Ջաւախքահայութեան իրաւունքներու պաշտպանութեան համակարգող խորհուրդը բաց նամակով մը դիմած է Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզիին, որ յառաջիկայ օրերուն պաշտօնական այցով Թիֆլիս պիտի ժամանէ:
Ստորեւ կը ներկայացնենք սոյն նամակին բնագիրը.

2011թ. Հոկտեմբերի 6-7 Հարաւային Կովկասի երկրներ նախատեսուող ձեր այցի կապակցութեամբ ցանկանում ենք ձեր ուշադրութիւնը հրաւիրել Ջաւախքի խնդիրների վրայ: Հայաստանին ու Թուրքիային սահմանակից Վրաստանի հարաւ-արեւմտեան հայաբնակ այս երկրամասում հետզհետէ սրւում է հումանիտար իրավիճակը:
Վրաց իշխանութիւնները, կոպտօրէն ոտնահարելով մարդու եւ ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեան բնագաւառում ստանձնած միջազգային պարտաւորութիւնները, նորանոր քայլեր են ձեռնարկում ջաւախքահայութեան քաղաքական, քաղաքացիական, լեզուակրթական, կրօնական եւ մշակութային իրաւունքների սահմանափակման ուղղութեամբ: Այսպէս՝ հետզհետէ խստացւում է Ջաւախքի հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ վրաց ուժային կառոյցների վերահսկողութիւնը, սահմանափակւում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազօրութիւնները, կեղծւում են ընտրութիւնները: Գնալով սահմանափակւում է հանրային կեանքում մայրենի լեզուն օգտագործելու հայ բնակչութեան իրաւունքը: Վրացերէնի իմացութեան բարելաւման պատրուակով միջոցներ են ձեռնարկւում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղութեամբ, անօրինական կերպով աշխատանքից են ազատւում հայ ուսուցիչները:
Այս գործընթացների դէմ Ջաւախքի բնակչութեան արդարացի եւ խաղաղ բողոքի դրսեւորումներին վրաց իշխանութիւնները փորձում են հակադարձել սադրանքների եւ անօրինական գործողութիւնների միջոցով: Այսպէս, 2008թ. Յուլիսին ձերբակալուեց եւ մի շարք շինծու մեղադրանքների հիման վրայ 10 տարուայ ազատազրկման դատապարտուեց Ջաւախքի հայազգի քաղաքական գործիչներից մէկը՝ Վահագն Չախալեանը, որը հետեւողականօրէն քննադատում էր ջավախքահայութեան նկատմամբ վրաց իշխանութիւնների քաղաքականութիւնը: Վերոնշեալ գործընթացները հետզհետէ աւելացնում են վրաց իշխանութիւնների նկատմամբ Ջաւախքի բնակչութեան հիասթափութեան եւ դժգոհութեան տրամադրութիւնները, ինչը մեծացնում է տարածաշրջանի կոնֆլիկտային պոտենցիալը (հակամարտութեանց հնարաւորութիւնը):
Վրաց իշխանութիւններն այսօր յայտարարում են, որ Եւրամիութեանն անդամակցելը հանդիսանում է Վրաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթ նպատակներից մէկը: Սակայն Սահակաշվիլիի վարչակարգի կողմից իր երկրի հայազգի քաղաքացիների նկատմամբ որդեգրած գործելաոճը հակասում է հիմնական եւրոպական չափանիշներին, ինչը նշւում է բազմաթիւ փորձագէտների կողմից եւ արտացոլուած է համապատասխան միջազգային կազմակերպութիւնների զեկոյցներում: Այս պարագայում, վրաց իշխանութիւններին ուղղուած մարդու եւ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները յարգելու եւրոպական երկրների յորդորները կարող են լուրջ դրական ներգործութիւն ունենալ:
Արդ, մենք դիմում ենք ձեզ՝ ի թիւս այլ հարցերի ձեր վրաց պաշտօնակցի առջեւ Վրաստանի հայ համայնքի խնդիրները բարձրացնելու խնդրանքով: Վրաստանի իշխանութիւնները պէտք է ստանան յստակ ուղերձ առ այն, որ եւրոպական կառոյցներին ինտեգրուելու (միանալու) ձգտումներն անհամատեղելի են իրենց երկրի հայազգի քաղաքացիների օրինական իրաւունքների կոպիտ ոտնահարման քաղաքականութեան հետ, եւ հակառակը, հայ փոքրամասնութեան խնդիրների լուծումը միմիայն նպաստելու է Վրաստանի հետագայ կայացմանն ու զարգացմանը, տարածաշրջանային կայունութեան ամրապնդմանը: