ՀՀ իշխանութիւնների կողմից վարած անհեռանկար քաղաքականութեան հետեւանքով երկրում ստեղծուել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակութեան զգալի հատւածի, յատկապէս՝ երիտասարդութեան արտագաղթի պատճառ է հանդիսանում:
Վերոնշեալ քաղաքականութեանն աւելացաւ իշխանութիւնների նոր որոշումը՝ կապուած ուսման վարձավճարների եւ տրանսպորտի գների բարձրացման հետ, որով է՛լ աւելի բարդացան հանրութեան խոցելի հատուածներից մէկի՝ ուսանողութեան՝ առանց այն էլ ոչ բարենպաստ պայմանները: ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնները, ելնելով երկրում տիրող անարդարութիւնից, ուսանողների իրաւունքների անտեսման մտահոգութիւնից, տրանսպորտի գնի բարձրացման արդիւնքում հանրութեան լայն զանգուածների դժգոհութիւններից, ինչպէս նաեւ այն սոցիալ-տնտեսական քաղաքականութիւնից, որը վարում են ՀՀ իշխանութիւնները, կոչ են անում Հայաստանի ողջ ուսանողութեանն ու երիտասարդութեանը՝ միահամուռ եւ համախմբուած կերպով պայքարել իր ոտնահարուած իրաւունքների համար: Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում միանալ մեր կողմից քաղաքային իշխանութիւններին՝ Երեւանի աւագանուն հասցէագրուած այն պահանջներին, որոնք Երկուշաբթի՝ Յուլիսի 22-ին, ժամը 15.00-ին, կը ներկայացւեն քաղաքապետարան: ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւններ