուղարկեցին:
Ի՞նչ վիճակում էր տունը, երբ գնեցիք:
Տունը շատ անմխիթար վիճակում էր: Մնացել էր միայն Անդրանիկի պատրաստած պահարանը, կոմոդը: Արխիւից հանել ենք տան հին լուսանկարը, որպէսզի նոյնութեամբ վերականգնենք այն: Այժմ այդ աշխատանքներն են ընթանում:
Տունը երեք սենեակ ունի, նկուղային յարկ, որի խորշերում փոքրիկ սէյֆեր են եղել, որոնց մեջ, հաւանաբար, պատմական փաստաթղթեր են եղել: Բայց դրանցից ոչ մի հետք:
Գիտէք, տարօրինակ զգացողութիւն ես ունենում, երբ մտնում ես Անդրանիկի տուն. ողջ մարմինդ փշաքաղւում է, կարծես նրա հոգին առ այսօր թափառում է այդ տան մեջ: Անդրանիկի տունը իւրատեսակ հաւաքատեղի է եղել, Նժդեհն էլ է այդ տանը հիւրընկալուել: Շատ զօրավարներ, ճանաչուած մարդիկ են եղել այդ տանը:
Նպատակ ունենք տունը թանգարանի վերածել: Իսկ թէ երբ բացումը կը կատարուի, դեռ չենք որոշել: Հիմա հաւաքչական աշխատանքով ենք զբաղւում, փորձում կապ հաստատել Անդրանիկի զինակիցների, զինուորների ժառանգների հետ:
Վերջերս Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Հրաչը մեզ ասաց, որ Բուրգասում ապրող մի հայ ընտանիքի մօտ գտնւում է Անդրանիկի տան հայելին: Երկու ամիս առաջ ես եւ եղբայրս Տէր Հրաչի հետ գնացինք Բուրգաս: Եւ այդ ընտանիքը համաձայնեց հայելին մեզ նուիրել:
Առ այսօր Անդրանիկը սիրուած ու ճանաչուած է Պուլկարիայում: Այն թաղամասում, որտեղ գտնւում է Անդրանիկի տունը, բոլորն են Զօրավարին ճանաչում: Իսկ Անդրանիկի տնից մինչեւ նրա անունը կրող հրապարակ՝ ընդամէնը 500 մեթր է: Այն փողոցը, որտեղ գտնւում է Անդրանիկի տունը, մինչեւ 1997 թուականը կոչուել է նրա անունով:
Պարո՛ն Յովսէփեան, Պուլկարիայի հայերի միութեան ջանքերով 2011-ին Անդրանիկի հրապարակում տեղադրուեց Զօրավարի յուշարձանը:
2011 թուականին Վառնայի խորհրդարանը միաձայն որոշեց քաղաքի հրապարակներից մէկն անուանել Անդրանիկ Զօրավարի անունով, որտեղ եւ մենք ցանկացանք տեղադրել Զօրավարի յուշարձանը: Յուշարձանը պատրաստուել է Հայաստանում, հեղինակը Համլետ Գինոսեանն է:
Յուշարձանը Պուլկարիա պէտք է տեղափոխէինք Թուրքիայի տարածքով: Խոչընդոտներ չառաջանալու պատճառով յուշարձանի տեղափոխումը գաղտնի էինք պահում:
Թրքական լոպպին շատ ուժեղ է Պուլկարիայում եւ նրանք Թուրքիայի պատկան մարմիններին տեղեկացրել էին, որ տեղափոխուելու է Անդրանիկի արձանը: Մենք լուրեր էինք տարածել, որ տեղափոխելու ենք պուլկար բանաստեղծ Պէյօ Եավորովի արձանը: Եավորովը, ում անունն է կրում Երեւանի Աջափնեակ թաղամասի դպրոցներից մէկը, եղել է Հայաստանի անկախութեան ջատագովներից եւ բանաստեղծութիւններ է գրել հայերի մասին, նշանաւոր է նրա «Հայեր» բանաստեղծութիւնը։
Ուր երբ Թուրքիայի մաքսատանը յուշարձանը տեղափոխողներին հարցնում են, թէ ում արձանն է, պատասխանը լինում է՝ Եավորովի: Իրականութեան
պարզ դառնալուց յետոյ այս պատմութիւնը մեծ աղմուկ է առաջացնում Թուրքիայում, որին անդրադառնում են անգամ թրքական թերթերը:
Յուշարձանի բացմանը մասնակցել են Պուլկարիայի հասարակական-քաղաքական շրջանակների եւ իշխանութիւնների ներկայացուցիչները:
Մենք այս կերպ փորձում ենք Պուլկարիայում վերականգնել հայկական հետքերը: 2004 թուականին մենք Վառնայի քաղաքապետարանի հրապարակում տեղադրեցինք բազալտից պատրաստուած խաչքար՝ ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան զոհերի: Այս առիթով մենք Պուլկարիայի Հանրապետութեան նախագահ Գէորգի Պըրվանովի կողմից արժանացանք շնորհակալագրի:
Մի յուշարձան էլ տեղադրել ենք Բատակ քաղաքում՝ նուիրուած Բատակի 1876 թուականի ապստամբութեանը: Բացումը կատարուել է Ապրիլի 24-ին: Տոշեւօ քաղաքում նոյնպէս խաչքար ենք տեղադրել:
Պարո՛ն Յովսէփեան, զրոյցի վերջում կը ցանկանայի, որ խօսէք Պուլկարիայի հայերի միութեան ապագայ ծրագրերի մասին :
Մեր ապագայ ծրագրերը միտուած են խթանելու Հայաստանի տնտեսութեան զարգացմանը, որի մասին եւ խօսեցինք ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ հանդիպման ժամանակ: Պուլկարիան Եւրոպայում համարւում է տարանցիկ երկիր, որտեղ եւ մենք նպատակ ունենք բազաներ հիմնել, որպէսզի մեր արտահանողների մուտքը եւրոպական երկրներ աւելի մատչելի լինի: Այս նախաձեռնութիւնը ոչ միայն կþօգնի հայաստանեան արտահանողներին, այլեւ կը նպաստի Հայաստանի տնտեսութեան զարգացմանը:
Յարութիւնը եւ ես մասնակցեցինք վերջերս կայացած Հայրենիք-Սփիւռք 5-րդ համաժողովին, որի ժամանակ իմացանք, որ Գարեգին Նժդեհը նոյնպէս տուն է ունեցել Պուլկարիայում: Այժմ փորձում ենք Պուլկարիայի արխիւներում ճշդել այդ տեղեկութիւնը:
Զրուցեց Լուսինէ Աբրահամեանը