Մայիսի 5-ի ընտրութիւններին Հ.Յ. Դաշնակցութիւնը  մասնակցեց՝  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահութիւն ու ապագայի յոյս ներշնչել: Մենք փորձեցինք հիմնաւորել իշխող կուսակցութեան քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտութիւնը, մայրաքաղաքի արդիւնաւէտ կառավարման ծրագիր առաջարկեցինք: Հաւատով ու անկեղծօրէն տարանք մեր քարոզարշաւը՝ ձգտելով երեւանցիներին գաղափարա-ծրագրային ընտրութիւն կատարելու հնարաւորութիւն տալ: Եղաւ՝ ինչ եղաւ: Հերթական անգամ պետութեան եւ  իշխող կուսակցութեան նոյնացումը, վարչական ռեսուրսի ¥աղբիւրի¤ անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց  գործը: Իշխանական մենաշնորհը աւելի կարծրացաւ: Նրանք այլեւս երկիրն ու Երեւանը միանձնեայ կառավարելու հնարաւորութիւն ունեն: Կը սպասենք արդիւնքներին,  թէեւ  դրանք մեզ համար կանխատեսելի են: Ցաւոք, այս անգամ էլ մեզ չհաջողուեց մեր հասարակութեան մէջ ազատ քաղաքացու, արժանապատիւօրէն ընտրութիւն կատարողի գիտակցութիւն  ձեւաւորել: Մենք շնորհակալ ենք Դաշնակցութեանը ձայն տուած երեւանցիներին: Վստահ եղէք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժէքը:   Ե՛ւ նրանց, ե՛ւ բոլոր երեւանցիներին, ե՛ւ Հայաստանի քաղաքացիներին  մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրեայ աշխատանքը յանուն մեր երկրում արմատական փոփոխութիւնների, մեր քաղաքացիների ազատութեան եւ  բարեկեցութեան:

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմին