Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալվրցեանը համոզուած է, որ Թիֆլիսի հայկական եկեղեցու վրայ յարձակումը լուրջ մտորումների առիթ է տալիս։

Ամէն անգամ, երբ Վրաստանում, յատկապէս Թիֆլիսում հայոց եկեղեցիների դէմ որեւէ ոտնձգութիւն է կատարւում, հարցին մօտենում ենք այնպէս, կարծես թէ դա նոր երեւոյթ է, եւ իրար ենք խառնըւում:

Հարցը զգայուն է եւ նուրբ: Երկու պետութիւնների, ժողովուրդների փոխ յարաբերութիւններում բազմաթիւ չլուծուած հարցեր կան, որոնցից մէկն էլ եկեղեցու հարցն է: Վիրահայոց թեմը, ըստ էութեան, Վրաստանում պաշտօնապէս չի ճանաչւում որպէս այդպիսին, այլ համարւում է հասարակական կազմակերպութիւն: Այսինքն՝ պետութեան կողմից արդէն իսկ կայ ձեւաւորուած վերաբերմունք Հայոց եկեղեցու նկատմամբ, ինչը պատահական չէ:

Վրաստանում ունենք պատմական մեծ անցեալ, մշակութային ահռելի ներդրում, եւ դրանց մէջ շատ մեծ թիւ են կազմում ճարտարապետական կառոյցները, շէնքերը, յատկապէս եկեղեցիները: Սա ամենազգայուն հարցն է Վրաստանում եւ ընդհանրապէս մեր հարեւան երկրներում:

Պատմութիւնից գիտենք, տեսել ու տեսնում ենք, որ հարեւան երկրներում ամենաշատը Վրաստանում է կատարւում հայ մշակութային արժէքների կողոպուտ: Ոտնձգութիւններ են կատարւում եկեղեցիների, տաճարների նկատմամբ, փորձում են դրանք վրացացնել, իսկ եթէ չի ստացւում, պարզապէս աւերում են: Մի փուլն աւարտում են, հասնում յաջորդին, ապա մշակում յետագայ քայլերը, եւ այդպէս կորցրել ենք բազմաթիւ եկեղեցիներ:

Ինչո՞ւ միայն եկեղեցիներ: Խոջիվանքի գերեզմանատանը, որտեղ հայ գրականութեան, մշակոյթի հարիւրաւոր մեծեր են յուղարկաւորուած, ընդամէնը մի քանիսի շիրիմն է մնացել: Սա Վրաստանի իշխանութիւնների՝ մեր մշակութային պատմական հետքից ազատուելու պետականօրէն մշակուած քաղաքականութիւն է: Դէ, իսկ եկեղեցիների հարցում պետու- թեան աջակցութեամբ ամէն ինչ անում է վրաց եկեղեցին:

Վրացիների շրջանում շատ մեծ է խանդի զգացումը, եւ նրանք ձգտում են ջնջել, ոչնչացնել հայկական դարաւոր պատմութիւնը, հերքել դարերի պատմութիւն ունեցող եկեղեցիների հայկական լինելու փաստը: Նրանք դա անում են երկիրը վրացացնելու, այն միատարր դարձնելու, ազգային փոքրամասնութիւններին դուրս մղելու, վերջապէս ազգ ձեւաւորելու մղումներից ելնելով:

Բայց հայոց եւ վրաց կաթողիկոսները մի ժամանակ հանդիպեցին, զրուցեցին, կարծես թէ միմեանց լաւ հասկացան:

Այո, հանդիպեցին, բայց չգտան խնդրի լուծման որեւէ յարմար, երկու- սին էլ ձեռնտու ելք, ու հարցը մնաց առկախ: Եւ դրա հիւանդագին արձագանգներն այսօր հնչում են Ջաւախքում, Թբիլիսիում, վիրահայոց այլ թեմերում, համայնքներում: Ստացւում է, որ ունենք հին չլուծուած հարց, որպէս դրա հետեւանք՝ մշտապէս նոյն երեւոյթները, բայց դրա նկատմամբ ունենք սիրողական վերաբերմունք:
Եւ նման դէպքերը կրկնուելու են այնքան ժամանակ, քանի դեռ վրացական կողմը չի ոչնչացրել կամ սեփակա- նացրել մեր եկեղեցիները, չի ահաբեկել հայերին: Սա պահանջում է լրջագոյն մօտեցում մեր պետական եւ կրօնական իշխանութիւնների կողմից:

Ոմանք այս դէպքը ցանկանում են կապել ադրբեջանական, նոյնիսկ թուրքական հետքի հետ:

Անլուրջ բան է՝ մտածել, որ այստեղ թուրքական կամ ադրբեջանական հետք կարող է լինել: Այլ բան է, որ սա կարող է ադրբեջանցիների համար ցանկալի, նպաստաւոր լինել: Հայ-վրացական կեղծ բարեկամութիւն, եղբայրութիւն քարոզող մարդիկ, լրատուամիջոցներ, կազմակերպութիւններ, կառոյցներ կան, որոնք տարբեր ձեւերով ցանկանում են երեւոյթներն այլ կերպ ներկա- յացնել, դրանք պատահականութեան վերագրել:
Բոլոր միջոցները սպառեցին, հիմա էլ թրքական կամ ադրբեջանական հետք են փնտռում: Դա անլուրջ բան է: Եթէ նոյնիսկ որեւէ նման միջադէպի ադրբեջանցիներ մասնակցեն, դա չի վկայի ադրբեջանական կամ թուրքական հետքի մասին: Սա, ինչպէս ասացի, քաղաքական խնդիր է, ունի նախապատմութիւն եւ քաղաքական մօտեցում է պահանջում:

Նաեւ հայ-վրացական սահմանի հարցին մէջ բազմաթիւ կնճռոտ խնդիրներ կան:

Այո, սահմանի յստակեցման հարցը կնճռոտ կէտեր ունի, օրինակ, զուտ հայաբնակ գիւղեր կան, որոնց մէջտեղով է անցնում սահմանը: Այնպէս է արւում, որ շրջանցուեն հայկական սրբավայրերը, եկեղեցիները, հնավայրերը, դրանք մնան վրացական կողմում, ճանաչուեն վրացական: Նման շատ խըրթին հարցեր կան, որոնք երկու ժողովուրդների, պետութիւնների միջեւ չլուծուած խնդիրների, անհետեւողականութեան հետեւանք են:
Մենք չունենք հայ-վրացական փոխյարաբերութիւնների մշակւած հայեցակարգ բոլոր առումներով եւ փորձում ենք հանդիպումների ժամանակ բաւարարուել բաժակաճառ-կենացներով՝ նուիրուած երկու ժողովուրդների բարեկամութեանը: Ընդհանրապէս երկու ժողովուրդների միջեւ եղբայրութիւնը կեղծ կատեգորիա է, նրանց միջեւ կարող են լինել շատ լաւ յարաբերութիւններ կամ վատ յարաբերութիւններ, որոնք, ի վերջոյ, իշխանութիւններն են մշակում:
Իրօք սլաւոնական եղբայր ժողովուրդներ են ուկրաինացիներն ու ռուսները, բայց տեսնում ենք, թէ ինչպէս են իրար վրայ յարձակուել: Դա այդպէս է, որովհետեւ նրանց միջեւ նոյնպէս չլուծուած հարցեր կան, որոնք եղբայրներին թշնամիներ են դարձնում:
Մի քանի տասնեակ հայկական եկեղեցիներից այսօր 4-5-ն են մնացել, ու, եթէ այսպէս շարունակուի, դրանք էլ մի օր վերջնականապէս կը կորցնենք, եւ կ՛աւարտուի վիրահայոց դարաւոր պատմութիւնը Թիֆլիսի քաղաքում:


Վարեց՝ ՌՈՒՍԼԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ