ԵՐԵՒԱՆ, «Հետք».¬ 9 Յունիսին՝ առաւօտեան ժամը 11:00էն մինչեւ երեկոյեան 11 Հայաստանի տարբեր համայնքներու մօտ 700 հայ բնակիչներ Ալավերդիի վրայով մեկնած են Բագրատաշէնի մաքսային անցակէտ՝ հայ-վրացական սահմանով Ռուսիա արտագաղթելու նպատակով: Զանոնք կը փոխադրէին

«Մերսետես Պենց» եւ «Ռաֆ» մակնիշի 10 փոքր եւ 11 մեծ մարդատարներ:
«Հետք»ի թղթակից Լարիսա Փարեմուզեան կրցած է զրուցել անոնց հետ եւ մանրամասնութիւններ ունենալ տեղի ունեցածին մասին։ Ան անդրադարձած է, թէ ինչպէս անգամ մը եւս զանգուածային արտագաղթ կը կատարուի Հայաստանէն։
«Դրանք մեկնում էին Մոսկուա, Դոնեցկ, Ռոստով, Կրասնոդար, Վորոնեժ, Սոչի, Սամարա, Ուֆա եւ այլ քաղաքներ: Արտագաղթողները Երեւան, Հոկտեմբերեան, Էջմիածին, Վանաձոր, Ալավերդի քաղաքների, ինչպէս նաեւ Ստեփանաւանի շրջանի գիւղական համայնքների բնակիչներ էին, նրանց մէջ կային  նաեւ Արցախում մարտնչած  ազատամարտիկներ եւ աշխատանքային 1ին խմբի հաշմանդամներ:
«Արտագաղթողներից  Բարեղամ Նիկողոսեանը մեզ ասաց, որ «Անոյշ տրանս տուր» ընկերութեանը պատկանող միայն մէկ աւտոբուսում նստած են 30 էջմիածինցի: Մեկնողները յայտնեցին, որ Հայաստանից հեռանում են նախագահական ընտրութիւնների, աշխատանք չգտնելու, ցածր աշխատավարձի, վարկերի տակ կքած լինելու, վերջին շրջանում կարկտահարուած իրենց գիւղատնտեսական տնտեսութիւններին հասցուած վնասները վերականգնելու գործում կառավարութեան անտարբերութեան եւ այլ պատճառներով:
«Շատերը վստահութիւն էին յայտնում, որ այլեւս չեն վերադառնայ Հայաստան: Նրանք համոզմունք յայտնեցին, որ Հայաստանի կառավարութիւնը ամէն ինչ անում է ճիպոտով Հայաստանի քաղաքացիներին երկրից հեռացնելու համար, ոմանք էլ այն կարծիքին էին, որ  պետական պաշտօնեաներից իւրաքանչիւրի կազինոներում մէկ օրուայ ընթացքում վատնած փողերով կարելի է լուծել Հայաստանի մէկ  գիւղի ամբողջ հիմնախնդիրներ: Մասսայական արտագաղթին ականատես Երեւան-Բագրատաշէն մայրուղուն յարող բնակավայրերի, այդ թւում նաեւ՝ Ալավերդու բնակչութեան շրջանում խուճապային տրամադրութիւններ են տիրում», գրած է  թղթակիցը։