Աշխարհի տարբեր մասերում ապրող իմ թանկագի՛ն քոյրեր եւ եղբայրներ,

Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ ծննդեան տօների առթիւ եւ մաղթում, որ 2014 թուականը լինի կայունութեան, վերելքի, ձեր երազանքների իրականացման տարին:

Վստահ եմ, որ գալիք տարում ձեր հայրենանուէր գործունէութեամբ, ձեր նուիրումով ու միասնական գործակցութեամբ էլ աւելի կը համախմբուի Սփիւռքը, եւ  կեանքի կը կոչուեն բազում հայանըպաստ ձեռնարկներ:
Համոզուած եմ, որ 2014-ը կը լինի զբօսաշրջութեան զարգացման տարի. Հայրենիք չայցելած իւրաքանչիւր հայ կը գայ եւ  Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախաշեմին իր գլուխը կը խոնարհի անմեղ զոհերի յիշատակի առաջ եւ առաւել կը ճանաչի իր Հայրենիքը:
Հայրենիքը կանչում եւ սպասում է ձեզ:
Կասկածից վեր է, որ տարբեր ոլորտներում ներդրուող մեր ջանքերը պէտք է ուղղորդենք՝ հզօրացնելու մեր Հայրենիքը,ամրապնդելու Հայաստանի եւ  Արցախի անվտանգութիւնը:

Սիրելի՛  բարեկամներ,
Մի կողմից մեր բոլորի հայեացքն ուղղուած է դէպի Սիրիա, եւ բոլորիս ցանկութիւնն է, որ օր առաջ դադարի արիւնահեղութիւնը, մեր հայրենակիցները գտնեն իրենց հոգու անդորրը: Միւս կողմից Սիրիայում պատերազմից տուժած մեր հայրենակիցներին աջակցելը  իւրաքանչիւրիս պարտքն է ու պարտաւորութիւնը նրանց Հայրենիքում հաստատուելու, «Նոր Հալէպ» բնակարանաշինութեան ծրագիրը կեանքի կոչելու, մեր քոյրերին ու եղբայրներին Սիրիայում օգնելու համար:
Բոլորիս երազանքն է, որ Նոր տարում ամենուր խաղաղութիւն լինի, եւ  հանդուրժողականութիւնը, սէրն ու երջանկութիւնն ուղեկցեն իւրաքանչիւրիս:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մաղթում եմ ձեզ առողջ երկարակեցութիւն, հոգու մշտատեւ զուարթութիւն, աշխուժութիւն ու զօրացում՝ շարունակելու դժուարին, սակայն պատուաբեր ու ազգանպաստ ձեր առաքելութիւնը, որտեղ էլ որ գտնուելիս լինէք:
Թող գալիք տարին Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի համար լինի համազգային նպատակների իրականացման, նուաճումների եւ նորանոր ձեռքբերումների տարի:
Թող Նոր տարին զերծ պահի մեզ ամէն տեսակ փորձութիւնից, եւ  յաջողութեամբ պսակուեն մեր բոլոր ազգանուէր գործերը:
Թող Սուրբ ծննդեան  լոյսն առաջնորդի աշխարհասփիւռ հայութեանը՝ ի բարօրութիւն եւ  ի միասնութիւն Հայաստանի Հանրապետութեան, Արցախի եւ  Հայկական սփիւռքի:

Սիրով  եւ  բարեմաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ