ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեան ուղերձ յղած է ժողովուրդին շնորհաւորելով Արցախեան ազգային -ազատագրական շարժման 25-ամեակը։
ԼՂՀ նախագահը նշած է թէ «25 տարի առաջ այս օրը շրջադարձային եղաւ Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար: Մենք ազգովին ոտքի ելանք միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին համահունչ խաղաղ եւ օրինական պահանջով՝ վերականգնելու պատմական արդարութիւնը, պաշտպանելու մեր ոտնահարուած արժանապատւութիւնը, իրաւունքներն ու ազատութիւնները:
1988-ի շարժման հիմքում ընկած էր մեր ժողովրդի պայքարը՝ օտար լծի, մօտ եօթ տասնամեակների ընթացքում չդադարող բռնութիւնների եւ ճնշումների դէմ: Չնայած այդ ամէնին, ազգային-ազատագրական այս պոռթկումը չէր սերմանում թշնամանք ու ազգային ատելութիւն հարեւան ժողովրդի հանդէպ: Բայց Ադրբեջանը մեր քաղաքակիրթ պահանջներին ու խաղաղ ցոյցերին պատասխանեց կոտորածներով, ջարդերով, տեղահանումներով ու հալածանքներով: Կրկին փորձ արուեց հայկական հարցը լուծել արդէն իսկ փորձարկուած մեթոտով՝ ցեղասպանութեամբ:
Սակայն այս անգամ այդ հրեշաւոր քաղաքականութիւնը դատապարտուած էր ձախողման: Համայն հայութիւնը միաւորուեց ու բռունցքուեց՝ ի պաշտպանութիւն Արցախի, հայրենի երկրի ու ժողովրդի, նրա պատուի ու յուսալի ապագայի: Հայ ազգի լաւագոյն զաւակների արեան գնով, սխրանքների եւ անձնուիրութեան շնորհիւ մենք կարողացանք ոչ միայն պաշտպանել մեր անկախութիւնն ու ազատութիւնը, այլ նաեւ արժանի հակահարուած տալ թշնամուն՝ խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելով ողջ տարածաշրջանում: Յաւե՜րժ փառք ու պատիւ հայրենիքի նուիրեալներին:
Սիրելի հայրենակիցներ,
Անդրադարձ կատարելով 25 տարուայ մեր անցած ճանապարհին՝ կարող ենք պատիւով ու հպարտութեամբ արձանագրել, որ կեանքի կոչելով 88-ի գաղափարները, հայ ժողովուրդը վերականգնել է իր պետականութիւնը, եւ այսօր Հայաստան-Արցախ-Սփիւռք կուռ եռամիասնութեան շնորհիւ ինքն է տնօրինում իր ճակատագիրը, անսասան պահում հայրենի երկրի սահմանները, շենացնում պապերի հողն ու վառ պահում հարազատ օճախի կրակը:
Մենք այսուհետ էլ ազգովի կ'անենք ամէն ինչ այսքան թանկ գնով նուաճած մեր անկախ պետականութեան շարունակական ամրապնդման համար: Դա բացառիկ արժէք է, առանց որի անհնար է պատկերացնել հայրենիքի ու ժողովրդի յարատեւումն ու զօրացումը»:
ՀՅԴ-ի Շնորհաւորական Ուղերձը
«Արցախեան պայքարի շնորհիւ ազատագրուեց մեր հայրենիքի մի հատուածը, ստեղծուեց մեր նորօրեայ անկախ պետականութիւնը: Արցախեան շարժումը հայ ժողովըրդին վերադարձրեց հպարտութիւն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու եւ յաղթելու վճռականութիւն: Յաղթանակը հնարաւոր դարձաւ հայ ժողովրդի միասնականութեան, համահայկական ներուժի մէկտեղման, անմնացորդ նուիրումի շնորհիւ:
Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախը, համայն հայութիւնը նոր մարտահըրաւէրների առջեւ են: Պարտաւոր ենք գիտակցել, որ մեր ոգու եւ համատեղ ջանքի պահպանմամբ է հնարաւոր Հայաստանի Հանրապետութեան հզօրացումը, հայութեան իղձերի իրականացումը, արցախեան ազատամարտի ձեռքբերումների իրաւական ամրագրումը:
Շնորհաւորում ենք բոլորիս արցախեան շարժման 25-րդ տարեդարձի կապակցութեամբ»: