ՀՀ արտաքին գործերու նախարար Էդուարդ Նալբանդեանի ելոյթը
Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան վաթսունութերորդ նստաշրջանի
ընդհանուր քննարկման ընթացքին

Ես ցանկանում եմ միանալ նախորդ ելոյթ ունեցողներին եւ շնորհաւորել Ջոն Աշին՝ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Գլխաւոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի նախագահ ընտրուելու կապակցութեամբ, եւ շնորհակալութիւն յայտնել իր լիազօրութիւններն աւարտող նախագահ պարոն Վուկ Յերեմիչին:

Նախորդ երկու տասնամեակների ընթացքում միջազգային հանրութիւնը զգալի առաջընթաց է արձանագրուել ներկայումս իր առջեւ ծառացած առանցքային քաղաքական, սոցիալական եւ տնտեսական խնդիրներին միասնական մօտեցում մշակելու, լուծումներ գտնելու համար: Մենք պէտք է անդրադարձ կատարենք մեր յանձնառութիւններին՝ վերլուծելու համար այն դժուարութիւնները, որոնք ծագել են Հազարամեակի զարգացման նպատակներն իրականացնելիս:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր բաժինն ունի նախանշուած նպատակները ոչ լիարժէք իրականացնելու համար: Սակայն ճգնաժամը բացայայտեց որոշ գործօններ, որոնք հաշուի չէին առնուել կամ թերագնահատուել էին, բայց որոնք կարեւոր են յաջողութեան հասնելու համար: Եւս մէկ անգամ պարզ դարձաւ, որ համաշխարհային տնտեսութեան աճող փոխկախուածութեան եւ փոխկապուածութեան պայմաններում որեւիցէ պետութիւն չի կարող առանձին իրականացնել Հազարամեակի զարգացման նպատակները:

Հայաստանը մտահոգուած է Սիրիայում վատթարացող մարդասիրական իրավիճակով: Փախստականների թիւը, որը Հայաստանը շարունակում է ընդունել, արդէն գերազանցում է տասը հազարը, բայց տասնեակ հազարաւոր սիրիահայեր դեռեւս մնում են այդ երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է դարձել 1915թ.-ի Ցեղասպանութիւնից յետոյ: Իրենց սիրիացի հայրենակիցների հետ միասին նրանք դժուարագոյն պայմաններում պայքարում են գոյատեւման համար:

Մեր խորին համոզմամբ, հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանն այլընտրանք չկայ: Հակամարտութիւնների կարգաւորումը քաղաքական կամք եւ վճռականութիւն է պահանջում:

Երեք ամիս առաջ՝ Յունիսի 18-ին Էնիսկիլենում Մեծ ութնեակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսայի, նախագահները նոր յայտարարութիւն տարածեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ:

Հայաստանը ողջունեց այդ յայտարարութիւնը՝ նշելով, որ ինչպէս համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ յայտարարութիւններում ամրագրուած դրոյթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար եւ տեւական խաղաղ կարգաւորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակէտը, որ այդ դրոյթները պէտք է դիտարկուեն որպէս մէկ ամբողջութիւն, եւ դրանցից որեւիցէ մէկին միւսի նկատմամբ գերակայութիւն տալու որեւէ փորձ անհնարին կը դարձնի կարգաւորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պէտք է պատրաստել խաղաղութեան, այլ ոչ թէ՝ պատերազմի: Ցաւոք, մինչ այժմ Ատրպէյճանի ղեկավարութիւնը ուղիղ հակառակն է անում, օրեցօր աւելացնում է ռազմատենչ, հակահայկական ու ատելութիւն սերմանող հռետորաբանութիւնը՝ դրա համար օգտագործելով նոյնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնը:

Մենք լիովին համաձայն ենք ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի երեք մշտական անդամ երկրների ղեկավարների հետ, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտութիւնը եւ միայն բանակցուած կարգաւորումը կարող է յանգեցնել խաղաղութեան եւ կայունութեան: Սակայն, լայն մասշտաբներով յարձակողական զէնքի աննախադէպ կուտակումով Ատրպէյճանը լրջօրէն վտանգում է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգութիւնը՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ հանդիսանալու հանգամանքին:

Ատրպէյճանը շարունակում է խեղաթիւրել 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերը, որոնց առանցքային պահանջը ռազմական գործողութիւնների անհապաղ դադարեցումն ու երկարատեւ հրադադարի հաստատումն էր։

Ատրպէյճանը ձեւացնում է, որ միջազգային հանրութիւնը կիսում է իր մօտեցումները եւ ինքը կիսում է միջազգային հանրութեան մօտեցումները. Իրականում, Ատրպէյճանը շարունակաբար մերժում է միջազգային հանրութեան մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինկսի խումբի բոլոր առաջարկութիւնները։

Պաքուն մերժում է ոչ միայն Հիմնարար սկզբունքները, այլ նաեւ Մինսկի խումբի համանախագահների կողմից առաջարկուած վստահութեան ամրապնդման միջոցները՝ հրադադարի ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման եւ հրադադարի խախտումների հետաքննութեան մեխանիզմի ձեւաւորման վերաբերեալ:

Ատրպէյճանը ոչ միայն խոչընդոտում է վստահութեան ամրապնդման քայլերի իրականացմանը, այլ պարբերաբար սադրանքներ է կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին, որոնք յանգեցնում։

Այս տարուայ Մարտին Մարդու իրաւունքների խորհուրդը միաձայն ընդունեց «Ցեղասպանութեան կանխարգելման վերաբերեալ բանաձեւը», որը նախաձեռնուել էր Հայաստանի կողմից եւ համահեղինակուել էր աւելի քան 60 երկրների կողմից: Ցեղասպանութեան ճանաչումը, դատապարտումը եւ կանխարգելումը շարունակում են առաջնահերթութիւն հանդիսանալ Հայաստանի համար։ Մենք անհրաժեշտ քայլեր կը նախաձեռնենք՝ ուղղուած ցեղասպանութեան յանցագործութեան նոր դրսեւորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակութիւն տալով մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար պատասխանատուութեան եւ ժխտողականութեան հարցերին:

Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողութիւնների ամրապնդմանը: Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին եւ պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հաւատում ենք, որ բարեփոխումները հնարաւորութիւն են ընձեռում ընդլայնելու կազմակերպութեան դերը՝ միջազգային հանրութեան առջեւ ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար։