«Բարգաւաճ Հայաստան» Կուսակցութեան (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկեան «Կենտրոն» հեռատեսիլի կայանին տուած հարցազրոյցին մէջ նշած է, որ ինք եւ իր գլխաւորած կուսակցութիւնը վարչապետէն եւ նոր կառավարութենէն նախ եւ առաջ կ’ակնկալեն նոր ծրագիր եւ նոր մօտեցում եւ թէ անոնք պէտք է կարենան ճիշդ գնահատել երկրին տնտեսութեան իրավիճակը:

Ծառուկեանի կարծիքով՝ վերջին տարիներուն գործուած են շարք մը կոպիտ սխալներ, որոնց հետեւանքով տնտեսութիւնը յայտնուած է կործանման եզրին: «Փոքր ու միջին բիզնէսն, ըստ էութեան ոչնչացուած է, օտարերկրեայ ներդրումներ չկան, ոչ ոք Հայաստանում չի ցանկանում ներդրումներ կատարել: Գիւղի բնակչութիւնը վարկերի տակ սնանկացած վիճակում է, շինարարութիւն չկայ: Այս ամէնի հետեւանքով մարդիկ տասնեակ հազարներով տուն-տեղ թողած գնում են Հայաստանից: Սա նշանակում է, որ սխալ քաղաքականութիւն է իրականացուել, կեղծ թուերով եւ ցուցանիշներով խաբել են մեր ժողովրդին: Դժուար է նախանձել այս կառավարութեանը, որին դժուար աշխատանք է սպասւում: Բայց եթէ կառավարութիւնն ունենայ ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկութիւն, ապա հնարաւոր կը լինի իրավիճակը շտկել»,- ըսած է ան:
Անդրադառնալով վարչապետ Յովիկ Աբրահամեանի հետ իր խնամիական (Ծառուկեանի աղջիկը ամուսնացած է Աբրահամեանի տղուն հետ) կապերուն մասին հարցումին՝ ԲՀԿ-ի պարագլուխը նշած է. «Բարեկամութիւնը քաղաքական կատեգորիա չէ: Կայ նոր վարչապետ, նոր կառավարութիւն. տեսնենք ինչ ծրագրեր են բերում, որքանով են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին եւ խոստումներին: Տեսնենք ինչ են անում, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրանայ: Կան խնդիրներ, որոնք հնարաւոր է 1-2 ամսում լուծել, տեսնենք՝ կը գնա՞ն դրան, թէ՞ ոչ: ԲՀԿ խմբակցութիւնը լինելու է շատ ակտիւ եւ չի հանդուրժելու ոչ մի բան, որը դէմ կը լինի ժողովրդի շահերին: Իմ ամենամօտ բարեկամը ժողովուրդն է: Ես իմ սկզբունքները եւ արժանապատւութիւնը երբեք չեմ զիջելու: Ես լինելու եմ վստահելի ու սկզբունքային իմ քաղաքական գործընկերների հանդէպ: Չի՞ փոխուի իրավիճակը, մարդկանց կեանքը չի՞ լաւանայ, ժողովրդի դժգո- հութիւնը մեծ կը լինի, ուրեմն եր- կրում շատ աւելի լուրջ փոփոխութիւններ են պէտք: Մի քանի մարդու պատճառով չպէտք է տուժի ողջ ժողովուրդը»: