Կայացած  համայնք՝  հզօր  պետութիւն

ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէն յայտարարութեամբ մը հանդէս եկաւ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մէջ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն:

Յայտարարութեան մէջ գրուած է թէ «տեղական ինքնակառավարման համակարգը պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է եւ կոչուած է խորացնելու ժողովրդավարութեան սկզբունքները, նպաստելու պետականաշինութեան գործընթացը»:
«Ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւններ. ահա այն հիմնական սկզբունքները, որին մենք դաւանում ենք: Ժողովրդավարութեան նոր հանգրուանի հասնելու համար ժողովուրդը պէտք է գիտակցի եւ առարկայօրէն զգայ, որ ինքը հիմնական դերակատարն է պետութեան զարգացման գործընթացում եւ մասնակիցը՝ պետական կառավարման համակարգում: Հետեւաբար, սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում ձեզ՝ ակտիվօրէն մասնակցել ընտրութիւններին՝ ձայն տալով ձեր նախընտրած թեկնածուին:
Առ այդ, ՀՅԴ Արցախի կառոյցը հետամուտ է լինելու տեղական ինքնակառավարման մարմինների իրական ինքնակառավարման իրաւունքների եւ պարտականութիւնների առաւել ընդլայմանը եւ յանձնառու աւագանու համակարգի կայացմանը:
Մենք համոզուած ենք, որ կայացած համայնքը երաշխիքն է հզօր պետութեան»:
Իր կարգին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն մը տարածած է՝ Լեռնային Ղարաբաղի մէջ տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւններուն վերաբերեալ Ատրպէյճանի կողմէ վերջին նախաձեռնութիւններուն եւ Պաքուի արձագանգին առնչութեամբ:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս կ՛ըսուի.
«Սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում անցկացուած տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրութիւնները հանդիսացել են ժողովըրդավարական գործընթացի հերթական յաջող դրսեւորումը: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները օգտուել են ազատ ընտրութեան՝ աշխարհի բոլոր ժողովուրդների անօտարելի իրաւունքից: Այս համաթեքսթում մենք դիտարկում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում ժողովրդավարական գործընթացների ցանկացած քննադատութիւն՝ չհիմնաւորուած եւ միջազգային յարաբերութիւնների զարգացման ժամանակակից միտումներին չհամապատասխանող:
«Բացի դրանից, արտաքին գործերի նախարարութիւնը տեղին է համարում Ատրպէյճանին յիշեցնել Լեռնային Ղարաբաղի ժողո- վըրդին ժողովրդավարական զարգացման եւ քաղաքացիական հասարակութեան ամրապնդման իրաւունքից զրկելու փորձերի դատապարտուածութեան մասին եւ միաժամանակ‘ մտահոգութիւն է յայտնում հարեւան հանրապետութիւնում նոյնատիպ            գործընթացների բացակայութեամբ:
«Նախարարութիւնը նաեւ դիմում է միջազգային հանրութեանը՝ կոչ անելով կառուցողական եւ հետեւողական վերաբերմունք դրսեւորել Լեռնային Ղարաբաղի Հան- րապետութիւնում բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում են Հարաւային Կովկասում բաց եւ ժողովրդավարական հասարակութեան ձեւաւորմանը»: