Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիոյ պատմութեան բաժանմունքի տնօրէն փրոֆ. Աշոտ Մելքոնեան մեզ տեղեակ պահեց ականաւոր ակադեմիկոս Հրաչ Բարթիկեանի մահուան տխուր եղելութեան շուրջ: Օգոստոս 17ին իր մահկանացուն կնքեց ականաւոր պատմաբան, բիւզանդագէտ, պատմական գիտութիւններու տոքթոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչեայ Բարթիկեանը: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի ունեցաւ Օգոստոս 19ին, ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիոյ մէջ, ուր յարգանքի խօսք արտասանուեցաւ փրոֆէսէօրի փայլուն անձնաւորութեան յիշատակին:
Հրաչ Միքայէլի Բարթիկեան (1927 - 2011)
Համաշխարհային բիւզանդագիտութիւնը եւ հայագիտութիւնը մեծագոյն կորուստ կրեցին: Կեանքի 84-րդ տարում իր մահկա-նացուն կնքեց ականաւոր գիտնական, ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի, Աթէնքի ակադեմիայի եւ Հռոմի «Տիբերինա» արւեստի, գրականութեան եւ գիտութեան ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Միքայէլի Բարթիկեանը:
Հ. Բարթիկեանը ծնուել է 1927 թ. Աթէնքում, բանասէր-հրապարակախօս Միքայէլ Բարթիկեանի ընտանիքում: Նախնական կրթութիւնը ստացել է տեղի հայկական վարժարանում: 1945 թ. աւարտել է յունական գիմնազիան: 1946 թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: 1953 թ. գերազանցութեամբ աւարտել է ԵՊՀ պատմութեան ֆակուլտետը: Ուսումնառութիւնը շարունակել է ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ընթացել է Լենինգրատում ակադ. Հ. Օրբելու ղեկավարութեամբ: 1958 թ. Լենինգրատի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախօսութիւն «Պաւլիկեան շարժման պատմութեան ուսումնասիրութեան աղբիւրներ» թեմայով, որը ռուսերէնով լոյս է տեսել Երեւանում 1961 թ.: 1971 թ. պաշտպանել է դոկտորական ատենախօսութիւն «Բիւզանդական Դիգենիս Ակրիտաս էպոսը եւ նրա նշանակութիւնը հայագիտութեան համար» թեմայով:
1957 թուականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտում, 1980-2010 թթ. ղեկավարել է նոյն ինստիտուտի Միջին դարերի պատմութեան բաժինը, եղել է գլխաւոր գիտական աշխատող: Պատրաստել է բազմաթիւ գիտական կադրեր:
Շուրջ 150 գիտական յօդուածներից զատ, լոյս է ընծայել 17 գիրք: «Օտար աղբիւրները Հայաստանի եւ հայերի մասին, Բիւզանդական աղբիւրներ» մատենաշարով հրատարակել է բիւզանդական մի շարք հեղինակների աշխատութիւնների հայերէն թարգմանութիւնները՝ ուսումնասիրութեամբ ու ծանօթագրութիւններով (Պրոկոպիոս Կեսարացի, Կոնստադին Ծիրանածին, Յովհաննէս Սկիլիցես, Թէ- ոփանես Խոստովանող, Թեոփանեսի Շարունակող, Պարթենիոս Աթենացի): Գիտութիւնների ակադեմիայի «Գրական յուշարձաններ» մատենաշարով հայերէն հրատարակել է «Դիգենիս Ակրիտաս» էպոսը, Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրութեան» աշխարհաբար թարգմանութիւնը, Պրոկոպիոս Կեսարացու «Գաղտնի պատմութիւնը», «Յունական արխիվային փաստաթղթեր հայ-յունական յարաբերութիւնների մասին Առաջին Հանրապետութեան շրջանում (1918-1920)» աշխատութիւնը։
«Հայ-բիւզանդական հետազօտութիւններ» յօդուածների եռահատոր ժողովածուի համար ակադեմիկոս Հ. Բարթիկեանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: Յունա- րէնով հրատարակել է «Բիւզանդիան հայկական աղբիւրներում», «Բիւզանդիա եւ Հայաստան», «Գավրասների բիւզանդական ազնըւականական ընտանիքը» գրքերը։ Հ. Բարթիկեանն օրերս էր աւարտել Միքայէլ Ատտալիատեսի «Պատմութեան» եւ Իոաննիս Կ. Խասիոտիսի «Պատմական աւանդոյթ եւ քաղաքական իրապաշտութիւն. յունական քաղաքականութիւնը Հայկական հարցի վերաբերեալ 1876-1996 թթ.» աշխատութիւնների թարգմանութիւնները:
Ծանրակշիռ գիտական ժառանգութեան համար 1980 թ. ընտրուել է Աթէնքի ակադեմիայի, 1987 թ. Հռոմի «Տիբերինա» արուեստի, գրականութեան եւ գիտութեան ակադեմիայի, 1996 թ.՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։ Նա 1995 թուականից Հայաստանի Գրողների միութեան անդամ էր:
1981 թ. Բարթիկեանը դարձել է Յունաստանի Բիւզանդական Հետազօտութիւնների Ընկերութեան, ապա Յունական Քաղաքակրթութեան Հաստատութեան պատուաւոր անդամ, արժանացել է ՀՀ ԳԱԱ «Մեսրոպ Մաշտոց» մրցանակի, Սալոնիկի Արիստոտելեան համալսարանի Արիստոտելի անուան մետալի:
Լայն ու ընդգրկուն էր ակադ. Հ. Բարթիկեանի գիտական հետազօտութիւնների շրջանակը: Նրա վաղ շրջանի ուսումնասիրութիւնները նուիրուած են պաւլիկեան շարժմանը: Ակադեմիկոսի գիտական գործունէութեան մէջ Բագրատունեաց եւ յետբագրատունեաց դարաշըրջանների Հայաստանի ու Բիւզանդիայի բազմաբնոյթ կապերի մանրազնին քննութիւնն առանձնայատուկ տեղ է գրաւում: Հ. Բարթիկեանը շեշտակիօրէն ընդլայնեց հիմնահարցի աղբիւրագիտական հենքը՝ շրջանառութեան մեջ դնելով բիւզանդական աղբիւրների մի ամբողջ շարք:
Հ. Բարթիկեանը մեծ վաստակ ունի նաեւ վիմագիր արձանագրութիւնների ու կնիքների ուսումնասիրութեան բնագաւառում: Ի դէպ, առաջինը Հ. Բարթիկեանն է ընթերցել Գառնիի բաղնիքի յունարէն յայտնի արձանագրութիւնը: Նա Հայոց պատմութեան ակադեմիական նոր բազմահատորեակի խմբագրական խորհուրդի անդամ էր, երկրորդ հատորի պատասխանատու խմբագիրը։
Գիտնականի ուսումնասիրութիւններում առանձնայատուկ տեղ է գրաւում Կիլիկեան Հայաստանի եւ Բիւզանդիայի կապերի հետազօտումը:
Հրաչ Բարթիկեան մարդու, քաղաքացու եւ գիտնականի բարոյական բարձր նկարագրի յատկանշական կողմերից էին ուղղամտութիւնն ու սկզբունքայնութիւնը: Նրա անսահման բարութիւնն ու հոգատարութիւնը նկատելի էր իր գործունէութեան բոլոր ոլորտներում: Նա յատկապէս ուշադիր էր երիտասարդ գիտական սերնդի նկատմամբ: Հրաչ Բարթիկեանն իր երկրի իսկական քաղաքացին էր, նա ապրում եւ շնչում էր իր հայրենիքի հոգսերով, ուրախանում յաջողութիւններով: Նրա համար հայրենիքը բարձրագոյն արժէք էր, երկրին բաժին հասած դժուարութիւնները հաւասարապէս իրենն էին:
ՀՀ ԳԱԱ նախագահութիւն ՀՀ Հայագիտութեան
եւ հասարակական գիտութիւնների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտ
ԵՊՀ պատմութեան ֆակուլտետ