«Գրական Թերթ»-ի Նոյեմբեր 20-ի թիւին մէջ, գրադատ Ա. Քալանթարեան կը ներկայացնէ մանուկներու ընթերցանութեան սահմանուած գիրքերը եւ կու գայ այն եզրակացութեան, որ գրեթէ բոլոր գիրքերն ալ կը կրեն «չտեսնուած անփութութեան» մը հետքը:
Գրադատին յիշատակած օրինակներէն կը քաղենք մէկ քանին, ցոյց տալու համար Հայաստանի մէջ մշակուած մանկական գրականութեան դիմագիծը: - «Աղասի Թուրաջեանը կամեցել է երեխաներին ասել, որ անասունն էլ կարող է մայրական զգացմունք ունենալ, կարօտել իր ձագին: Յիրաւի ոչ շատ թարմ, սակայն միշտ էլ՝ յուզող նիւթ: Բայց կարդում ես ու չեմ հաւատում: Ինչո՞ւ: Որովհետեւ դէպքը կատարուել է ոչ թէ Թեղուտում կամ Մրգուզ սարի լանջերին, այլ՝ Ամերիկայի Պոսթըն քաղաքում: Եւ դա միայն նրա համար, որ անասունը կապիկ է, այլեւ՝ նրա համար, որ հեղինակը կարողանայ հարեւանցիօրէն մերկացնել քաղքենի բարքերը՝ նշելով, որ կապիկին տէրը «հաստ փորով, գէր երեսով մի մարդ էր» եւ «խորամանկ» ու «ագահ» հայեացք ունէր: - «Յաջող նիւթ է շօշափել նաեւ Հ. Գարունեանը: Նա պատմում է, թէ ինչպէս հիթլերականներով լցուած գիւղում երկու պիոներ (համայնավար պատանիներ) գերմանական սպայից գողանում են Լենինի արձանիկը, որ սպան ուզում էր նշանառութեան թիրախ դարձնել: Եւ դրա համար նրանցից մէկը նոյնիսկ հատուցում է կեանքով: Եւ դրա համար իրենց կեանքն են տալիս եւս մի քանի հայրենասէր գիւղացիներ: Սակայն, երբ կարդում-վերջացնում ես պատմուածքը, զգում ես, որ այն քեզ ոչինչ չտուեց, որովետեւ լաւ չի գրուած, հոգեվիճակները կեղծ են ու շինծու, մարդիկ խօսում են լրագրային, պաշտօնական լեզուով, իրար նման ու նրանց ասած եւ ոչ մի բառին չես կարողանում հաւատալ»: – «Ինչո՞ւ էք դուք, յարգելի Հայկ Վարդանեան, մեր մանուկներին ծանօթացում, օրինակ, Պեռնարտիի հետ, որի մասին ասում էք, «նրա պապերից մէկը իտալացի էր. իտալեւհապեշական կռուի ժամանակ, երբ իտալացիներն էին յաղթում, նա իտալացի էր, իսկ երբ իտալացիները պարտըւում էին, ասում էր, որ հայ է»: