2012 թ. Հոկտեմբերի 1-14 Շուշիում մեկնարկելու է ժամանակակից արուեստի անդրանիկ նախագիծը, որին մասնակցելու են շուրջ 20 ժամանակակից արուեստագէտներ՝ Հայաստանից եւ սփիւռքից, ինչպէս նաեւ կազմակերպուելու է տեղի արուեստագէտների ստեղծագործութիւնների ցուցադրութիւն:
Իր տեսակի մէջ սա արցախեան հողում իրականացուող աննախադէպ միջոցառում է: Ծրագրի մէջ ներառուելու են ժամանակակից արուեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանկարչութիւնը, բացօթեայ պերֆորմանսները (ներկայացումները), վիտէօ-արթ, լենտ-արթ արուեստի դրսեւորումներ եւ այլն: Ծրագրի շրջանակներում անուանի բեմադրիչ Սիւզան Խարտալեանը workshop (աշխատանքային խմբակներով) կ՛անցկացնի տեղի ուսանողների հետ, լուսանկարիչ Գերման Աւագեանը զոհուած ազատամարտիկների ընտանիքներին իր աշխատանքը կ՛իրականացնի, արուեստագէտները կ՛աշխատեն Շուշիի նշանաւոր պատմամշակութային շէնքերի տարածքներում եւ անմիջապէս հողի վրայ, տեղի են ունենալու կլոր-սեղան-հանդիպումներ լրագրողների, տեղի եւ հրաւիրեալ արուեստագէտների միջեւ, համերգով է հանդէս գալու «Նարեկացի» արուեստի միութեան երգչախումբը: Փառատօնն ամբողջութեամբ նկարահանուելու է: Նախագծի աւարտից յետոյ այն ներկայացուելու է Երեւանում՝ ԹՈՒՄՕ ստեղծարար արհեստագիտութեանց կենտրոնում: Շուշիում ստեղծուած գործերի մի մասը կը նուիրաբերուեն քաղաքին:
Շուշի Արթ Փրոճեքթը (ՇԱՓ) անկախ արուեստագէտներ նախաձեռնութիւն է՝ ԼՂՀ Շուշի քաղաքում հիմնելու եւ պարբերաբար կազմակերպելու ժամանակակից արուեստի նախագիծ-փառատօն: Նախագծի կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու է համանուն հասարակական կազմակերպութիւնը:
Յենուած լինելով հայ արուեստագէտների ներուժի վրայ (Հայաստան եւ սփիւռք)՝ ՇԱՓ-ը միտում ունի ձեռք բերել միջազգային կարգավիճակ՝ ընդգրկելով եւ Շուշի հրաւիրելով նաեւ օտարերկրեայ արուեստագէտների եւ կազմակերպութիւնների, կապեր եւ համագործակցութիւն հաստատել տեղի եւ Հայաստանի մարզերի արուեստագէտների, մշակութային կազմակերպութիւնների միջեւ:
ՇԱՓ-ի նպատակներից են ժամանակակից արուեստի միջոցով Շուշիում տարաբնոյթ ներդրումներ կատարելը, բացառիկ պատմամշակութային ռազմավարական նշանակութիւն ունեցող այս քաղաքի արժեւորումը, միջազգային հանրութեան, զբօսաշրջիկների, արուեստագէտների եւ մշակութային հաստատութիւնների ուշադրութիւնն այստեղ հրաւիրելը: Նախագծի գլխաւոր ուղենիշն է՝ արծարծելով հանդերձ տեղային խնդիրներ (ինքնութեան, ընկերային-քաղաքական, տնտեսական, պատմամշակութային եւ այլ) հաղորդակից լինել համաշխարհային գործընթացներին, ձգտել երկխօսութեան թէ՛ ներհայկական (Հայաստան-ԼՂՀ-սփիւռք)է եւ թէ՛ միջազգային շրջանակներում:
Մեկնարկային ՇԱՓ-ի հայեցակարգն է «Հող եւ տեխնոլոգիա»:
http://www.facebook.com/pages/Shushi-ART-Project/270082763059003
www.shushiartproject.org - This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Ծրագրի ղեկավար՝ Հերրի Որբերեան, համադրող՝ Լիլիթ Սարգսեան (hեռ.‘ 093 28 22 05)