«Օգնիր եղբօրդ» քաղաքացիական նախաձեռնութիւնը սկիզբ առաւ Սեպտեմբեր 18ին:


Նախաձեռնութեան ծիրէն ներս տարբեր բարերարներէ, անհատներէ եւ կազմակերպութիւններէ նուիրաբերուեցաւ 41.312.600 ՀՀ դրամ, 750.000 ռուսական ռուբլի եւ շուրջ 31.033.210 դրամի արժողութեամբ սննդամթերք:

«Օգնիր եղբօրդ» քաղաքացիական նախաձեռնութիւնը մեկնարկեց ս.թ. Սեպտեմբերի 18ին:  Առիթը մօտ մէկ տարի Սիրիայում շարունակուող  եղբայրասպան հակամարտութիւնն  էր, որի ողբերգական հետեւանքները բացայայտ  էին  ինչպէս  Սիրիայի ողջ ժողովրդի, այնպէս էլ   մեր հայրենակիցների համար:  Պատերազմի  աւերիչ ընթացքն անդառնալի  կորուստներ էր հասցնում եւ շարունակում է հասցնել մեր ամենակենսունակ համայնքներից մէկին՝ սիրիահայ  համայնքին:
«Անտարբեր լինելու իրաւունք չունէինք եւ չունենք: Պահն էր եւ է, երբ ողջ հայութիւնը պէտք է ցոյց տար իր միասնականութիւնը, օգնութեան ձեռք մեկնելով  ինչպէս սիրիահայ, այնպէս էլ  Սիրիայի կարիքաւոր ընտանիքներին:
«Մեր եղբայրներին պատերազմի արհաւիրքի դէմ մենակ չթողնելու կոչը լայն արձագանք գտաւ: Եւ ինչպէս ակնկալում էինք, նախաձեռնութիւնը չունեցաւ ո՛չ աշխարհագրական եւ ո՛չ էլ գաղափարախօսական սահմաններ:  Մեր տասնեակ համաքաղաքացիներ, հայրենի մտաւորականներ,  քաղաքական գործիչներ եւ  գործարարներ իրենց   նիւթական եւ բարոյական աջակցութիւնը ցուցաբերեցին «Օգնիր եղբօրդ» նախաձեռնութեանը:
«Նախաձեռնութեան շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից եւ կազմակերպութիւններից  նուիրաբերուել է  41 միլիոն 312,660 Հայաստանի դրամ, 750,000 ռուսական ռուբլի եւ շուրջ 31 միլիոն  033,210 Հայաստանի դրամի պարէնամթերք (այս է հիմնական հաշուետուութիւնը):
«Նրանց եւ մի շարք  բարերարների յատկացումներով բեռնուած «Օգնիր եղբօրդ» քաղաքացիական նախաձեռնութեան առաջին մարդասիրական  ինքնաթիռը «Զուարթնոց» միջազգային օդանաւակայանից դէպի Հալէպ ուղեւորուեց Հոկտեմբերի 15ին՝ տանելով   14 տոննա  պարէնամթերք  եւ դեղորայք: Թռիչքն իրականացրեց  «Էյր Արմէնիա» ընկերութեան AN-12 բեռնատար ինքնաթիռը՝ հայկական անձնակազմով:
«Հոկտեմբերի 22ին Սիրիական աւիաուղիների Երեւան-Հալէպ թռիչքով   Սիրիա տեղափոխուեց մօտ երկու թոն մարդասիրական օգնութիւն՝ այդ թւում առաջին անհրաժեշտութեան դեղօրայք:
«Օգնիր  եղբօրդ» նախաձեռնութան հումանիտար (մարդասիրական) օգնութեան երրորդ խմբաքանակն  ուղարկուեց  Նոյեմբերի 21ին, թռիչքը դարձեալ իրականացուեց Երեւանի Զուարթնոց  միջազգային օդանաւակայանից «Էյր Արմէնիա» ընկերութեան  բեռնատար ինքնաթիռով: Հալէպ ուղեւորուած 13 տոննա  բեռը՝ բաղկացած էր 12-15 կիլոգրամանոց   արկղերից եւ պարունակում էր  պարէնամթերք, այդ թւում՝ կաթի փոշի եւ մէկ տոննա պանիր:
«Հալէպ ուղարկուած մարդասիրական օգնութիւնը   ստանձնել են տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպութիւնն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիոյ Թեմի Ազգային առաջնորդարանը եւ  համահամայնքային «Շտապ օգնութեան» յանձնախմբի  կազմակերպմամբ  բաժանել կարիքաւոր ընտանիքների, այդ թւում՝ սիրիացիների:
«Նախաձեռնութիւնն իր օգնութեան ձեռքն է մեկնել նաեւ Հայաստանում հաստատուած սիրիահայ մեր հայրենակիցներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանում  հաստատուած 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով  «Օգնիր եղբօրդ» նախաձեռնութիւնը 5,000,000 (5 մլն) դրամի  փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին: 230 հոգու տրամադրուել է սպորտային կօշիկ եւ մարզական հագուստ: 600 ընտանիքների տրամադրուել են 15 կգ.-անոց պարէնային արկղեր եւ 600 հոգու տաք ծածկոցներ:
«Սիրիահայ մանուկների համար տարեվերջին  կը կազմակերպուեն տարեմուտի հանդէսներ եւ նրանց կը տրուեն ամանորեայ նուէրներ:
«Օգնիր եղբօրդ» քաղաքացիական նախաձեռնութիւնը  իր խորին երախտագիտութիւնն է յայտնում մեր կոչին անդրադարձած բոլոր-բոլորին եւ վստահութիւն յայտնում, որ բոլորի ճի-գերով շարունակելու ենք  համազգային համախմբման այս  նուիրական գործը»: