Ջաւախքն ու ջաւախքցին այսօր մեր ազգային քաղաքականութեան առաջնահերթ հիմնահարցերից պէտք է լինէին: Յամենայն դէպս՝ այդպէս է մտածում եւ համոզուած է հայ հասարակութիւնն ու ժողովուրդը: Բայց, չգիտես ինչու, այլ կերպ են հարցին մօտենում ու մտածում Հայաստանի իշխանութիւնները՝  դրսեւորելով պահպանողական քաղաքականութիւն:


Ու ինչպէս երէկ «Ալիք»-ում հարցազրոյցի ժամանակ նշեց Ջաւախքի Հասարակական կազմակերպութիւնների խորհրդի ներկայացուցիչ Արտակ Գաբրիէլեանը, Ջաւախքն այսօր Հայաստանի իշխանութիւնների ձեռքին դարձել է գործիք, մինչդեռ պէտք է վերածուի գործօնի:
Պահպանողական ձեւակերպումը մեղմ համարելով՝ պրն. Գաբրիէլեանը Հայաստանի   իշխանութիւնների նման կեցուածքը  որակեց որպէս զիջողական եւ պարտուողական, որը եթէ կարողանար մի փոքր վրացական իշխանութիւնների նման ազգային քաղաքականութիւն վարել, յամենայնդէպս՝ Ջաւախքն այսօր այս աստիճան ծայրայեղ վատ չէր լինի:
Ընթերցողին յիշեցնենք, որ Արտակ Գաբրիէլեանը Իրանում  է՝ Սպահանի  հայոց թեմի  հրաւէրով, ուր մասնակցել է Հայաստանի  անկախութեան  20-ամեակին նուիրուած միջոցառմանը եւ այս օրերին նա արդէն  Թեհրանում է ու երէկ այցելեց «Ալիք», որտեղ էլ նրա հետ ունեցանք հարցազրոյց, ուր առաւել մանրամասն անդրադարձել ենք Ջաւախքին, Ջաւախքում հայապահպանմանն ու սոցիալ-տնտեսական խնդիրներին:
Հարցազրոյցից զատ՝ պրն. Գաբրիէլեանը հանդիպեց թերթի խմբագրին, այցելեց «Ալիք»-ի աշխատանքային տարբեր բաժիններ, իսկ արդէն մօտակայ համարներում մեր հարցազրոյցը   առաւել մանրամասն ընթերցողի ուշադրութեանը կը յանձնենք Արտակ Գաբրիէլեանի մեկնաբանութեամբ, որը արտացոլում է նաեւ Ջաւախքի հայութեան համընդհանուր հոգսերն ու խնդիրները:


«Ալիք»