Գիտակցելով իր ամբողջական պատասխանատուութիւնը կուսակցութեան վերջին շրջանի քաղաքականութեան համար՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը, կազմակերպութեան Գերագոյն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրութեանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծուած նոր իրավիճակի վերաբերեալ:

Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը ներքին ու արտաքին բարդագոյն մարտահրաւէրներ է դիմագրաւում: Իշխանութիւնների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահութիւնն ապագայի հանդէպ եւ արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ՝ առկայ խնդիրները հնարաւոր է լուծել երկրում համերաշխութեան մթնոլորտ ձեւաւորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:
ՀՅ Դաշնակցութիւնը ձեւակերպել է համակարգային փոփոխութիւնների, նոր որակի պետութիւն ստեղծելու, արդիւնաւէտ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփուած են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների եօթ կէտանոց փաթեթում: Վստահ ենք՝ դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կը բերի ծանրագոյն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կեանք կ’երաշխաւորի: Մենք հետեւողականօրէն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը՝ ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակութեան լայն զանգուածներին ու քաղաքական ուժերին:
Այս հանգրուանում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը որդեգրում է հետեւեալ մօտեցումները.
1.- Մաս չկազմել նոր ձեւաւորուող կառավարութեանը:
2.- Հետեւել իշխանութեան եւ կառավարութեան գործողութիւններին, նրանց հանդէպ մեր վերաբերմունքն ու գործակցութեան ձեւաչափը պայմանաւորել առաջարկուած փաթեթի իրագործման աստիճանով:
3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում՝ մի կողմից ձգտելով հանրութեանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դա- ւանած ազգային-պետական արժէքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, միւս կողմից՝ փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունութիւնից:
Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականութեան հզօրացումը, մեր քաղաքացիների արժանապատիւ, բարեկեցիկ կեանքը:
Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինը այս դիրքորոշումները յանձնում է հանրութեանն ու մեկնարկելիք Գերագոյն ժողովին՝ բնականաբար բոլոր հարցե- րի վճռահատումը թողնելով հայաստանեան կազմակերպութեան բարձրագոյն ժողովին:


ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
17 Ապրիլի 2014թ.