«ԵՐԿԻՐ».- Լիթվայի Սէյմի 9 պատգամաւորներ հռչակագիր են ընդունել (26 Փետրուար)՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին:

Այդ փաստաթղթի հռչակման հետ կապուած միջոցառմանը մասնակցելու համար, ԼՂՀ արտգործնախարար Կարէն Միրզոյեանի հետ միասին, հրաւիրուած է եղել նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Վահան Յովհաննէսեանը, ով նոյնպէս այս հռչակագրի ընդունման ուղղութեամբ ջանք ու եռանդ է թափել: Ներկայացնում ենք «Երկիր»ի թղթակից Գէորգ Աւչեանի հեռախօսազրոյցը դեռ եւս Լիթվայում գտնուող Վահան Յովհաննէսեանի հետ: 

-Խնդրում ենք պատմել, թէ ինչպէ՞ս դա յաջողուեց հռչակագրի ընդունումը եւ ի՞նչ տպաւորութիւններ ունէք:

Շատ երկարատեւ աշխատանքի հետեւանք էր այս քայլը: Ինչպէս գիտէք, մեր քաղաքական կուրսն (վարքագիծը-Խմբ.) է նաեւ եւ մենք արդէն սկսել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչմանն ուղղուած բոլոր միջոցառումները համակարգել, եւ սա կարծում եմ, մի շարք պետական, ոչ պետական, հասարակական, քաղաքական կառոյցներ համագործակցութեան շատ կարեւոր արդիւնք է: Հրաշալի է աշխատել Լիտուայում ՀՀ նորաստեղծ դեսպանութիւնը, որն ընդամէնը մէկ տարի է, ինչ հիմնադրուել է, շատ լաւ է աշխատել անցեալ տարի ստեղծուած Հայաստան-Լիտուա քաղաքացիական ֆորումը, որը հասարակական կազմակերպութիւն է՝ Լիտուայում բնակուող մի շարք հայ ակտիւիստների (գործիչներու) կողմից հիմնադրուած, եւ, ի հարկէ, մենք էլ՝ ՀՅԴն, մեր լուման ունենք: Միջոցառումն իրենից ներկայացնում էր հետեւեալը՝ մենք պլնաւորում (կը ծրագրէինք) էինք, որ 5-6 պատգամաւորներ այսօր կը հռչակեն Լիտուա-ԼՂՀ խորհրդարանական բարեկամութեան խումբ ստեղծելու մասին: Այսպիսի բարեկամութեան խմբեր բոլոր երկրներն էլ ունեն իրար մէջ, բայց ԼՂՀի պրոբլեմն այն է, որ այն դեռ եւս ամբողջութեամբ ճանաչուած չէ: Եւրամիութեան անդամ հանդիսացող երկրի պառլամենտում դա դժուար էր անել, բայց, ինչպէս տեսնում ենք, յաջողուեց: Հռչակագիրն ինքը շատ ուժեղ է եւ ասում է, որ ունենալու է ծրագրեր, միջոցառումներ եւ այլն:

 

-Որպէսզի աւելի պարզ լինի, կը պարզաբանէ՞ք, թէ ինչ կը տայ այս քայլը՝ ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղուած քայլերի համատեքստում:

Նախ՝ ճանաչուած, Եւրամիութեան անդամ երկրի խորհրդարանում ստեղծւում է բարեկամութեան խումբ՝ ԼՂՀի հետ՝ մի երկրի, որը, փաստօրէն, ճանաչուած չէ: Բայց քայլերը, որ մենք իրականացնում ենք, կը յիշէք, թէ ինչպէս ես ԼՂՀ ուղեկցեցի Ուրուգուայի պատուիրակութեանը՝ պառլամենտի նախագահի գլխաւորութեամբ, որ պաշտօնական պատուիրակութիւն էր, բայց միասին գնացինք ԼՂՀ, այնտեղ ունեցանք մի շարք հանդիպումներ, այդ թւում նաեւ ԼՂՀ պառլամենտում: Այժմ՝ այս միջոցառումը… Այսինքն՝ ԼՂՀ ճանաչումը չի կարող տեղի ունենալ յանկարծակի եւ ամենաբարձր մակարդակով: Դրա համար քրտնաջան աշխտանք է պահանջւում՝ քայլ առ քայլ: Սա այդ քայլերից մէկն է, եւ ես կարծում եմ, որ այն հնարաւորութիւն կը տայ նախ՝ Լիտուայի պատգամաւորներին հրաւիրել Արցախ: Նրանք այնտեղ իրենց աչքերով կը տեսնեն, որ ամբողջ Հարաւային Կովկասում ԼՂՀն այսօր ամենադեմոկրատական պետութիւնն է: Մեր տարածաշրջանի բոլոր երկրներն ունեն ինչ-որ թերացումներ՝ դեմոկրատիայի զարգացման մակարդակում՝ տեսնում ենք այսօր ինչ է կատարւում Վրաստանում՝ մէկ օրինակ, տեսնում ենք՝ ինչ է կատարւում Հայաստանում՝ սա մէկ այլ օրինակ, տեսնում ենք, որ Ադրբեջանն, ընդհանրապէս, միջնադարեան էմիրութիւն է դարձել՝ ժառանգական իշխանութեամբ, ուր շնչելն անգամ արգելուած է, եթէ Ալիեւների ցեղը դա թոյլ չի տուել: Եւ այս ֆոնի վրայ շատ ծանր տնտեսական, քաղաքական պայմաններում, շրջափակման մէջ գտնուող Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնն իր ժողովրդավարական չափանիշներով բաւական բարձր մակարդակ է զբաղեցնում: Եւ երրորդ հիմնական առանցքն էլ այն էր, որ եթէ մենք փորձում ենք չափել, ու չափանիշներ ստեղծել ժողովրդավարութիւնը ճանաչելու, չափելու համար, այդ չափանիշները պէտք է հաւասար լինեն բոլորի համար: Ու եթէ համեմատում ենք Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի այսօրուայ ժողովրդավարութեան, մարդկային զարգացման չափնիշները, պարզ է, որ ԼՂՀն տասը գլուխ բարձր է: