Ապրիլի սկիզբին լոյս տեսաւ «Վէմ» հանդէսի 2013ի առաջին համարը, որի տպագրութեան ընթացքում մի շարք հիմնարար եւ ծաւալուն ուսումնասիրութիւններին տրուած առաջնութիւնը հարկադրել է խմբագրութեանը յետաձգել 2012 թ. թիւ 3-ից եւ 4-ից սկսուած որոշ յօդուածաշարերի հրապարակումը։
Հանդէսին ներկայացուած յօդուածների քանակն այնքան է մեծացել, որ առնուազն մինչեւ առաջիկայ աշուն խմբագրութիւնը չի կարող երաշխաւորել նաեւ նոր ներկայացուելիք նիւթերի տը- պագրութիւնը։
«Վէմ»-ի 2013 թ. թիւ 1-ի «Խմբագրականում» փորձ է արուել մեր հանրութեանը ներկայացնել Ղարաբաղեան շարժման արդիւնքների ու կորուստների ընդհանուր հաշուեկշիռը՝ անցած 25 տարիներին Հայաստանի ու Ատրպէյճանի տնտեսական, ժողովրդագրական ու ռազմական հնարաւորութիւնների փոփոխութեան համեմատական քննութեան միջոցով։
«Հիմնաքարեր» բաժնում տեղ գտած Սմբատ Խ. Յովհաննիսեանի հրապարակումը հայ պատմագիտութեան առաջին գիտական պատասխանն է Հայոց ցեղասպանութեան եւ հրէական Հոլոքոսթի գնահատման մէջ որոշակի աստիճանակարգում մտցնելու եւ հայ ժողովրդի ողբերգութեան հանդէպ վերապահ մօտեցումներ մշակելու ուղղութեամբ ֆրանսիական ճանաչուած պատմաբան Փիեռ Նորայի կողմից ձեռնարկուող փորձերին։
Ալեքսան Հ. Յակոբեանի արժեքաւոր ուսումնասիրութեան հրապարակման միջոցով հանդէսի «Պատմութիւն» բաժինը ընթերցողներին է ներկայացրել հայ ժողովրդի ծագման վերաբերեալ մի ուշագրաւ հայեցակարգ, որը հիմնւում է խորհրդային ականաւոր ազգագրագէտ, ակադեմիկոս Եու.Բրումլեյի տեսութեան վրայ։
Գրականագիտական բնոյթի ուսումնասիրութիւններից առանձնանում է ամերիկացի գրող Էլջին Գրոսքլոուսի «Արարատ» փիլիսոփայական վէպին նուիրուած Ալբերտ Ա. Մակարեանի ու Սվետլանա Ռ. Թումանեանի ծաւալուն եւ առանձին հետա-քրքրութիւն ներկայացնող հրապարակումը։