Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի կոչը Eurovision-ի Հայաստանի մասնակցութեան համար

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 14-18-ը Շուեդիայի Մալմեօ քաղաքում տեղի կ'ունենայ «Եւրատեսիլ-2013» երգի մրցոյթը, որին Հայաստանից մասնակցելու է «Տորիանս» խումբը:

Ուստի դիմելով ձեզ՝ խնդրում եմ համախմբուել, հետեւել կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ մրցոյթներին եւ քուէարկել մեր երգչի, ձեր Հայաստանի օգտին: Ես դիմում եմ բոլոր նրանց, ում հոգին լի է հայկականութեամբ, ով պատրաստ է իր ներդրումն ունենալու՝ Հայաստան անունը միջազգային մրցոյթում բարձր պահելու գործում: Եթէ Եւրոպայում ապրող մեր հայրենակիցները փորձեն մասնակցել մեր շարժմանը, եթէ մի փոքր ժամանակ գտնեն մեր երիտասարդ երգչին աջակցելու համար, ապա յաղթանակը անխուսափելի կը լինի:

Իւրաքանչիւր յաղթանակով պայմանաւորւում է ազգի հաւաքականութիւնը, հաւատն ու միասնականութիւնը: Վստահ եմ, որ Հայրենիքի եւ Սփիւռքի մեր հայրենակիցների տիեզերական էներգետիկան, աղօթքը փոխանցւում է մեր մասնակցին, ուժ, դրական լիցքեր հաղորդում նրան:

Ակնյայտ է, որ ձեր բարոյական կորովի, սիրոյ եւ ջերմութեան կարիքն ունի Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջեանը՝ մեր տաղանդաւոր հայորդին, ում պէտք է գոտեպնդենք, ուժ տանք, հաւատանք նրա ձիրքին ու տաղանդին, եւ յաղթանակը մերը կը լինի:

Մաղթանքս է, որ Գոռի ելոյթը յաղթական հրավառութիւն առաջացնի Հայաստանի եւ Սփիւռքի մեր հայրենակիցների սրտերում: Եւ հայի ճակատագրի համար յաղթանակների Մայիսը յաղթական լինի նաեւ «Եւրատեսիլ-2013»-ով, փայլուն նուաճում արձանագրի, որպէսզի Եւրոպայի երկնակամարում ծածանուի մեր յաղթական Եռագոյնը, եւ հայ ժողովուրդը, ինչպէս շախմատիստների յաղթանակների դէպքում, ըմբոշխնի հպարտութեան բերկրանքը:

Իսկ յաղթանակի կարող ենք հասնել ոչ միայն Գոռի կատարումով, այլեւ մեր միասնականութեամբ, մեր քուէարկութեամբ:

Ակնկալում ենք ձեր ակտիւ աջակցութիւնը:

 Յարգանքով՝

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ