ՀՀ սփիւռքի նախարարութեան «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի ծիրէն ներս տեղի ունեցաւ արժանթինահայ յօրինող, «Արաքս» երգչախումբի հիմնադիր, խմբավար Ժան Ալմուխեանի 80-ամեակին եւ 55-ամեայ երաժշտական գործունէութեան մեծարման նուիրուած երեկոն:


Ժան Ալմուխեանը ծնած է 1932թ. Յունաստանի մէջ, 1947-էն ընտանիքով հաստատուած է Արժանթին: Ուսանած է Արժանթինի ականաւոր վարպետներու  մօտ:
1957-ին խումբ մը արուեստասէր ընկերներու հետ հիմնած են «Հայ երաժըշտութեան բարեկամներ» ընկերակցութիւնը եւ «Արաքս» երգչախումբը, որու գեղարուեստական ղեկավարն է մինչեւ օրս:
Արամ Խաչատրեան համերգասըրահին մէջ կայացած համերգի ժամանակ Ժան Ալմուխեանի ստեղծագործութիւնները կատարեցին մենակատարներ Սոֆիա Բաղդասարեանը, Սարգիս Աղամալեանը, դաշնակահարներ Արամ Թուրաբեանը եւ Սեդրակ Երկանեանը:  Շարք մը ստեղծագործութիւններ կատարեց Հայաստանի պետական ակադեմական երգչախումբը՝ Յովհաննէս Չեքիճեանի ղեկավարութեամբ:
Համերգի աւարտին Ժան Ալմուխեանի վաստակը գնահատեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը. «Ջերմօրէն շնորհաւորում եմ ձեր յոբելեանը՝ 60 գումարած 20 տարին: Դուք 60 տարի ստեղծագործել էք, հաստատուել Արժանթինայում, բայց վերջին 20 տարին նոր որակ է հաղորդել ձեր ստեղծագործութեանը՝ դրանք հայրենիքի ու մայրենիի մասին են: Ձեր հոգին լցուած է ազատ ու անկախ հայրենիքի կանչով: Դուք կարողացաք պահել հայկական երգչախումբ, որը մի փոքրիկ հայկական կղզի է հեռաւոր Արժանթինայում: Շնորհակալութիւն ենք յայտնում, որ հայապահպանութեան հարցում կարողանում էք այդքան մեծ աւանդ ունենալ»:
Հրանուշ Յակոբեանը ՀՀ սփիւռքի նախարարութեան ոսկէ մետալով պարգեւատրեց Ժան Ալմուխեանին:
«Ես շատ եմ եղել Հայաստանում, ունեցել մենահամերգ, արժանացել ջերմ ընդունելութեան: Սակայն այսօրուայ հանդիսութիւնը եւ այս բարձր շքանշանը պիտի կրեմ մեծ պատուով եւ ոգեւորութեամբ: Սա մեծ խորհուրդ ունի ինձ համար. 55 տարի առաջ  մենք հիմնեցինք  «Արաքս» երգչախումբը, որը նախ բանակ է, ապա նոր գեղարուեստական խումբ»,- նշեց Ժան Ալմուխեանը: