Լուսանկարին մէջ գեներալ-մայոր Արթուր Սիմոնեանի հրամանատարութեամբ գործող խաղաղապահ բրիգադի վաշտերէն մէկու հրամանատար, կապիտան Արտակ Մարտիրոսեանն է: Խաղաղութիւնը իւրաքանչիւրիս համար իր ուրոյն դիմագիծն ունի: Արտակի համար խաղաղութիւնը ասոցացւում է այս պատմութեան հետ։

Մի անգամ հրահանգիչների խմբով գնացինք առաջադրանք կատարելու Արչի նահանգի գիւղերից մէկում: Տեղի բնակիչները երեւի տարիներով մեքենայ չէին տեսել, խաղապահները խուսափում էին այս տարածք մտնել, վտանգաւոր էր: Մենք որոշեցինք կանգ առնել: Դուրս եկանք մեքենայից, եւ մեր շուրջը հաւաքուեցին երեխաներ, բոլորն էլ վարակուած էին մաշկային հիւանդութիւններով: Վախվորած հարց ու փորձ էին անում, կարծես՝ այլմոլորակայիններ լինէինք: Նրանք հեռու էին քաղաքակրթութիւնից եւ անտեղեակ, թէ ինչ է կատարւում աշխարհում: Մեր տղաներից մէկը ծոցատետրից թուղթ էր պոկում եւ բաժանում նրանց, դժուար էր պատկերացնել, որ աշխարհում կայ մի վայր, որտեղ չգիտեն՝ ինչ բան է թուղթը (յուզւում է): Ես այդ թղթից ինքնաթիռ պատրաստեցի եւ նետեցի… այնպիսի իրարանցում առաջացաւ, հաւաքուած երեխաներն իրար ձայն տուեցին, եւ աւելի քան հարիւր փոքրիկներ բոլորեցին մեր շուրջը՝ սպասելով, որ իրենց համար էլ թղթից ինքնաթիռ պատրաստենք: Ես երբեք չեմ մոռանայ նրանց հայացքները՝ տխուր, պարզ ու միամիտ: Շատ ու շատ մարդիկ, անգամ մեծ գումարներ ունենալով, ամբողջ կեանքում չեն կարողանում նման մի երջանիկ պահ պարգեւել դիմացինին: Միայն այդ մի դրուագի համար արժէր խաղաղապահ դառնալ: Մենք մեր հողը պահել գիտենք ու հարկ եղած դէպքում արժանի հակահարուած կու տանք հակառակորդին, բայց եթէ աշխարհի մէկ այլ ծայրում մեր կարիքը զգացւում է, եթէ այսօր ի զօրու ենք անգամ մէկ մարդու կեանք փրկել, մէկ երեխայի երջանկացնել, ուրեմն պէտք է անենք: