Շուրջ երկու տարի առաջ, Ստեփանակերտից ընդամենը մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ յայտնաբերուել է Կարկառ քաղաքը: Այն պատմութեան մէջ վաղուց յիշատակւում էր եւ դրա մասին գիտէին շատերը: Գիտէին, որ կար նման քաղաք, բայց ստոյգ վայրը բացայայտուեց ընդամէնը 2 տարի առաջ:
«Ամէն ինչ սկսուեց այս հերոս մարդուց՝ Վազգէն Աղաջանեանից, ով ցոյց տուեց ինձ այս տեղանքը, որը բաւականին հետաքրքրութիւն էր ներկայացնում», - մատնացոյց անելով դաշուշէնցի Վազգէնին, ոգեւորուած քաղաքի պեղումների մասին՝ մեզ պատմում է հնագէտ Գագիկ Սարգսեանը, ով 5 աշխատող-բանուորների հետ պեղում եւ բացայայտում է երկաթէ դարեայ քաղաքի տեսքն ու պատմութիւնը:
Մեր այցելութեան պահին արդէն շրջակայքի երրորդ տեղանք էին բացել եւ պեղումներ էին կատարում: Հէնց մեր ներկայութեամբ հնագէտը ԼՂՀ ԿԱ Զբօսաշրջութեան եւ պատմական միջավայրի պահպանութեան վարչութեան պետ Սերգէյ Շահվերդեանին էր ներկայացնում օրուայ բացայայտումը՝ յայտնաբերուել է Արցախի տարածքում առաջին կրակարանը:
Հնագէտ Գագիկ Սարգսեանը հաւաստիացնում է, որ քաղաքը պատկանել է երկաթէ դարի ժամանակահատուածին, սակայն պեղումները ցոյց են տալիս, որ այն գոյութիւն է ունեցել նաեւ անտիկ ժամանակաշրջանում, ինչը վկայում են պեղումների ընթացքում յայտաբերուած անտիկ եւ հեթանոսական ժամանակաշրջանի նիւթերը:
Պեղումները կատարւում են ԼՂՀ ԿԱ Զբօսաշրջութեան եւ պատմական միջավայրի պահպանութեան վարչութեան հովանաւորութեամբ, սակայն, ինչպէս հնագէտն է նշում, աւելի մեծ մասշտաբով պեղումների իրականացման համար լուրջ ռեսուրսներ են պէտք:
«Մենք պեղել ենք քաղաքի չնչին մասը միայն, ահռելի աշխատանք կայ դեռ կատարելու, -ասում է հնագէտ Գ. Սարգսեանը:
Հնագէտն իրեն այնպէս էր պահում, ոնց որ «կենդանի» քաղաքում լինէր, անընդհատ կրկնում էր՝ «մենք այժմ քաղաքում ենք…, հիմա քաղաքի կեդրոնական մասում ենք…, իսկ հիմա քաղաքի հարաւային մասում…»:
Պեղումներ արդիւնքում բացուել էին կլոր նեղ մուտքով սրահ, սենեակներ, կրակարան, պարիսպը:
Քաղաքն ունէր երկու՝ արեւելեան եւ արեւմտեան կողմերից բնական սահման եւ պաշտպանուած էր, միւս երկու կողմերից պարսպապատ էր:
Քաղաքն ունեցել է միջնաբերդ, որը պարսպապատ էր, ընդհանուր քաղաքն ապահովուած էր հզօր պաշտպանական համակարգով:
Հնագէտը նշում է, բացի բնական աղէտներից, քաղաքն աւերուել է Շուշին եւ հարեւան գիւղերը կառուցելու ժամանակ: Նոր բնակավայրեր կառուցելու նպատակով քանդել եւ տեղափոխել էին հին քաղաքի քարերը , ինչի պատճառով պահպանուել է միայն այն, ինչ հողի տակ էր մնացել:
Պեղումների ժամանակ յայտնաբերուած որոշ բացառիկ նիւթեր, զարդեր, ոսկորներ, խեցիներ, մեծ կարաս,իսկ կրակարանից գտնուած մոխիրն ու փայտածուխը պէտք է ենթարկուեն լուրջ ուսումնասիրութեան:
Յայտնաբերուել են նաեւ նիւթեր, որոնք կարելի է համեմատել Տիգրանակերտում պեղուած նիւթերի հետ: Սակայն, ինչպէս հնագէտն է ասում՝ մինչ Տիգրանակերտի կառուցումը Կարկառն արդէն հզօր քաղաք էր, աւելի քան 500 տարի շուտ է կառուցուել այն:
«Քաղաքի նիւթական մշակոյթը հայկական է,— վստահ նշում է հնագէտը եւ աւելացնում,- Կարկառ քաղաքի պեղումը առաջին նիւթն է երկաթէ դարից, որը պեղուել է Արցախում»:
Կարկառ քաղաքի պեղումների աշխատանքային վայրում լրագրողների հարցերին պատասխանել է Զբօսաշրջութեան եւ պատմական միջավայրի պահպանութեան վարչութեան պետ Սերգէյ Շահվերդեանը:
«Արդէն երկու տարի է , ինչ սկսուել են պեղումներն այս հատուածում: Այն կարող է դառնալ բաւականին յաջողուած զբօսաշրջավայր: Ափսոս, այս տարածքը ժամանակին աղաւաղել են ատրպէյճանցիները: Ուղակի տրակ- տորներ են մտցրել ու քանդել: Ինչպէս հայկական շատ ու շատ յուշարձաններ, բնակավայրեր են աւերել ատրպէյճանցիները, չի բացառւում, որ այս տարածքի եւ նրա նշանակութեան մասին իմանալով, դիտաւորեալ աւերել ու ոչնչացրել են նաեւ այս տարածքը»:
Պատասխանելով մեր հարցին՝ պարոն Շահվերդեանը նկատեց, որ այս եւ միւս հնավայրերը, այն պեղումներ, ուսումնասիրութիւններ, որոնք կատար- ւում են ԼՂՀ-ում, ունեն նաեւ քաղաքական լուրջ նշանակութիւն՝ խօսքի տեղ ցցուն փաստերով հիմնաւորելով բոլոր ժամանակներում Արցախի տարածքի հայկականութիւնը:
Կարկառ քաղաքում պեղումներ դեռ շատ պիտի արուեն, բացայայտելու դեռ շատ նիւթ կայ, բայց ինչպէս հնագէտն է բնորոշում՝ «այս քաղաքն աւելի մեծ է, քան Արցախի հնարաւորութիւնները ¥ֆինանսական¤»:
ՍԵՒԱԿ ԽԱՉԱՏՐԵԱՆ
«Ապառաժ»