Սահմանադրական դատարանը 24 Յուն- ւարին որոշում տուած է կասեցնելու Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին Հայաստանի օրէնքի գործադրութիւնը՝ մինչեւ անոր սահմանադրականութեան հարցին անդրադառնալը: Սահմանադրական դատարանի մամլոյ ծառայութիւնը այս մասին հրապարակած է հաղորդագրութիւն մը, որուն մէջ նշուած է.

«Հայաստանի սահմանադրական դատարանը 2014 թուականի Յունուարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի օրէնքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ յօդուածների սահմանադրականութեան վերաբերեալ» գործի դատաքննութեան աւարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի օրէնքի 76-րդ յօդուածի եւ 86-րդ յօդուածի 3-րդ մասի գործողութիւնը: «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի օրէնքի 34-րդ յօդուածի 2-րդ մասի հիման վրայ որոշումն ուժի մէջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջութեամբ այդ թւում՝ պատճառաբանական մասին կարելի է ծանօթանալ դատարանի պաշտօնական կայքում»:
Նշենք, որ Սահմանադրական դատարանը կասեցուցած է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրէնքի 76-րդ յօդուածը, որ կը սահմանէ պատասխանատուութիւնը‘ պարտադիր կուտակային վճարումները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Բացի ատկէ, կասեցուած է նաեւ 86-րդ յօդուածի 3-րդ մասի գործադրութիւնը: 86-րդ յօդուածը եզրափակիչ դրոյթներն են, իսկ 3-րդ մասը հետեւեալ սահմանումը կը կատարէ. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թուականի յունուարի 1-ը պէտք է սոյն օրէնքով նախատեսուած կարգով կատարեն կենսաթոշակային հիմնադրամի եւ կենսաթոշակային հիմնադրամի կառավարչի ընտրութիւն, այլապէս ընտրութիւնը կատարւում է սոյն օրէնքի 10-րդ յօդուածի առաջին եւ 2-րդ մասերով եւ 39-րդ յօդուածով սահ- մանուած կարգով»:
Յայտնենք, որ յիշեալ գործով դատաքննութիւնը պիտի կայանայ 28 Մարտ 2014-ին, բանաւոր ընթացակարգով:

 

Հայաստանի Ազգային Ժողովի Չորս Խմբակցութիւններու Միացեալ Յայտարարութիւն

2014 թուականի Յունուարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչեւ գործի դատաքննութեան աւարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրէնքի 76-րդ յօդուածի եւ 86-րդ յօդուածի 3-րդ մասի գործողութիւնները:
Սա նշանակում է, որ 1974-ին եւ դրանից յետոյ ծնուած աշխատող անձինք չեն խախտել օրէնքի պահանջը՝ մինչեւ 2014 թուականի Յունուարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնտ եւ ֆոնտի կառավարիչ:
Բացի այդ՝ առնուազն մինչեւ 2014 թուականի Մարտի 28-ը գործատուները կարող են չհաշուարկել եւ չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որեւէ պատասխանատուութիւն:
Ելնելով այս որոշման էութիւնից, վերահաստատելով օրէնքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղութեամբ համակարգուած պայքարի կարեւորութիւնը՝ կոչ ենք անում
1.- Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշուարկում եւ փոխանցում մի կատարէք: Այլապէս, աշխատակիցների փաստացի տնօրինուող աշխատավարձերը կը նուազեն, աշխատակիցներին կը ստիպէք այս անորոշութեան մէջ ընտրութիւն կատարել կենսաթոշակային ֆոնտերի եւ կառավարիչների միջեւ: Եւ եթէ 2014 թուականի Մարտի 28-ի դատաքննութեամբ օրէնքի վիճայարոյց դրոյթները ճանաչուեն սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր, դուք եւ ձեր աշխատակիցները կը կրէք չվերականգնուող ելեւմտական կորուստներ:
2.- 1974 թուականին եւ դրանից յետոյ ծնուած աշխատող բոլոր քաղաքացիներին‘ մի կատարէք ընտրութիւն կենսաթոշակային ֆոնտերի եւ կառավարիչների միջեւ, յորդորէք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն եւ չփոխանցեն:
3.- Գործատուների միութիւններին եւ արհեստակցական միութիւններին՝ պաշտպանէք ձեր իրաւունքները համախմբուած հասարակութեան հետ, թոյլ մի՛ տուէք որեւէ մարմնի կողմից ձեր կազմակերպութեան անդամների նկատմամբ անօրինականութեան պարտադիր գործադրում:
4.- Հայաստանի Հանրապետութեան պաշտօնատար անձանց, կառավարութեանը եւ Կենտրոնական դրամատան՝ դադարեցրէք ապատեղեկատուութիւնը քննարկուող օրէնքի վերաբերեալ, ինչը մենք գնահատում ենք որպէս բացայայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրայ:
5.- Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին, կազմակերպութիւններին եւ պայքարող երիտասարդութեանը՝ էլ աւելի համախմբուած, լայն թափով շարունակէք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղուած գործողութիւնները:
6.- Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կը ճանաչի պարտադիր բաղադրիչը սահմանադրութեանը հակասող եւ կ՛առաջարկի խնդրի սահմանադրական լուծման այնպիսի տարբերակ, որը հաշուի կ՛առնի կենսաթոշակային համակարգի առջեւ ծառացած բոլոր մարտահրաւէրները:
Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դէմ:


ՀՅԴ - ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ -
ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ - ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՔՈՆԿՐԵՍ