Հայաստանի մարզական լրագրողներու ֆետերասիոնը իր կազմակերպած հարցման արդիւնքով, ազատ ոճի ըմբշամարտի 66 քիլոյի աշխարհի ախոյեան Դաւիթ Սաֆարեանը՝ ճանչցուեցաւ 2013 թուականի երկրի լաւագոյն մարզիկ։

Այս առիթով «Արմէնփրէս»ի թղթակիցը զրուցեց նշանաւոր մարզիկի հետ։ Հարցազրոյցը վարեց Զաւէն Վարդանեան։

Դաւիթ, այն որ դուք ճանաչցուել էք լաւագոյնը, դժուար չէր կռահել, բայց, ամէն դէպքում ինչպէ՞ս ընդունեցիք այս փաստը։
Ինձ համար դա շատ հաճելի եւ միաժամանակ պատասխանատու փաստ է։ Հայաստանի տարուայ լաւագոյն մարզիկ ճանաչուելը նշանակում է, որ ես հետագայում աւելի շատ պէտք է աշխատեմ, վերացընեմ ունեցած թերութիւնները, ձգտեմ նոր յաղթանակների։ Ասեմ, որ Ռուսաստանում, որտեղ ես բնակւում եմ, այս լուրը մեծ ուրախութիւն առաջացրեց իմ ընկերների, մարզիկների, ինչպէս նաեւ Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքի շրջանում։
Ամբողջ մի երկրի լաւագոյն մարզիկ ճանաչուելն իրօք մեծ պատիւ է։

Համաձա՞յն էք այն մտքին, որ չեմպիոնի տիտողսը նուաճելը աւելի հեշտ է, քան այն պահպանելը։
Միանշանակ։ Ես շատ լաւ հասկանում եմ, որ Բուդապետշտում նուաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը՝ ես հետագայում մրցակիցների աւելի ուժեղ դիմադրութեան եմ հանդիպելու, իմ մրցակիցներն աւելի մտածուած կը գոտեմարտեն, այնպէս որ պէտք է ամէն կերպ բարելաւեմ սեփական մարտաոճս՝ հաշուի առնելով այն հանգամանքը։

Այս անգամ Հայաստանի լաւագոյն մարզիկների տասնեակում 7 տեղ զբաղեցրել են ըմբիշները։
Ինձ համար սա արտակարգ հաճելի փաստ է։ Չափազանց ուրախ եմ իմ ըմբիշ ընկերների համար, ովքեր արժանացել են նման պատուի։ Սա նաեւ վկայում է Հայաստանի սպորտում ըմբշամարտի մեծ դերի եւ յաջողութիւնների մասին։ Ես կը ցանկանամ շնորհաւորել տասնեակում տեղ զբաղեցրած բոլոր մարզիկներին եւ յաջողութիւն մաղթել նրանց, ամբողջ հայկական սպորտին, Հայաստանին։

Ի՞նչ ծրագրեր ունէք առաջիկայում։
2014 թուականին Հայաստանի ըմբիշներին լուրջ փորձութիւններ են սպասում՝ Եւրոպայի առաջնութիւն, աշխարհի գաւաթ, տարբեր կարգի միջազգային մրցաշարեր։ Հանգիստի ժամանակ փաստօրէն չի լինում, եւ արդէն աշխարհի առաջնութիւնից յետոյ, Հոկտեմբերից ես ակտիւ մարզւում եմ՝ նախապատրաստուելով դրանց։

Հայաստանի մարզասէրները ձեզ արդէն ընդունում են որպէս մեր երկրի ողիմպիական յոյսի։
Ես շատ ուրախ կը լինեմ բարձր պահել Հայաստանի դրօշը բոլոր մրցումներում։ Բայց ըմբշամարտի ողիմպիական վարկանիշային մրցումները կը մեկնարկեն միայն 2015 թուականին, իսկ մինչ այդ դեռ պէտք է յաջող անցկացնել գալիք մրցաշրջանը։ Դրանից յետոյ արդէն կարելի է անմիջապէս անդրադառնալ ողիմպիական խաղերին, որտեղ ես կը ցանկանամ լաւագոյնս ներկայացնել Հայաստանը։

Ե՞րբ էք պլանաւորում ժամանել Հայաստան։
Ես Երեւան կուգամ Դեկտեմբեր 24-ին՝ շնորհակալութիւն յայտնելու Հայաստանին՝ ինձ իր դրօշի ներքոյ հանդէս գալու հնարաւորութիւն ընձեռելու համար, իմ ուրախութիւնը իմ բոլոր ընկերների եւ երկրպագուների հետ կիսելու համար։
Վստահեցնում եմ՝ ինձ համար անմոռանալի զգացողութիւն է աշխարհի չեմպիոն դառնալը Հայաստանի դրօշի ներքոյ եւ բացառիկ ուրախալի է կրել Հայաստանի 2013 տարուայ լաւագոյն մարզիկի կոչումը։