Ազգի մշակութաբանական, դաւանաբանական տիպին բնորոշ քաղաքակրթական զարգացումները՝ խօսում են վերջինիս ինքնութեան, նրա ազգային դիմագծի, ներքին արժեհամակարգի ու ժառանգականութեան մէջ տեղի ունեցող կատարելագործումների,  զարգացումների, պատմութեան եւ իրականութեան մասին:

Եթէ ազգի քաղաքակրթութեան աստիճանն ու զարգացման, կատարելագործման էտապներն նրա սկզբնաւո- րումից ու ծննդից սկսեալ  համարենք իբրեւ տուեալ  ազգաբանական սուբյեկտի հոգեկերտուածքային զարգացումն ապահովող ատրիբուտ, ուրեմն  այդ ատրիբուտալ կարեւորագոյն մասն են անշուշտ ազգի մշակութաբանական, դաւանաբանական տիպին բնորոշ քաղաքակրթական զարգացումները՝ արտայայտուած տուեալ ազգի, ժողովրդի ստեղծած  արժէքներով, որոնք խօսում են վերջինիս ինքնութեան, նրա ազգային դիմագծի, ներքին արժեհամակարգի ու ժառանգականութեան մէջ տեղի ունեցող կատարելագործումների, զարգացումների  պատմութեան եւ իրականութեան մասին:
Ազգի ընդհանուր զարգացման հիմնական բաղադրիչը անշուշտ նրա ստեղծագործ միտքն է: Իսկ  նա՝ ով կարողանում է ստեղծել ունակ չէ աւերումի, ոչնչացումի, բնաջնջումի… Այս հոգեկերտուածքային ստերիոտիպին են պատկանում Մեծ եւ Փոքր Հայքի բնիկները՝ հայերը, որոնք իրենց արմատական հետքն ու կնիքն են թողել երկրամասի ողջ տարածքով մէկ՝ յանձինս իրենց պատմական յուշարձանների, որոնց թուագրումը՝ թերեւս կարելի է սկսել քարէ դարեան ժայռապատկերներից…
Քաղաքակրթական ինքնատիպ զարգացման է- տապային ընթացքը հայ ազգի բազմադարեայ պատմութեան մէջ հասել է հոգեւոր բիւրեղացման մի աստիճանի՝ քրիստոնէութեան հաստատումից յետոյ, որն արտայայտուել է նրա մշակոյթի, գրականութեան,  ճարտարապետութեան մէջ, թափանցելով նաեւ ազգի բարոյակենցաղային փոխ յարաբերութիւններ, ուսմունքային կանոնադրոյթներից անցնելով քրիստոնէացուած մարդկային փոխ յարաբերութիւնների, ուր մարդասիրութեան գերագոյն աստիճանի ձգտումը թելադրում է մարդկային ցանկացած փոխ յարաբերութեան մէջ հանդուրժողականութեան համապատասխան սկզբունքներ…
Իր ստեղծագործ մտքի մանանան հայը սփռեց իր պատմական հայրենիքի ողջ տարածքով մէկ, որի 14 % - միայն մնաց իբրեւ ներկայիս Հայաստանի Հանրապետութեան տարածք՝ ներառեալ Լեռնային Արցախի հանրապետութիւնը: Երբեմնի Հայքի մասնատուած բեկորները հարեւան պետութիւնների տարածքային մասեր դառնալով իրենց հետ միասին օտար տիրապետութեան տակ գտնուող հայկական պատմական յուշարձանների հսկայական մաս արձանագրեցին, որոնց ճակատագիրն աւաղ տնօրինւում էր եւ է ըստ այդ պետութիւնների վարած քաղաքականութեան ու տուեալ ազգի հոգեկերտուածքային առանձնայատկութիւնների տարատեսակ դրսեւորումների, որոնցից վերջինն ու առաւել ցայտունը հարեւան Ատրպէյճանի ու Թուրքիայի տարածքում հայկական յուշարձանների հանդէպ կիրառուող վայ քաղաքականութիւնն է, բնաջնջումից ընդհուպ մին- չեւ կեղծարարութիւն եւ մահմետականացում…
Շովինիստական ագրեսիայի հասնող դրսեւորումների վառ վկայութիւնն էր 1998 թուականից սկիզբ առած Ջուղայի խաչքարերի բնաջընջումը… Քանդող տեխնիկայով՝ բուլդոզերներով, քլունկներով զինուած ազերիների կողմից պատմական յուշարձանադաշտի՝ Ջուղայի յայտնի գերեզմանոցի հայկական խաչքարերի բնաջնջումը ի տես աշխարհի էր, ինչը խօսում է ատրպէյճանական քաղաքակրթութեան ազգային հոգեկերտուածքի մէջ առկայ եւս մի վտանգաւոր սինդրոմի մասին, որը տասնամեակներ շարունակ (կատարելագործւում) է իր տեսակի մէջ, ազգատեացութեան նոր դրսեւորումներով…
Փոխարէնը՝ ազատագրուած Արցախի տարածքում, յատկապէս Աղդամի շրջանում՝ դէպի Տիգրանակերտ տանող ճանապարհին գտնուող մահմետական գերեզմանոցների պահպանութիւնը ԼՂ հանրապետութեան կողմից քաղաքակրթական համարժէք երկխօսութեան հերթական (նոնսենսն) են արձանագրում՝ տիրող իրականութեան այս համայնապատկերի վրայ…


…ԵՐԲ ԱԶԳԵՐԻ ՄԷՋ ԽՕՍՈՒՄ Է ԿՐՕՆԱԿԱՆ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆԸ

ԼՂՀ-ի քաղաքական եւ հոգեւոր իշխանութիւնների կողմից յատուկ պահպանութեան եւ վերահսկողութեան են ենթակայ պատմական նշանակութեան յուշարձաններն ու կառոյցները, անկախ կրօնական   պատկանելութիւնից: Ասուածի վառ ապացոյցն են Շուշիի 18- րդ դարավերջի 19- րդ դարասկզբին  կառուցուած եւ 1849 թուականի դրութեամբ թիւով 9  պարսկական մզկիթները:
Մահմետական հաւատի այս կառոյցներն, որոնք պատկանում են շիա եւ սուննի կրօնական հոսանքներին հետեւորդ մահմետականներին՝ կառուցուել են հիմանականում 18-ից 20-րդ դարերի ընթացքում, իրենց ներկայութեամբ հաստատելով տարածաշրջանում ապրած մահմետական կենուորների մասին, նրանց այստեղ հաստատուելու ժամանակաշրջանների յստակ վկայութիւնը դառնալով, իրենց պատերին արւած հիմնականում կրօնական (Ղորանից) վերցուած ելնդագիր արձանագրութիւններով եւ թրքերէն ու ա-րաբերէն կցկտուր վկայութիւններով՝ նրանց ստեղծման տարեթիւի ու կառուցողի մասին: Այդ կառոյցներից յայտնի է Իպրահիմ խանի դուստր Գոհար խանումի մզկիթը (յայտնի է, որպէս (Գոհար աղայի  մզկիթ) անուանումով. հարուստ եւ աւելի բարձր դիրք ունե-ցող մահմետական կանանց ինչպէս տղամարդկանց աղա են անուանուել, նշելով նրանց սոցիալական բարձր դիրքը…): Ըստ հաւաքագրուած տուեալների վրայ ՀՀ պատմութեան ինստիտուտի կողմից արուած ուսումնասիրութեան՝ կարող ենք ընդհանրական նկարագիր տալ պատմական Շուշիի ներկայումս եւս գոյութիւն ունեցող մահմետական կառոյցների մասին:
Շուշիի ամենահին մզկիթը հիմնուել է 1752թ. (հիջրայի 1167թ.):
Համեմատաբար աւելի վաղ կառուցուած մզկիթների  մուտքից վերեւ աջ կողմում ագուցուած սա-լիկին արաբերէն ելնդագիր եռատող արձանագրուած է (Կարաբաղ): Գործը ճարտարապետ Քարաբալա Սաֆա Խանին: 1291 (1874- 1875):
Շուշի քաղաքի ազատագրումից յետոյ (Շէն) միութեան ջանքերով վերականգնուած մզկիթներից մէկը քաղաքի երկրորդ մզկիթն է, որի թուագրումը  պատկանում է 1883/ 1884 թթ: 4 սիւների վրայ կանգնած ընդարձակ դահլիճ ունեցող այս մզկիթի հարաւ արեւմտեան անկիւնում վեր է ձգւում աղիւսաշէն մինարէն: Այս մզկիթի վրայ նոյնպէս, մուտքից վեր գտնուող ճակատային մասում պահպանուած արձա-նագրութիւնը արաբերէն ելնդագիր եռատող է, որտեղ գրուած է. (Կարաբաղ: Գործը ճարտարապետ Քարաբալա Սաֆա Խանին: 1301(1883- 1884): Այս մզկիթի վրայ պահպանուած արձանագրութիւններից է նաեւ արաբերէն 7 տողից կազմուծ ելնդագիրը, որում ասւում է. (Ամենակարող Աստծոյ անունով: Ով որ հաւատում է Աստծոյ մզկիթները: Աստուած, Մուհամմեդ, Ալի, Ֆաթմա, Հասան եւ Հոսէին: Կիսամաղինլու մզկիթ, թիւին 1312 (1894- 1895)):  Շուշիի ակնառու մզկիթների թիւին է պատկանում 1800 - ականների վերջերին կառուցուած զոյգ մինարեներով մզկիթը, որն ունի 4 սիւների վրայ կանգնած ընդարձակ դահլիճ եւ ներքին բակով մզկիթակից շինութիւններ՝  հիւսիսային կողմից: Նրա ակատային մասում պահպանուած ելնդագիրը վկայում է. (Կարաբաղ: Գործը ճարտարապետ Քարաբալա Սաֆա Խանին: 1301/ 1883- 1884/): Այս մզկիթի շրջակայքում գտնուող գերեզմանոցու պահպանուած մի քանի արձանագիր գերեզմանաքարեր կան, որոնք թուագրւում են 20 - րդ դարի սկզբներին: Տապանաքարերի վրայ կան արձանագրեր, որոնք ունեն կրոնափիլիսոփայական ուշագրաւ բովանդակութիւններ: Օրինակ վեցատող կրող ուղղահայաց կանգնած գերեզմանաքարի դիմային երեսին արաբերէն ելնդագրով կարդում ենք.(Ամէն ոք համտեսելու է մահը: Հանգիստ հանգուցեալ հաջի Մուհամմեդի որդի հանգուցեալ Կոջայի… 1323 (1905- 1906): Նմանատիպ, մէկ  այլ գերեզմանաքարի արեւելահայաց դիմային երեսին արաբերէն ելնդագիրը 7 տող է պարունակում, որտեղ ասւում է՝.(Ամէն ոք համտեսելու է մահը: Հանգիստ հանգուցեալ Քարաբալա Հոսէին Ալի Զադայի որդի ներուած հանգուցեալ Քարաբալա Նուրայի: Մահացել է 29 ջումադա ալախեր 1323 (Օգոստոս 1905 թվ): Եւս մէկը, որի արեւելահայաց դիմային երեսին կարդում ենք հերթական արաբերէն ելնդագիրը.(Աստուած է մնում: Հանգիստ հաջի Իսքենդերի որդի տանջուած նահատակ հանգուցեալ Ալիի: 27 ջումադա ասլանի 1323 (29 Օգոստոս 1905): Այս մզկիթակից գերեզմնոցի շիրմաքարերի արձանագրութիւնները հիմնականում հանգուցեալների մասին վկայագրեր են:
20-րդ դարի առաջին երկու տասնամեակների ընթացքում կառուցուած Շուշիի միւս մզկիթները իրենց գեղեցկութեամբ ու գեղարուեստական յարդարանքով զիջում են վերը թուարկուածների, զուրկ են կառոյցների շինարարական ընթացքի լուսաբանմանը վերա-բերուող որեւէ գրաւոր վկայութիւնից:
Այս եւ առաւել ակնառու մզկիթների համար ընդհանուր են թերեւս (Ղուրանից) վերցուած առանձին հատուածների արձանագրութիւնները:
Արցախի պարսկական մզկիթներն վերանորոգւում են հայ անհատ բարերարների, պետութեան, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդի աջակցութեան շնորհիւ, հաւատարիմ մնալով ազգային մեր ստեղծագործ էութեանն ու յանդուրժողականութեան համամարդկային սկզբունքներին…
Եւ հայոց հողի վրայ, մեր դարաւոր եկեղեցիների հարեւանութեամբ այսօր էլ շարունակում են կանգուն մնալ իրենց թուագրումով համեմատաբար շատ երիտասարդ մահմետական կրօնա-կան կառոյցները, որոնք մեր պատմութեանը որդեգրուած անցեալի վկայութիւններ են: Նրանք  ժամանակակից պատմութեան մէջ կրօնական հանդուրժողականութեան, ազգային յարաբերակցութեան համարժէք հարթակներ պահանջող իրողութիւններ են: Իսկ օրինակելի քայլը՝ Իրանի տարածքում գտնուող հայոց եկեղեցիների վերանորոգման ու պահպանման, պետական պահպանութեան փաստն է, որը դեռ նոր խոստումնալից քայլեր է ի ցոյց դնելու մեր միւս, յարակից հարեւան պետութիւններին. օրինակ՝ Իրանի սահմանին գտնուող Հովուի եկեղեցու վերականգնման իր հերթական ծրագրով…
Ահաւասիկ, ազգային, կրօնական  երկխօսութիւն, որ պայմանաւորուած չէ ո՛չ պետութեան ունեցած նաֆթային պաշարներով եւ ոչ էլ աշխարհագրական տարածքի մեծութեամբ, այլեւ՝ տուեալ ազգի քաղաքակրթութեամբ, որը նաեւ հոգեկերտուածք է…

Արմինէ Մելիք - Իսրայէլեան
Յատուկ «Ազատ Օր»ին համար

Արմինէ Մելիք - Իսրայէլեան